Աշխատելաոճը հաստատ փոխվելու է, կադրային փոփոխություն է լինելու. Շիրակի նորանշանակ մարզպետ

Աշխատելաոճը հաստատ փոխվելու է, կադրային փոփոխություն է լինելու. Շիրակի նորանշանակ մարզպետ
Կառավարության երեկվա նիստում նշանակվեց 8 մարզպետ: Շիրակի մարզում, ինչպես նախօրոք էինք գրել, մարզպետ նշանակվեց ծնունդով գյումրեցի, ԵԼՔ դաշինքի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ 32-ամյա Կարեն Սարուխանյանը: **«Հրապարակի»**-ի զրուցակիցը Շիրակի մարզի նորանշանակ մարզպետն է:



**- Երբ շարժումը սկսվեց, որևէ ակնկալիք կա՞ր, որ հաղթանակի դեպքում Ձեզ մարզպետ են նշանակելու:**



-Ո՛չ, ես մինչև վերջին 4-5 օրը չեմ պատկերացրել ու չեմ հավակնել կամ խոսել, որ ինձ մարզպետ նշանակեն, դա թիմի եւ վարչապետի որոշումն է եղել, ես էլ պարտավոր էի թիմի վստահությունը պահել:



**-Շիրակի մարզը բավական խնդրահարույց է, աղքատության ցուցանիշով ամենաբարձրը, ինչի՞ց եք սկսելու:**



-Ես երեկվանից անցել եմ աշխատանքի, ծանոթացել եմ աշխատակազմի հետ, հանդիպումներ եմ ունեցել վարչությունների բաժինների պետերի հետ, դեռ շարունակելու եմ հանդիպել: Պաշտոնական ինձ դեռ չեն ներկայացրել, բայց ժամանակ չկորցնելու համար ես դա արեցի: Այսօր առավոտյան եղել եմ արդեն Աշոցքի Սարապատ համայնքում, երեկոյան այնտեղ սելավ էր եղել, միջպետական ճանապարհն էր փակվել, գնացել եմ, այդ հարցերով եմ զբաղվել, շինարարական աշխատանքներ ենք կազմակերպել: Իսկ աղքատության վերացումը ես տեսնում եմ մեր երկրի՝ ամբողջ աշխարհում այժմյան հեղինակության բարձրացմամբ, մենք ամբողջական փաթեթներ ենք ներկայացնելու, ծրագրեր ենք բերելու, դրսից ներդրումներ են լինելու, եւ մեր մարզում նույնպես զգալի փոփոխություն ենք ակնկալում:



**-Նախորդ մարզպետի եւ ընդհանրապես նախկինների աշխատանքը ինչպե՞ս կգնահատեք:**



-Չեմ հասցրել ծանոթանալ, չեմ ուզում գնահատականներ տալ: Բայց աշխատելաոճը միանշանակ, հաստատ փոխվելու է, ինչը կապված է Հայաստանում քաղաքական իրադրության փոփոխության հետ:



**-Կադրային ջարդ լինելո՞ւ է:**



-Այդ ջարդ ասվածը շատ կոպիտ է, ջարդ չի լինելու, բայց կադրային փոփոխություններ միանշանակ լինելու են, որոնց արդյունքում հիմնականում երիտասարդ կադրեր են ներգրավվելու: Իսկ թե հատկապես որ ոլորտներում կլինեն փոփոխություններ, թողնենք ընթացքին:



**-Շիրակի մարզում կոռուպցիայի դեմ պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում:**



-Ես երկուշաբթի կամ երեքշաբթի ամենայն հավանականությամբ հանդիպում կունենամ ուժային կառույցների հետ, անպայման կխոսենք կոռուպցիոն երևույթների մասին: Ես բնիկ գյումրեցի եմ եւ շատ լավ պատկերացնում եմ, թե որտեղ ինչ է կատարվել:Այնպես որ, ներսից պետք է ամեն ինչ արվի կոռուպցիան վերացնելու համար: Հասկանալի է, մենակ չեմ կարող: Մարդիկ կան, որ իրենց մասնագիտությունը շատ լավ տիրապետում են, ուղղակի հրահանգները եղել են տարբեր, հիմա հրահանգների բովանդակությունը փոխվելու է:



**-Հրաժարվելո՞ւ եք ծառայողական ավտոմեքենաներից:**



-Ինձ հատկացված ավտոմեքենան կփորձեմ հնարավորինս քիչ օգտագործել, որովհետև ես անձնական մեքենա ունեմ, բայց, օրինակ, գյուղական տարածքներում դժվար է լինելու առանց ծառայողականի: Երևան մեկնելիս եւ նման դեպքերում կօգտագործենք ծառայողականը, բայց այն, որ ամեն քայլափոխի, իհարկե, չենք օգտագործի: Ես ոտքով էլ քաղաքում առանց նեղվելու, հանգիստ քայլում եմ:



**-Թողնելո՞ւ եք մանկավարժի գործունեությունը, չէ՞ որ երկար ժամանակ է՝ դասավանդում եք ուսումնական հաստատություններում:**



-Ես մտածում էի չթողնել, բայց այս երկու օրվա ընթացքում հասկացա, որ եթե մանկավարժությանը անգամ մեկ օր շաբաթվա ընթացքում տրամադրեմ եւ այնտեղ թերանամ, երեխաները տուժեն, այստեղ էլ՝ գործը, կարծում եմ ճիշտ չի լինի: Եթե լծվում ես գործի, այն պետք է լիարժեք արվի:



**Արևիկ Հակոբյան**