Ո՞վ ում հետ է մրցում, որ ԿԳՆ-ն արբիտրի դերում է

Ո՞վ ում հետ է մրցում, որ ԿԳՆ-ն արբիտրի դերում է
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ՈՒԽ-ի եւ արհմիության գործունեության կասեցում:



Սրանք են «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության այն հիմնական պահանջները, որն օրերս ներկայացրին նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Սակայն ուսանողների հետ քննարկման ժամանակ, որը տեւեց մի քանի ժամ, Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացավ, եւ նրան հոսպիտալացրին։ Դրանով պայմանավորված՝ ուսանողությունը ժամանակավորապես դադարեցրեց դասադուլը, բայց պահանջներից հետ չկանգնեց։



Դրանից հետո ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն տարածեցին՝ նշելով, թե «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները բռնություն են իրականացրել ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով նա վերակենդանացման բաժանմունքում է։ «Անընդունելի է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անտարբերությունը մայր բուհում տիրող իրավիճակին»,- ասված է հայտարարության մեջ:



Երեւանի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջի հարցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հայտնել էր, որ ԿԳ նախարարությունն այս հարցում անկախ արբիտրի դերում կլինի։ Ինչ վերաբերում է ուսանողության պահանջներին՝ նախարարը նշել էր, որ այդ պահանջները նախարարություն դեռեւս չեն հասել. «Այդ պահանջները մեզ մոտ չեն հասել, երբ նրանք կդիմեն, մենք կքննարկենք»: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր **Գագիկ Ղազինյանը** վերը նշված խնդիրները ձեւակերպում է մի քանի իրավական հարցադրումներով՝ արդյոք պահանջներն օրինական եւ իրավակա՞ն են, արդյոք իրացման համար հասցեատերը ճի՞շտ է ընտրված, ով էլ լինի ռեկտոր, համալսարանի հետ նույնացումն ինչքանո՞վ է ճիշտ, եւ ինչպե՞ս վարվել տվյալ իրավիճակում։



Ղազինյանն ընդգծում է՝ ուսանողները միշտ իրավունք ունեն իրենց դժգոհությունը հիմնավոր արտահայտելու իրենց ուսման եւ որոշակի հիմնախնդիրների շուրջ, դա ուսանողի անքակտելի իրավունքն է․ «Այն ձեւերը, որ ընտրված են, իմ կարծիքով, ընդունելի չեն, մասնավորապես այն, ինչ կատարվեց այդ օրը։ Այսինքն՝ շատ ավելի քաղաքակիրթ ձեւեր կան, եթե ուզում են երկխոսություն լինի, եթե ցանկությունն այն է, որ ստանան իրենց հուզող հարցերի պատասխանը, որից հետո իրենց պահանջները բավարարվում են, թե ոչ, նոր շարունակեն առաջ քաշել։ Եթե մենք ուզում ենք հասնել օրինական մի արդյունքի կամ լավ նպատակի, դա անօրինական ճանապարհներով ուղղակի չի կարելի անել, հակառակ դեպքում մենք կունենանք մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր ոք եթե հանկարծ հասնի հաջողության այդ ճանապարհով, կարեւոր չէ՝ ով ում դեմ, հանրապետական, թե ոչ հանրապետական, դա կդառնա անօրինություն, եւ ոչ մեկն ապահովագրված չէ առանց որեւէ հիմնավոր պատճառների, ոչ օրինական ճանապարհներով փորձել հասնել նման «հաջողության»»։



Ըստ նրա՝ այդ պահանջների հիմնական հասցեատերը հոգաբարձուների խորհուրդն է, վերջին հաշվով՝ համալսարանը կառավարում է հենց հոգաբարձուների խորհուրդը, որն էլ ընտրում է ռեկտորին․ «Եթե ռեկտորը դուր չի գալիս, որովհետեւ մարդիկ իրենց կարծիքն ունեն աշխատաոճի, ձեւի, մեթոդների շուրջ, եւ եթե մարդը ցանկություն չունի հրաժարական տալու, իսկ այդ ձեւը ձեւ չէ ճնշման, ուրեմն պետք է հոգաբարձուների խորհուրդը ցրել, բայց դրանից առաջ լսել իրենց դժգոհությունները՝ որպես հասցեատեր, նոր հետո ձեւակերպել խնդիրը։ Ինձ համար ամենավտանգավորը՝ երբ այդ հարցերը, որոնք մեծ չափով անձնավորված են եւ ուղղված են անձերի դեմ, ստվեր են գցում համալսարանի վրա, ինչն ուղղակի չի կարելի, անկախ նրանից, որ այդ գործունեության ընթացքում եղել են թերություններ։ Ակնհայտորեն եղել են այդպիսիք։ Բայց նորից եմ ասում՝ քննադատելով համալսարանի ղեկավարությանը, ռեկտորին կամ մյուսին, մենք դրանով ստվեր ենք գցում մեր արժեքի վրա։ Որպես գերագույն շահ՝ դիտում ենք համալսարանի շահը։ Օրինական շատ մեթոդներ կան՝ հասնելու նաեւ այդ ցանկությունների իրականացմանը։ Ես ուզում եմ նշել նաեւ պատկան մարմինների վերաբերմունքը կամ արտահայտած մտքերը, որոնք արվել են առանց հիմնավորելու որպես վերջին ճշմարտություն, որ կան կոռուպցիոն ռիսկեր, սկսելու ենք համալսարանից, ոնց որ թե երկրի բոլոր խնդիրները պայմանավորված են համալսարանի գոյությամբ կամ նրա աշխատանքով։ Չի կարելի այդպես, կարելի է հարցեր ունենալ, ամեն ինչ անել, որի արդյունքում, ես համոզված եմ՝ ով մեղավոր է, նվազագույնը՝ հրաժարական, առավելագույնը՝ համապատասխան պատժամիջոցներ կարելի է ներկայացնել, բայց ոչ թե նախօրոք, որպես հաստատված ճշմարտություն, ներկայացնել այդ արդյունքները՝ դեռեւս ստուգումները չիրականացված։ Բազմաթիվ մեթոդներ կան լիազոր մարմնի՝ նախարարության եւ մնացած պատկան մարմինների ձեռքում, սկսած վարչապետից, վերջացրած վերահսկողական կառույցներով։ Եկեք պարզեք, նոր ասեք՝ սա է ձեր պատկերը։ Մենք աշխարհին ներկայանում ենք թավշյա հեղափոխությամբ եւ հիմա նման քայլերով վարկաբեկում ենք մեր ժողովրդի այդ ամբողջ ձեռքբերումը»։



Համաձայն աշխատակարգի՝ հոգաբարձուների խորհրդի իրավասությունների մեջ է մտնում ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը։ Ասել է թե՝ օրինական ճանապարհով ռեկտորին փոխելու տարբերակ կա։ Ղազինյանը կարծում է, որ ԵՊՀ-ի շուրջն ստեղծված իրավիճակը պետք է լինի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ամենահիմնավոր հարցը, որը, օրակարգում ունենալով, կարելի է հոգաբարձուների խորհրդի նույնիսկ արտահերթ նիստ հրավիրել․ «Դա այնքան բնական պահանջ է, որ հոգաբարձուների խորհուրդը պետք է այդ նիստը գումարի եւ կամ ասի՝ պարոն ռեկտոր, դու ճիշտ ես, մենք քո թիկունքին ենք, կամ էլ՝ քննադատությունները հիմնավոր են, մենք քեզ պաշտոնազուրկ ենք անում, անվստահություն ենք հայտնում, հայտարարում ենք նոր ընտրություն»։ Թե ինչին է սպասում հոգաբարձուների խորհուրդը, որ նիստ չի հրավիրում՝ չի կարող Ղազինյանն ասել, բայց որ արտահերթ նիստն անհրաժեշտ է, դա փաստ է։



Ի՞նչ կարծիք ունի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարության վերաբերյալ, որ իրենք արբիտրի դերում են այս հարցում, ինչպես նաեւ՝ որքանո՞վ է ճիշտ նման մոտեցում հանդես բերելը, ինչքան էլ որ նախարարությունն ի պաշտոնե իրավասու չէ միջամտել։ «Իմ կարծիքով՝ ոչ, որովհետեւ արբիտր լինում են հավասարազոր եւ օրինական մրցելույթների ժամանակ, այստեղ նա արբիտր է ո՞ւմ միջեւ, ո՞վ ում հետ է մրցում, որ նա արբիտրի դերում է»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**