«Ճշմարտություններ» SUT.am-ից եւ Դանիել Իոանիսյանից

«Ճշմարտություններ» SUT.am-ից եւ Դանիել Իոանիսյանից
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սկսել է զբաղվել քաղաքացիներին բթացնելու գործով: Իսկապես զարմանալի է, որ «Իրազեկող» ՀԿ-ն, փոխանակ օգտվելու մամուլի հրապարակումներից, փոխանակ գնահատելու լրագրողների ջանքերը` համակողմանի լուսաբանելու մեր իրականությունը, իշխանության հետ «սերտ» համագործակցող ՀԿ-ներին բնորոշ մեթոդով քննադատում է` ինչո՞ւ եք այսպիսի բան գրել: Խոսքը վերաբերում է «Հրապարակի» աշխատակից Արևիկ Հակոբյանի «Մենք ազերի չենք, որի համար Հեյդար Ալիևի ծնունդը տոն է համարվում. Փաշինյանի ծնունդը հրապարակում տոնելու մասին» հրապարակմանը, որը ուսուցողական լինելուց զատ, պարզապես հետաքրքիր նյութ է, գոնե այն առումով, որ անդրադարձ կա երկու, կարելի է ասել, հակադիր կարծիքներին: SUT.am-ին (այդպես է կոչվում ՀԿ-ի կայքը) դուր չի եկել մեր նյութի վերնագիրը:



Անհանգստացել են, որ ընթերցողը կարող է կարծել, թե վերնագրում մեջբերված խոսքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, մանավանդ, որ նյութն էլ Փաշինյանի նկարով է: Կարող ենք հանգստացնել SUT-ի մեր գործընկերներին, ասելով, որ միջակետից հետո նշվածն արդեն իսկ հայ ընթերցողին հուշում է, որ դա Նիկոլի խոսքը չէ: Եվ հետո` Նիկոլը ինչո՞ւ պետք է իր մասին երրորդ դեմքով խոսեր: Ամենասպանիչն այն է, որ SUT-ը «Հրապարակին» մեղադրել է «արտառոց վերնագրով» Click ապահովելու և ընթերցողին նյութը մատուցելու մեջ: Ի՞նչ ասեմ: «Հրապարակին» հաջողվել է հետաքրքրություն առաջացնող վերնագրով ընթերցող գրավել, իսկ ի՞նչ է հաջողվել «SUT.am» խոսուն գլխագրով կայքին, որն իր արձագանքը վերնագրել է «Hraparak.am-ը մանիպուլացնում» է:



Քաղաքացիների իրազեկմամբ զբաղվող ՀԿ-ին, թերևս, պակասում է ոչ միայն կոռեկտությունը, այլև իր կոչումն ու առաքելությունը ճիշտ ընկալելու կարողությունը: Տպավորիչ է նաև նշված ՀԿ-ի կարճ հիշողությունը և այսօր արդեն հարկ է հիշեցնել հեղափոխության արդյունքում էլ ավելի «առաջ քաշված» և ինչ-ինչ պրոցեսներում ներգրավված կազմակերպությանը, որ իր «առաջխաղացման» եւ առհասարակ՝ երկրում տեղի ունեցող փոփոխությունների համար պարտական է նախևառաջ մամուլին և մասնավորապես՝ «Հրապարակին», որը հարթակ է եղել նրա առաջին չորեքթաթի համար: Ինչևէ:



Գանք SUT.am-ի մեկ այլ մտահոգության, ըստ որի` մեր վերնագիրն, իբր, «ատելություն է պարունակում», այն էլ 18+-ի կարգի: Մենք այդպես չենք մտածում, հարգելի sut.am-ականներ: Ի՞նչ ատելության մասին է խոսքը, երբ պարզ համեմատություն է բերվածը, այո, մենք ազերի չենք, որ առաջնորդի ծննդյան օրը տոնի վերածենք: Դա նորությո՞ւն է ձեզ համար, թե՞ մենք արդեն իրավունք չունենք ասելու, որ ազերի չենք: Այնպես որ, ձեր քարոզները պահեք Ադրբեջանում գործող ձեր քույր կազմակերպության կամ բաժանմունքի համար, որի անդամները միայն ծափահարում են Ալիևի հակահայկական հայտարարություններին:



Մենք ուրախ ենք, որ Facebook-ն արդեն սկսել է ֆիլտրել և արգելափակել Clickbait վերնագրերով նյութերը և, որ միայն այս տարի սոցցանցում աշխատանքի է անցել մոտ 3000 փորձագետ, որոնք հետևելու են կեղծ լրատվության տարածմանը։ Բացի այդ, գիտենք նաև, որ Facebook-ում գործում է անկախ Stopclickbait նախագիծը, որտեղ գեներացվում են Clickbait-ի ամենավառ օրինակները։ Ճիշտ է, այն առայժմ գործում է միայն անգլալեզու հարթակում, բայց հույս կա, որ կսկսի գործել նաև մեր ֆեյսբուքյան տիրույթում և SUT.am-ն ստիպված կլինի մամուլում հրապարակված նյութին արձագանքելիս ստորագրություն դնել, ինչպես անում է թերթը, տվյալ դեպքում` Hraparak.am-ը:



Ստորագրություն չունեցող քննադատական նյութը արդեն իսկ մեծագույն «ձեռնածություն» է՝ մանիպուլյացիա, ինչը, վստահաբար, խրախուսելի չէ: Այո, ի վերջո այսօրվա քաղաքացին գերզբաղված է և տեղեկություն է ստանում միայն լրահոսի վերնագրերը կարդալով: Եվ պատկերացրեք, թե նա ինչ հուսախաբություն է ապրելու, երբ «մանիպուլյատիվ» վերագրից խաբված մի երկարաշունչ հոդված կարդա՝ վերջում չտեսնելով ոչ հեղինակի անունը, ոչ էլ ըմբռնելով, թե որն է «Հրապարակի» «սուտը»:



**Հ.Գ.** Մեզ ակամա հետաքրքրեց նաև, թե տվյալ դեպքում ում շահերն է պաշտպանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն` հասարակությա՞ն, քաղաքացիների՞, մամուլի՞, ազատ խոսքի՞, թե՞ նորաթուխ իշխանությունների, որոնք այսպես «պռախոդ» են տվել նրա ղեկավար Դանիել Իոանիսյանին, որը սկսում է ազատ խոսքի թշնամու դիրքերից խոսել՝ չարաշահելով նորերի հետ իր կապերը եւ ընդհուպ անցել է մամուլին դասեր տալու անշնորհակալ գործին:



**Էդիկ Անդրեասյան**