Լեզվի կոմիտեն կձեւավորվի առաջիկա 10-15 օրերում

Լեզվի կոմիտեն կձեւավորվի առաջիկա 10-15 օրերում
Վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն շրջանառվում էր Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, իսկ Լեզվի կոմիտե ստեղծելու կառավարության որոշումը կարծես եղավ դրա տրամաբանական շարունակությունը։



Լեզվի պետական տեսչության պետ **Սերգո Երիցյանը** մեզ հետ զրույցում նկատում է, որ գործառույթների փոփոխություններ են լինելու կոմիտեի ստեղծվելուց հետո, որոնց մասին ամրագրված է «Լեզվի մասին» օրենքում։ Այժմ կոմիտեի նոր կանոնադրությունն են նախապատրաստում, որովհետեւ պետք է նոր կանոնադրություն ընդունվի՝ նոր գործառույթների հիման վրա․ «Հիմա մենք այդ փոփոխություններն ենք կատարում, որպեսզի կառավարությունն առաջիկայում հաստատի, եւ մենք ունենանք Լեզվի կոմիտե՝ իր նոր գործառույթներով»։



Լեզվի տեսչության հիմքի վրա՞ է կոմիտեն ստեղծվելու, տեսչության նախկին աշխատակազմը պահպանվելո՞ւ է։ Երիցյանը նշեց, որ սկզբունքորեն լինելու է նոր մարմին, աշխատակազմի նոր քանակով, նոր գործառույթներով եւ նոր առաքելությամբ․ «Սկզբունքորեն լինելու է Լեզվի պետական տեսչության իրավահաջորդը, բայց, բնականաբար, նոր կանոնադրությունը ենթադրում է նոր փոփոխություններ, նոր գործառույթներ, նոր վարչություններ, նոր բաժիններ։ Այսինքն՝ այս գործընթացը կախված կլինի կանոնադրական խնդիրներից, իսկ կանոնադրությունն էլ իր հերթին բխում է օրենսդրական փոփոխություններից, որն իրականացվում է, որպեսզի ստեղծվի այդ մարմինը»։ Դուք Ձեր տեղում կմնա՞ք կոմիտեի ստեղծումից հետո՝ հետաքրքրվեցինք Սերգո Երիցյանից։ «Կանոնադրությունը հաստատելուց հետո ամեն ինչ պարզ եւ հասկանալի կլինի»,-ասաց նա։



Այդուհանդերձ, կոմիտե դառնալուց հետո Լեզվի տեսչության գործառույթները փոփոխություններ կկրեն, թե կոնկրետ ինչպես՝ այս պահին դժվար է ասել, քանի որ․ «Լեզվի տեսչությունը տեսչական մարմին է, իսկ Լեզվի կոմիտեն մարմին է, որը կունենա լեզվի պահպանությանը, դրա կանոնարկմանը, խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային եւ պրակտիկ քայլեր՝ հստակ նոր գործիքակազմով, նոր հնարավորություններով եւ նոր ձեռնարկումներով։ Այդ ամենը դեռ քննարկվում է»։



Նոր մարմինը՝ իր նոր կանոնադրությամբ, ամենայն հավանականությամբ, կձեւավորվի առաջիկա 10-15 օրերի ընթացքում։ Լեզվի կոմիտեն իր կազմով, աշխատակազմի թվով ավելի մե՞ծ է լինելու, քան Լեզվի տեսչությունը, Սերգո Երիցյանն ասաց․ «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի կառուցվածք կունենա նոր մարմինը, օրենսդրական խնդիրների ընդգծումը, տեղայնացումը, կարեւորումն ինչպիսի լուծումներ կունենան․ բոլորի պատասխանը կտա կառավարության որոշումը»։



Ինչ վերաբերում է Հայերենի բարձրագույն խորհրդին, որը մեկ տարուց ավելի արդեն գործում է կառավարությանն առընթեր, խորհրդատվական մարմին է՝ հասարակական հիմունքներով։ Այն իր տեսակով նույնպես աջակցում է իրենց գործերին եւ լեզվական կանոնակարգման որոշակի խնդիր պետք է քննարկի եւ լուծի։



Լեզվի տեսչությունը պատասխան հայտարարությամբ անդրադարձել էր նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե 5 տարի շարունակ Լեզվի պետական տեսչությունը զրոյին ձգտող արդյունքով ստացել է 67 մլն դրամ։ Սերգո Երիցյանն այս առումով միայն նկատում է, որ աշխատել, արել են իրենց գործը՝ եղած իրավիճակից եւ հնարավորություններից ելնելով․ «Դա ակնառու է, եւ որեւէ մեկին մատնացույց անելու խնդիր չունենք։ Արվածն արված է, չարվածը՝ չարված։ Կան նպատակներ ու սպասելիքներ, որը բերում է այս նոր մարմինը՝ իր նոր կանոնադրական նպատակներով եւ ուղղություններով»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**