Մենք ազերի չենք, որի համար Հեյդար Ալիևի ծնունդը տոն է համարվում. Փաշինյանի ծնունդը հրապարակում տոնելու մասին

Մենք ազերի չենք, որի համար Հեյդար Ալիևի ծնունդը տոն է համարվում. Փաշինյանի ծնունդը հրապարակում տոնելու մասին
Համացանցում ակտիվորեն շրջանառվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը հրապարակում նշելու առաջարկներ։ Հունիսի մեկին լրանում է նորընտիր վարչապետի 43-ամյակը: Վարչապետն անձամբ դեռևս որևէ կերպ չի արձագանքել հրապարակում ծնունդը նշելու առաջարկին, փոխարենը ֆեյսբուքյան օգտատերերն են բուռն քննարկում:



Ուշագրավ է, որ կարծիքները համընկնում են. գրեթե բոլորը պատրաստ են Նիկոլ Փաշինյանի համաձայնության դեպքում վաղը հավաքվել Հանրապետության հրապարակում՝ տոնելու նրա ծննդյան տարեդարձը: «Շարժման հենց առաջին իսկ օրվանից իմ ակտիվ մասնակցությունն ու սատարումը հեղափոխությանը աննկատ չմնաց նաև Սփյուռքի նախարարության կողմից։ Զանգն այնտեղից չուշացավ։ Ինձ հորդորում էին անմասն մնալ։ Իմ պատասխանը զարմացրեց նրանց․ 7 միլիոն սփյուռքահայ դեմ է ռեժիմին, իսկ ի՞նչ է մտածում սփյուռքի նախարարը»,-**hraparak.am**-ի հետ զրույցում ասաց Իսպանիայի Վալենսիա համայնքի հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ միաժամանակ ավելացնելով. «Բայց ես գտնում եմ, որ պետք չէ աստվածացնել Նիկոլին, քանի որ նա մարդ է։ Մենք երբեք Տիգրան Մեծի ծնունդը չենք նշել, փոխարենը տոնել ենք նրա հաղթանակները։ Մենք Վարդանանց տոնը նշում ենք ո՜չ թե Վարդանի ծննդյան համար, այլև՝ Ավարայրի, և փոխարենը նշում ենք այդ ժամանակներում ծնված Մաշտոցի, նրա բերած այբուբենի, Խորենացու, Եղիշեի ծնունդները։ Գիտե՞ք ինչու, քանզի երկիրն ազատելը Վարդանի ու Տիգրանի գործն էր, և դա նրանք պատվով կատարեցին, այնպես, ինչպես պիտի կատարի Նիկոլը։ Մենք չենք նշել և ո՜չ մի ղեկավարի ծնունդը, փոխարենը նշել ենք Անդրանիկի, Նժդեհի, Մոնթեի և հայրենիքի մեր մյուս նվիրյալների ծնունդները, քանզի մենք թուրք չենք, որ ոչինչ չունենալու համար միայն ընդունակ են նշել ցեղասպան (բայց իրենց ցեղախմբի համար՝ հերոս) աթաթուրքի ծնունդը, և ո՜չ էլ ազերի, որի համար Հեյդար Ալիևի ծնունդը տոն է համարվում։ Մենք կարող ենք նշել Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Թումանյանի և մյուս մեր մեծերի ամյակները, բայց ոչ, ասենք, Կարեն Դեմիրճյանի կամ վարչապետ Վազգեն Սարգսյանի...: Վազգեն Սարգսյանին հիշում եւ մեծարում ենք որպես սպարապետ»,-ասաց մեր զրուցակիցը՝ միանգամայն ավելորդ համարելով վարչապետի ծննդյան օրը տոնախմբության վերածելը:



**Արևիկ Հակոբյան**