Ցնցող ներկայացում Գյումրիում՝ նվիրված քառօրյա պատերազմին. Ներկաները արտասվել են

Ցնցող ներկայացում Գյումրիում՝ նվիրված քառօրյա պատերազմին. Ներկաները արտասվել են
Երեկ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երկար սպասումներից հետո տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» բեմադրության առաջնախաղը : Դեռ ամիսներ առաջ hraparak.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը խոսել էր այս ներկայացման մասին՝ նշելով, որ  ներկայացնելու են պատերազմը՝ առանց պատերազմական տեսարանների, վառոդի եւ ծխի, գերիշխելու է զգայական եւ հուզական դաշտը: Պետք է նշենք, որ դերասանական կազմին հաջողվեց անել այն, ինչին պիեսի հեղինակ, դրամատուրգ Անահիտ Աղասարյանը ձգտել էր. առաջնախաղն անցավ հուզառատ, արցունքներով լեցուն եւ ծափողջյունները չդադարող դահլիճում: «Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղին ներկա են եղել ՀՀ կինոյի եւ թատրոնի վաստակավոր գործիչներ, Շոու բիզնեսի ներկայացուցիչներ եւ ամենակարևորը Ապրիլյան պատերազմին ընկած հերոսների ծնողներ:



Բեմադրության ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյան է, նկարչական ձևավորումը պատկանում է Գարեգին Եվանգուլյանին, կոմպոզիտորն է Հայկոն։



Գլխավոր դերերում հանդես են եկել  ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։



Ներկայացումն սկսվում եւ ավարտվում է ուրախ նոտայով, սակայն հանդիսատեսին  ստիպում են հուզվել միջանկյալ գործողությունները: Գյումրվա շախով-շուխով հարսանիքն ընդհատվում է պատերազմի գուժով: Մեկ վայրկյանում ամեն ինչ խամրում է, թասիբով երիտասարդները պատերազմ են մեկնում՝ թիկունքում թողնելով իրենց սպասող հարազատներին, ծնողներին եւ սիրած կանանց: Պատերազմն առանց կորուստների չի լինում, եւ բոլորը չեն, որ վերադառնում են, բայց որ ամենակարևորն է՝ հարսանիքը կայանում է՝ թեկուզ պատերազմից հետո:



Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից



**Արևիկ Հակոբյան**