Ի՞նչ է տալիս Փաշինյանի վեպն ընթերցողին

Ի՞նչ է տալիս Փաշինյանի վեպն ընթերցողին
Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս 2008 թվականին գրված եւ միայն վերջերս առանձին գրքով հրատարակված «Երկրի հակառակ կողմը» վեպը սպառնում է բեսթսելլեր դառնալ։ «Անտարես» հրատարակչության կողմից գիրքը տպագրվել է 3 հազար օրինակով, ունեն 5 հազար տպաքանակի պատվեր, մյուս 2 հազար օրինակը նախատեսվում է տպագրել մոտ ապագայում։ «Բուկինիստ» եւ «Հայ գիրք» գրախանութներից մեզ տեղեկացրին, որ գիրքը, չնայած որ վաճառքի է հանվել հունիսի 2-ից, այնուամենայնիվ, ամենաշատ վաճառվող գրքերից է։ 2 տարբերակով է այն լույս տեսել՝ կոշտ եւ փափուկ կազմերով՝ համապատասխանաբար 4 հազար 990 եւ 5 հազար 990 դրամ արժողությամբ։ Գրքի խմբագիրը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է։ Նրա խոսքով՝ վեպը պետք չէ գրականագիտության տեսանկյունից քննել, քանի որ գրողի գիրք չէ, սակայն գլուխներ կան, որոնք նույնիսկ կարող են որոշ գրողների նախանձը շարժել․



«Լավ է, որ բեսթսելլեր է, բայց ավելի շատ այդ բեսթսելլերը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի, գործի եւ վերջերս մեր երկրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ, որոնք արժեւորել են մեր կյանքում շատ բաներ, նաեւ վերարժեւորել են։ Գիրքը կար վաղուց, «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է, ես՝ ինքս էլ այդ ժամանակ կարդացել եմ, ու եթե արձագանքները լսել եք, այնպես չէ, որ շատ բուռն արձագանքներ են եղել, եւ դա բնական է։ Ես չէի ուզենա գիրքը գեղարվեստական տեսանկյունից գնահատել, քանի որ, ամեն դեպքում, դա լրագրողի գիրք է, փայլուն լրագրողի գիրք, ով ունի ուշադիր հայացք, սրատես մարդ է, հետաքննում է ամեն ինչ՝ ըստ իր բնավորության, սկսում է մանրամասների մեջ խորանալ, բայց, այնուամենայնիվ, գրողի գիրք չէ, թեպետ գրված է շատ լավ։



Եթե գիրքը դիտարկենք վեպի դասական կառույցներով կամ մոդեռն կառույցներով եւ փորձենք վերլուծել որպես գեղարվեստական ցնցող արժեք, մենք, իհարկե, արջի ծառայություն մատուցած կլինենք հեղինակին եւ ինքնախաբեությամբ կզբաղվենք։ Մասնագիտական տեսանկյունից վեպը, անշուշտ, ունի թերություններ՝ կոմպոզիցիոն առումով, վիպական կառուցվածքի առումով եւ այլն, բայց ամենակարեւորն այդ գրքի մեջ գաղափարական կողմն է՝ դնել գաղափար 10 տարի առաջ, լինել հետեւողական այդ գաղափարների իրականացման մեջ եւ էսօր ունենալ նոր Հայաստանը՝ որպես իրականություն։ Այսինքն՝ գրքի գլխավոր արժեքը սկզբունքների մեջ հավատարմությունն է, որը ցույց է տալիս, որ մարդը մինչեւ վերջ գաղափարական այդ կողմնորոշման վրա է։ Մարդիկ Նիկոլի գաղափարները լսեցին Ֆրանսիայի ու Հանրապետության հրապարակներում, երբ որ նա այդ նույն բառերն ու արտահայտությունները 10 տարի առաջ ասում է գրքում։ Ես այդ գիրքը կգնահատեմ որպես թավշյա հեղափոխության նախահիմք, եւ ինքը՝ Փաշինյանն էլ է խոստովանել, որ կա նման բան։



Այդ առումով գիրքն իր առաքելությունը կատարել է, բայց այնպես չէ, որ այդ գիրքը գեղարվեստական հատկանիշներ չունի, իհարկե՝ ունի եւ շատ։ Կան իսկապես փայլուն գլուխներ՝ հատկապես «Ֆլամենկո» եւ «Հայաստանի բույրը» վերնագրերով գլուխներ կան, որոնք իսկապես գրված են մեծ վարպետությամբ, շատ գրողներ կնախանձեին այդտեսակ վարպետությամբ գրքեր ստեղծելու։ Այդ բոլոր արժանիքներով հանդերձ, ես՝ որպես գրականագետ, կխուսափեմ գնահատականներից՝ թե՛ դրական, թե՛ բացասական, որովհետեւ էյֆորիկ տրամադրությունը շատ է, եւ ես չէի ուզի, որ այդ գնահատականներն այս պահին արվեն՝ ճիշտ կամ սխալ, քանի որ կընկալվեն այդ էյֆորիայի մեջ, ինչն այդքան էլ ցանկալի չէ»։



Այն դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ վեպի հիմնական նպատակը ոստիկանությունից եւ ԱԱԾ-ից խույս տալն է, գրքի խմբագիրը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, Փաշինյանը վեպը հատվածաբար տպագրել է «Հայկական ժամանակում», եւ հոգու խորքում գուցե նման նպատակադրում եղել է, որ, ինչպես ասում են, ուշադրությունը ցրի իր վրայից։ Վեպը պատմություն է։ Հերոսը փախչելով անհետանում է ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտից, հայտնվում է Վրաստանում, Ավստրիայում, Ռուսաստանում, Կուբայում, Շոտլանդիայում, գնում է Ճապոնիա եւ այլն։ Այսինքն՝ կարող է փախուստի իմիտացիա ստեղծել, բայց բոլորս էլ գիտենք, որ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է Հայաստանում։ Բայց սա չէ կարեւորը, եթե խորամուխ լինենք վեպի վեջ, ինչո՞ւ է նա գնում Սերբիա, ինչո՞ւ է գնում Ճապոնիա, ի՞նչ է վերցնում այդ երկրներից։



Բոլոր այդ երկրներում կա հանդիպում այդ երկրի ժողովրդի ինչ-որ մի խավն ընդհանրացնող կերպարի հետ, օրինակ՝ Ռուսաստանում դա հայտնի ընտրակեղծարար է, Ճապոնիայում ռոբոտաշինությամբ զբաղվող հայտնի մասնագետ է եւ այլն։ Ահա, այս հանդիպումների ժամանակ Փաշինյանի գրքի հերոսը փորձում է հասկանալ, թե այդ երկրներում ինչն է ճիշտ եւ ինչը՝ սխալ, ինչը կարող ենք Հայաստանում տեղայնացնել եւ մեր երկիրը դարձնել ավելի լավը, ինչը մենք պետք է վաղվա Հայաստանում բացառենք, որպեսզի ապրենք ազատ եւ երջանիկ Հայաստանում։



Այսինքն՝ անկախ իր այդ բուն թիրախից, որն ունեցել է նախապես Փաշինյանը, այնուամենայնիվ, գործ ունենք մի գրքի հետ, որն ազատ եւ երջանիկ Հայաստանի գրավականն է, ինչպես սիրում է Նիկոլն իր ճառում ասել, եւ դրա ապացույցն էլ այն է, որ էն սկիզբը, որով Փաշինյանը սկսում է իր ճառը սովորաբար՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ», բոլորն այդ վեպից են, «Եվ ուրեմն…» արտահայտությունն էլի այդ վեպից է։ Իմ կողմից վեպը ժամանակին ընկալվել է որպես նվիրյալ, բայց ռոմանտիկ քաղաքական գործչի գաղափարներ, որոնք գուցե չիրականանան, բայց այսօր արդեն՝ հեղափոխությունից հետո, դրանք դիտարկելի են որպես նպատակասլաց, իր տեսլականին հավատացող մարդու գաղափարներ, որոնք այսօր կյանքի են կոչվել»։



Արքմենիկ Նիկողոսյանին հարցրինք, թե ինչ կտա ստեղծագործությունն ընթերցողին։ Նա մի քանի կետ առանձնացրեց․



«1․Գիրքը սարսափելի արագ ընթերցվող գիրք է, եւ այս պարագայում, երբ արդեն ինքը մեր ժողովրդի հետ միասին իրականացրեց հեղափոխություն, ինչը շատերի կողմից որակվում է որպես հրաշքի պես մի բան։ Առաջին հերթին՝ սա հաջողակ մարդու պատմություն է, մարդ, որը կարողացել է ինչ-որ բան փոխել։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ բոլոր հաջողակ մարդկանց պատմությունները հետաքրքիր են, կարդա՛ եւ տե՛ս, թե ինչ պետք է անել, որպեսզի կյանքում լինես հաջողակ՝ ունենալ սկզբունքներ եւ հավատարիմ մնալ այդ սկզբունքներին։



2․ Սա գիրք է այն մարդկանց համար, որոնց թվում է, թե այս հեղափոխությունը դրսի ուժերով, ինչ-որ «սորոսներով ու մորոսներով» է տեղի ունեցել։ Թող կարդան վեպը եւ տեսնեն, որ այս վեպում ուրվագծված պլանները՝ մեր երկիրն ազատագրելու պլանները, գծված են վաղուց, երբ ո՛չ «Սորոս» կար, ո՛չ չգիտեմ ինչ կար։



3․ Վեպը գրված է շատ աշխույժ եւ գեղեցիկ դիալոգներով, եւ քանի որ ինքը նաեւ վեպ-ճանապարհորդություն է, բոլոր ընթերցողներին կօգնի վեպի հերոսի հետ ճանապարհորդել տարբեր տեղեր, ճանաչել աշխարհներ, ճանաչել երկրներ եւ մշակույթներ։ Ես էլի եմ ասում՝ «Ֆլամենկո» վերնագրով գլուխ կա այդ գրքում, որ ուղղակի ցնցող բացահայտումներ է անում այդ պարի էության մասին՝ արտակարգ վերլուծությունով։



4․Հայրենասիրության ընկալման, քաղաքացիության ընկալման իսկական դասագիրք է այդ գիրքը։



5․Այսօրվա էյֆորիկ ֆոնի վրա, երբ որ Նիկոլի կերպարը փոքր-ինչ ֆետիշացվում է, գիրքն ընթերցողին կտա հնարավորություն՝ հասկանալու, որ Նիկոլը, այնուամենայնիվ, մեզ պես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի է՝ իր ուրույն գաղափարներով եւ նպատակասլացությամբ։ Մարդն ամենեւին էլ սուրբ չէ, ինչպես այսօր մարդիկ նրան ընկալում են եւ նրան կպնողներին ինչ-որ բաներ են ասում։ Եվ ուզում եմ նախապես զգուշացնել, որ վեպում կան հայհոյանքներ, կան գռեհիկ բառեր, «քֆուրներ» ու այլանդակ արտահայտություններ, եւ, փառք Աստծո, որ Նիկոլը խմբագրելիս դրանք չի ջնջել, 2008-2009 թթ․ Նիկոլն է։ Այնուամենայնիվ, նման բառեր կան, ուզում եմ նախապես ասել»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**