Ինչ-որ բա՞ն է փոխվում

Ինչ-որ բա՞ն է փոխվում
Ռուսաստանցի հայտնի փիլիսոփա, հրապարակախոս Դուգինը [հարցազրույց](https://haqqin.az/news/129964) է տվել ադրբեջանական haqqin.az-ին: Շոշափվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարը: Դուգինը հայտնի է որպես եվրասիականության գաղափարի քարոզիչ: Նրան վերագրում են պաշտոնական Մոսկվայի գաղափարախոսի դեր:



Դուգինը զարգացրել է այն միտքը, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը կայացրել է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության որոշում, բայց հայկական լոբբին Մոսկվայում շատ ուժեղ է: Հարցազրույցի ամենաուշագրավ պահն այն է, որ Դուգինը հայտարարում է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղել է պայմանավորվածություն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանները, որպես խաղաղասիրական ժեստ, Ադրբեջանին վերադարձնելու մասին:



Ըստ Դուգինի, այդ ծրագիրը պետք է գործողության դրվեր Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց եւ կառավարության ձեւավորումից հետո՝ արդեն այս տարվա ընթացքում, բայց Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը եւ դրան հաջորդած իրադարձությունները փոշիացրել են պայմանավորվածությունները: Ռուս քաղաքագետը գտնում է, որ ներկայումս Ադրբեջանում եւ Ռուսաստանում չափազանց շփոթված են եւ չգիտեն, թե ինչից պետք է վերսկսվեն ղարաբաղյան կարգավորման բանակցությունները:



Թերեւս պատահական չէ, որ Դուգինի հետ ադրբեջանական լրատվամիջոցը հարցազրույց է վարել Ստեփանակերտում բողոքի ակցիային զուգահեռաբար: Ադրբեջանցի քաղաքական մեկնաբանները հստակ կապ են տեսնում աշխարհաքաղաքական զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղում փոփոխությունների հանրային պահանջի միջեւ: