Սամվել Բաբայանը պետք է ազատ արձակվի․ Հայկ Խանումյան

Սամվել Բաբայանը պետք է ազատ արձակվի․ Հայկ Խանումյան
Հայաստանում իշխանափոխությունից հետո պարբերաբար արծարծվում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը։



Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որն անազատության մեջ է գտնվում հայտնի «Իգլա»-ի գործով, նրա համախոհներն ու որոշ իրավապաշտպաններ համարում են քաղբանտարկյալ։ Սամվել Բաբայանի ազատությունը պահանջող մարդիկ ակցիաներ են հրավիրում  Վճռաբեկ դատարանի մոտ՝ փորձելով ճնշման միջոցով հասնելու նրա ազատությանը։



Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից, որը ժամանակին համագործակցել է Սամվել Բաբայանի հետ, հետաքրքրվեցինք, թե համարո՞ւմ է նրան քաղբանտարկյալ։



Հայկ Խանումյանը նշում է․ «Սամվել Բաբայանին ես աջակցել եւ պաշտպանել եմ 2014թ․ ընտրությունների ժամանակ։ Մենք աջակցել ենք Սամվել Բաբայանի՝ սպառազինությունների գնման ծրագրին, եւ մեր կարծիքը չենք փոխել այսօր։ Իսկ Սամվել Բաբայանը 2015թ․ Հայաստանի եւ Արցախի իշխանություններին ներկայացրել էր պաշտպանության բանակը նոր սպառազինություններով վերազինելու ծրագիր, եւ այդ ծրագրի իրագործմանն էլ մենք աջակցել ենք։ Եվ իշխանությունների հետ  տարբեր հանդիպումների ժամանակ մենք նշում ենք զենքերի գնման կարեւորության մասին, որպես մեր պաշտպանունակությունը ամրապնդելու միջոց։



Սպառազինությունների գնման օրակարգը մենք այսօր էլ ներկայացնում ենք որոշում ընդունողներին։ Իհարկե, ես նրան համարում եմ քաղբանտարկյալ։ Ձերբակալման պահից ի վեր ես տասնյակ հարցազրույցներ եմ տվել եւ նշել, որ Սամվել Բաբայանը անազատության մեջ է գտնվում քաղաքական նպատակներով, նրա դեմ հարուցված քրեական գործը շինծու է, եւ նա պետք է ազատ արձակվի»։



**Թագուհի Հակոբյան**