Հարցականի տակ ամբողջ ժողովուրդը նստած սպասում է. «Գործարար» կուսակցության ղեկավար

Հարցականի տակ ամբողջ ժողովուրդը նստած սպասում է. «Գործարար» կուսակցության ղեկավար
«Հրապարակ»-ի զրուցակիցը «Գործարար» կուսակցության ղեկավար Գեղամ Բաղդասարյանն է:



**-Պարո՛ն Բաղդասարյան, ժողովրդական շարժման ընթացքում ձեր կուսակցությունը բարիկադի ո՞ր կողմում էր:**



-Բնականաբար ժողովրդի կողքին էինք: Ես անգամ հանդես եկա հայտարարությամբ՝ նշելով, որ կենտրոնամետ ուժ ենք եւ այդ իրադարձություններին հետեւում ենք առաջին օրվանից: Մեր՝ փողոց դուրս գալու որոշումը կայացվեց մայիսի 1-ի ԱԺ արտահերթ նիստից հետո, երբ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:



**- Սպասումներն արդարացվե՞լ են:**



-Մինչև այս պահը ամեն ինչ շատ ողջունելի էր, բայց եթե այսպես շարունակվի, կարծում եմ շատ ավելի վատ կլինի:



**-Կհստակեցնե՞նք՝ ինչից եք մտահոգված:**



-Այն, ինչ տեսնում եւ լսում ենք հեռուստացույցով, համացանցով, ողջունելի է: ԱԱԾ-ն բացահայտումներ է արել այն մասին, ինչը բոլորիս էր հայտնի շատ վաղուցվանից, բերման ենթարկվածներ կան, բայց կոնկրետ գործողություններ ու քայլեր չկան: Պետք է այդ ամենն արագացվի, քանի որ այս պահին մենք շատ ընկերներ ունենք արտերկրում, ովքեր բավական ոգևորված են թավշյա ասեմ, թե սպիտակ հեղափոխությունով, մեծ հույսեր են կապել: Մարդիկ նստած սպասում են, թե վերջապես մեր նավակը որ կողմն է լողալու, որպեսզի կողնորոշվեն գան, թե մնան, ներգաղթ լինի, թե ոչ, ներդրումներ անեն, գույք ձեռք բերեն այստեղ: Այս պահին ընկերներ ունենք , ովքեր ներդրումներ են անում Գյումրիում, բայց հին իշխանություններից եկած ու մինչև այսօր պահպանվող խոչընդոտների դեռ շարունակում են հանդիպել: Կասեմ միայն, որ բացի լրատվամիջոցների դրական արձագանքից, այս պահին ես դրական փոփոխություն դեռ չեմ տեսնում մեր իրականության մեջ: Մեր կուսակցության հիմքում բիզնես նպատակն է դրված, մենք շատ ենք առնչվում մեծ եւ փոքր տնտեսվարողների հետ: Հիմա կառուցվածքային լուրջ փոփոխություններ պետք է արվեն, երիտասարդ մարկետոլոգներ, մասնագետներ պետք է ոլորտում ընդգրկվեն, հարկային օրենքների մեջ շտապ փոփոխություններ պետք է արվեն եւ այլն: Ուղղակի հիմա մեր խնդրանքն էլ մեր կառավարությունից այն է, որ այս ամենն իրականություն դարձնի, որ ժողովուրդն իր անելիքը իմանա, հասկանա՝ մնո՞ւմ է, գնո՞ւմ է: Հարցականի տակ ամբողջ ժողովուրդը նստած սպասում: Ի վերջո այս ամենի մեջ կարևորը մեր երկրի տնտեսության զարգացումն է:



**-Բայց նոր կառավարությունը հենց սերնդափոխության սկզբունքով էլ շարժվում է, այդպես չէ՞, բոլոր նախարարները երիտասարդ են:**



-Ողջունելի էր այս սերնդափոխությունը, ինչ խոսք, բայց շատ թերություններ կան: Սերնդափոխությունը մեծ թափով է գնում, ինչը լավ է, բայց ընդունելի չէ այն, որ կուսակցականացվում է: Նշանակություն չպիտի ունենա, թե մասնագետը ինչ կուսակցությունից է կամ հասարակական կազմակերպությունից, կարևորը շնորհալի լինի:



**-Ձեր կուսակցությանը որևէ առաջարկ արվե՞լ է իշխանական թևից:**



-Ոչ: միայն առաջարկ արվել է կոնկրետ անձանց, կողմնակիցների, որոնց, իհարկե, գիտենք:



**-Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ձեզ համար շահեկան իրավիճակ չի ստեղծվի՞:**



-Եթե անկեղծ, ես չեմ կարծում, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են:Կարևորը կառավարության ճիշտ ձևավորումն է, նախկինի նման ժողովրդին չկուսակցականացնելը, միմյանց մեջ պաշտոններ չկիսելը: Եթե լինեն ընտրություններ, մեզ համար վատ չի լինի, մենք ընտրությանը մասնակցելու շանս կունենանք, ստիպված չենք լինի 2,3, 4 տարի սպասել, բայց ես անկեղծ եմ եւ գտնում եմ, որ ընտրությունները հրատապ չեն: Ամեն դեպքում մեր կուսակցությունը չի մարելու, մենք գնալու ենք մինչ վերջ: Մենք մեր վարչապետին շատ ասելիքներ ունենք, բայց լսող չկա: Վերջապես մենք էլ ենք երիտասարդ, մեր շարքերում արտասահմանում կրթված տնտեսագետներ են, որոշակի ուղի անցած մարդիկ, ովքեր իրենց ծրագրերն ու առաջարկներն ունեն՝ երկրի տնտեսության զարգացման հետ կապված: Եթե սա թավշյա հեղափոխությունն էր, ուրեմն բոլորի հետ պետք է հաշվի նստել:



**-Առաջիկայում չե՞ք պատրաստվում երկխոսել կառավարության հետ կամ հանդես գալ հենց առաջարկություններով:**



-Պատրաստվում ենք, մենք կոնկրետ եւ լուրջ առաջարկներ ունենք, թե ինչպես անել, որ տնտեսության մեջ արագ առաջընթաց գրանցվի, մնում է՝ մեզ լսեն, եթե կարող եք աջակցել հրապարակային դարձնելու համար, ցանկությունը մեծ է:



Հիշեցնենք, որ «Գործարար» կուսակցությունը հիմնադրվեց Գյումրիում՝ 2016թ-ի ՏԻՄ ընտրություններից ամիսներ առաջ: Կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք ոչ ընդդիմադիր են, ոչ էլ իշխանամետ, ավելի կոնկրետ կենտրոնամետ են, պատրաստ են համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ : Կուսակցության անվանումը պատահական չեն ընտրել, քանի որ, շեշտը դնելով միջին եւ փոքր բիզնեսի զարգացման վրա, ձևավորելու են տնտեսական-քաղաքական հարաբերություններ: 2016թ-ի հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին «Գործարար» -ը հավաքեց ընդամենը 556 ձայն:



**Արևիկ Հակոբյան**