«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին
«Մայրաքաղաքում վեցերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ հագեցած կրթամշակութային, զբոսաշրջային և մարզական բաղադրիչներով: «Երևանյան ամառ 2018»-ը նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:



«Ծրագրում ընդգրկված է ավելի քան 50 ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառում. փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ:



Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Արազ Բաղդասարյանը մասնավորապես հատկանշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ մայրաքաղաքի ամառային կյանքն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելը:



_«Արդեն իսկ կարող ենք փաստել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 6-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող եռամսյա այս ծրագիրը հասցրել է սիրվել թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Ծրագիրն, ինչպես միշտ, կազմվել է այնպես, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա գտնել իր համար նախընտրելի միջոցառում: Նշեմ նաև, որ դրանք կանցկացվեն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի կողմից, այլ նաև համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում»,_ - նշել է Արազ Բաղդասարյանը: «Երևանյան ամառ 2018» ծրագրի բոլոր միջոցառումները կառանձնանան համապատասխան ու արդեն ծանոթ տարբերանշանով, ինչը խորհրդանշում է ուրախ և գունեղ ամառ, որոնք ուղղված են քաղաքացիների համար հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը: Մշակվել է նաև միջոցառումների բրենդբուքը:



Անդրադառնալով «Երևանյան ամառ 2018»-ի միջոցառումներին` քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նկատել է, որ եռամսյա ծրագրում ներառվել են ինչպես բացօթյա, այնպես էլ դահլիճային մի շարք նախաձեռնություններ: Ընդգծելով մայրաքաղաքի համաչափ զարգացման կարևորությունը՝ ծրագրի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում:



_«Եռամսյա միջոցառումների ծրագիրը կմեկնարկի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մայրաքաղաքում ամառը հագեցած կլինի հատկապես ավանդական դարձած և սիրված փառատոներով՝ այդ թվում «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Գարեջրի և Ձմերուկի փառատոները: «Երևանյան ամառ 2018» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվի «Երևան Քվեսթ» ինտելեկտուալ մրցույթ, «Ես և բնությունը» բնասիրական դիմակահանդես, «Երաժշտություն անիվների վրա» երաժշտական զբոսանք Երևանով, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ»,_ - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:



Իր հերթին ընդգծելով, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը նպաստում և խթանում է նաև մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը՝ տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ նշել է, որ Երևանում անցկացվող փառատոներն արդեն հասցրել են հետաքրքրել օտարազգիներին, ինչի շնորհիվ այս տարի ակնկալվում է փառատոներին մասնակիցների աշխարհագրության ընդլայնում:



_«Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում է Երևան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունները և փորձում մշակել տարբեր նախագծեր, որոնք է՛լ ավելի գրավիչ կդարձնեն մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար և կապահովեն հետաքրքիր ժամանց: Ի դեպ, շուտով Երևանում կբացվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերը, որոնք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն մայրաքաղաք այցելած օտարերկրացիներին»,_ - նշել է Գևորգ Օրբելյանը:



Անդրադառնալով տուրիզմի բաժնի կողմից «Երևանյան ամառ 2018» ծրագրի շրջանակում նախատեսվող նորույթներին՝ նաև նշվել է, որ առաջիկայում հանրությանը նորովի կներակայանան «Երևան Սիթի տուր» երկհարկանի ավտոբուսները: «Բացահայտենք Երևանը» և «Եկեք տոնենք միասին» կարգախոսերով կկազմակերպվի ցերեկային ու գիշերային զբոսանք՝ զբոսաշրջիկներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթացնելով Երևանի տեսարժան վայրերին և պատմամշակութային հուշարձաններին:



Այս տարի «Երևանյան ամառ 2018»-ը և հատկապես հուլիս ամիսը հագեցած կլինեն մարզական միջոցառումներով: Այս համատեքստում Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի առաջնություն: Ի դեպ, եռամսյա միջոցառումների ծրագրում հատուկ շեշտադրում ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և նրանց մասնակցությամբ միջոցառումները: Մարզական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ կօգտագործվի նաև Երևանյան լիճը, ուր սպասվում են ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ:



«Երևանյան ամառ 2018»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, ինչպես նաև «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում ու «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում այցելուների մուտքը կլինի ազատ: Մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված «Երևանյան ամառ 2018» միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 31-ին՝ «Ցտեսություն ամառ» ծրագրով:



Բանախոսները նշել են, որ միջոցառումների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հատուկ այդ նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետներից, որոնք տրամադրվելու են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակներից և զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերից, այնպես էլ բաժանվելու են: Հարկ է նշել, որ ծրագրի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև [www.yerevan.am](https://www.yerevan.am/am/yerevan-summer-1/) և [www.myYerevan.am](http://www.myyerevan.am/am/events/childrens/)կայքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում»,- ասված է հայտարարությունում:



**Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն**