Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանի միջազգային նսեմացումը

Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանի միջազգային նսեմացումը
Մայիսի 28-ին Հայաստանը տոնում էր Առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանը: ՀՀ տոնական միջոցառումները համեմատության եզր չունեցան երկու օր առաջ Վրաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպված պետական մակարդակի արարողությունների հետ: Թբիլիսիում պետական ընդունելություն եւ հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել քսանից ավելի երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, այդ թվում՝ Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Հայաստանի, Եվրահանձնաժողովի նախագահների: Կայացավ միջազգային համաժողով, երեկոյան` տոնական համերգ Օպերայի եւ բալետի համերգասրահում եւ այլն: Ամեն ինչ կազմակերպվել էր այնպես, ինչպես վայել է միջազգային հանրությանը մաս կազմող 100-ամյա պետությանը:



Այն, որ Հայաստանում Առաջին հանրապետության 100-ամյակի գլխավոր միջոցառումը pseudo-military ոճի ժողովրդական հանդիսություն էր Սարդարապատում` պետությանը վայել տոնակատարությունների ու արարողությունների փոխարեն, ցավալի է, բայցեւ ինչ-որ տեղ՝ հասկանալի: Վերջին երկու ամսում Հայաստանում քաղաքական ալեկոծություններ էին, եւ միջոցառումների կազմակերպումը կարող էր դրանից տուժել: Բնականաբար, Հայաստան օտարերկրյա պատվիրակություններ ու պաշտոնյաներ էլ չէին ժամանի, որովհետեւ քաղաքական ալեկոծությունները մեկ-երկու շաբաթ առաջ հազիվ են ավարտվել: Հետեւաբար, մի կողմ թողնենք մեզ համար միանգամայն աննպաստ համեմատությունը Վրաստանի 100-ամյակի տոնակատարությունների հետ:



Բայց եթե տոնակատարությունները մեր ներքին իրադրության պատրաստության կամ անպատրաստության հետ կապ ունեին, հյուրերի բացակայությունը նույնպես իրադրությամբ կարող է բացատրվել, ապա Առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքներ չստանալը ոչ մի երկրից, արդեն ՀՀ իշխանության եւ անձնապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ որոշակի վերաբերմունք էր միջազգային հանրության կողմից` ի տես Հայաստանի բարեկամների ու հակառակորդների:



Փաշինյանի մեկուսացումն այդքան ակնբախ չէր լինի, եթե նույն՝ մայիսի 28-ին տոնվող Ադրբեջանի, այսպես կոչված, Դեմոկրատական Հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ (Ադրբեջանի դեպքում դա համընկնում է նաեւ իրենց ազգային օրվա հետ, մինչդեռ Հայաստանի ազգային օրը սեպտեմբերի 21-ի Անկախության տոնն է) տասնյակ երկրների նախագահներ շնորհավորական ուղերձներ հղած չլինեին Իլհամ Ալիեւին` զլանալով թեկուզ պարիտետը պահելու համար շնորհավորական մի երկտող էլ ուղարկել ՀՀ վարչապետ Փաշինյանին կամ ՀՀ նախագահ Սարգսյանին:



**Շնորհավորանքներ եւ… լռություն**



Ստորեւ մեջբերում եմ Իլհամ Ալիեւի ստացած շնորհավորական ուղերձներից մի քանիսը: Ներկայացնում ենք թարգմանաբար՝ ինչպես դրանք անգլերեն լեզվով հասանելի են եղել համացանցում:



**ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը**



«Ամերիկյան ժողովրդի կողմից շնորհավորանքներ Ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին Հանրապետության օրվա եւ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:



Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգներն ունեն սերտորեն գործընկերություն եւ միասին աշխատում են դժվարին տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ: Գնահատում եմ անվտանգության հարցերում եւ ահաբեկչության դեմ պայքարում Ձեր համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկարատեւ առեւտրային հարաբերությունները: Էներգետիկ ասպարեզում մեր տարիների համագործակցությունը բարձրակետին հասավ այս տարի, երբ առաջին գազը հոսեց Հարավային գազային միջանցքով (South Gas Corridor): Դա անհավատալի ձեռքբերում է, որը կապահովի Եվրոպայի անհրաժեշտ էներգետիկ անվտանգությունը: Առաջիկա ամիսները կբերեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հնարավորություններ, ինչն էլ ավելի կընդլայնի ԱՄՆ-Ադրբեջան համագործակցության հնարավորությունները: Իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկիր՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ`հակամարտության խաղաղ եւ տեւական լուծում գտնելու ուղղությամբ: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ ես կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ Ադրբեջանի ողջ ժողովրդին եւ ակնկալում եմ համատեղ աշխատանք»:



Իսկ ՀՀ վարչապետ Փաշինյանին կամ նախագահ Սարգսյանին Թրամփն առհասարակ չի ուղարկել շնորհավորանք:



**Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձը**



«Պրն նախագահ,



Ուրախ եմ երջանկության ու բարեկեցության իմ անկեղծ մաղթանքները հղելու Ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին Ձեր ազգային տոնի առթիվ: Ցանկանում եմ վստահեցնել, որ ես վճռականորեն եմ տրամադրված մեր երկրների եւ տարածաշրջանների միջեւ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու գործում: Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Ֆրանսիայի վրա ապագա մարտահրավերների հաղթահարման եւ Եվրոպական Միության հետ մերձեցումը շարունակելու խնդիրներում: Միեւնույն ժամանակ թույլ տվեք եւս մեկ անգամ ընդգծել, որ Ֆրանսիան, իբրեւ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի առավելագույնը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բանակցային, արդար եւ տեւական լուծում գտնելու համար:



Պրն նախագահ, ակնկալում եմ հանդիպել Ձեզ Փարիզում, հուլիսի վերջին: Խնդրեմ՝ ընդունեք ամենաբարձր հարգանքներիս հավաստիքը»:



Փաշինյանին կամ Սարգսյանին շնորհավորանք Մակրոնի կողմից նույնպես չի ուղարկվել:



**ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը**



«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ, որն այս հոբելյանական տարում առանձնապես լայն է տոնվում Ադրբեջանում:



Ձեր պետությունը նշանակալից հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական, գիտական, տեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Ադրբեջանը բարձր հեղինակություն ունի միջազգային ասպարեզում: Ես գոհունակությամբ արձանագրում եմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը: Մեր երկրներն արդյունավետորեն համագործակցում են տարբեր ոլորտներում եւ ակտիվորեն փոխգործակցում են տարածաշրջանային ու միջազգային օրակարգերի կարեւոր խնդիրների լուծման շուրջ: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցությունը կշարունակի զարգանալ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամության եւ միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդման»:



Դարձյալ՝ Փաշինյանին կամ Սարգսյանին ոչ մի շնորհավորանք, այս դեպքում, ի դեպ, Փաշինյանի հետ Սոչիում անձնական ծանոթությունից, ենթադրաբար՝ նաեւ տպավորությունից հետո:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**