Ինչո՞ւ են այդքան անհանդուրժողական

Ինչո՞ւ են այդքան անհանդուրժողական
Կլոր սեղանի էի հրավիրված: Թեման առաջին հանրապետության հոբելյանն էր: Երբ խոսքի հերթն ինձ հասավ, ասացի, որ 1918թ. անկախությունը որոշ իմաստով մեզ պարտադրվել է, ժամանակի քաղաքական ուժերը դժվար են կողմնորոշվել, նույնիսկ դաշնակցությունը դեմ է եղել անկախությանը, իսկ մայիսի 28-ին ընդունված Հայտարարության մեջ ոչ Հայաստան բառը կա, ոչ՝ անկախություն, որ Հայաստանի հանրապետություն անվանումն առաջին անգամ շրջանառվել է Բաթումի հայ-թուրքական պայմանագրում: Միտքս այն էր, որ լինելով Անդրկովկասի ամենակազմակերպվածը, որ նույնիսկ սեփական զինված ուժերն ուներ եւ լրջագույն դերակատար էր Թիֆլիսում եւ Բաքվում, հայ ժողովուրդը, ցավոք, քաղաքական էլիտայի թուլակամության, Ռուսաստանից հիվանդագին կախվածության պատճառով կորցրեց անկախություն հռչակելու, Հայաստանի սահմանները հռչակելու պատմական պահը:



Արդյունքում ունեցանք այն, ինչ տրվեց Բաթումի պայմանագրով: Կլոր սեղանի հյուր էր նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ փոխնախագահ, պատմաբան Վահրամ Բալայանը: Նա դաշնակցության անդամ է: Պարան Բալայանը խիստ վիրավորվածի տեսք ընդունեց եւ զարմացավ, թե ինչպե՞ս կարելի է հասարակությանը նման բաներ ասել, հղում արեց Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերին, հիշեցրեց, որ վարչապետ Քաջազնունու զավակները կռվել եւ զոհվել են, որ Միացյալ Նահանգներ մեկնելիս նա վերարկու չուներ, ուրիշից էր փոխ առել եւ էլի նման հուզական բաներ: Բայց նրա հիմնական ասելիքն այն էր, որ նման բաները չպետք է հասարակությանը մատուցվեն, չի կարելի, հարկ է սրբորեն հարգել ավանդույթները:



Ես լսում եւ զարմանում էի, թե ինչու՞ են դաշնակցականներն այդքան անհանդուրժողական դրսեւորվում, երբ խոսք է գնում պատմական իրողություններից, երբ որեւէ մեկը փորձում է շրջանառության դնել իրենց կուսակցական միֆոլոգիայից տարբերվող տեսակետ, սեփական կարծիք արտահայտել: Կա՞ ինչ-որ գաղտնիք, որի հրապարակայնացումից այսօրվա դաշնակցականները երկյուղ ունեն: Տպավորությունն այնպիսին է, որ պատմական իրադարձությունների շուրջ դաշնակցությունը տաբու է սահմանել, ճգնում է ամեն գնով թույլ չտալ, որ դեպքերն ու դեմքերը գնահատվեն նոր հայացքի լույսով: Դաշնակցությունը ստեղծել է կուռքեր, որոնց  գոնե հրապարակայնորեն պաշտում է: Դա իր կուսակցական կեցվածքն է:



Բայց դաշնակցությունն իրավասո՞ւ է մյուսներին եւս պարտադրել իր պատկերացումները, գնահատականներն ու ընկալումները: Ընդ որում՝ որպես համազգային –համահայկական ճշմարտություն: Այստեղ է, որ նրա կեցվածքը վերափոխվում է անհանդուրժողականության: Այստեղ է, որ դաշնակցությունն սկսում է հիշեցնել իր հեղափոխական անցյալն ու ոչ հեղափոխականներին պատժելու ավանդույթները: Դա վտանգավոր միտում է: Դաշնակցությունը պետք է հաշտվի իրողությունների հետ եւ ընդունի, որ պատմական անցյալի մասին յուրաքանչյուր ոք սեփական տեսակետը կարող է ունենալ եւ քարոզել: Մանավանդ որ անցյալի դաշնակցական գործիչները դրա համար բավարար հիմքեր ստեղծել են: Իրենց հուշագրություններով: