Նիկոլ Փաշինյանը պայման դրեց Բաքվի առջեւ. ի՞նչ ձեւաչափով կվերսկսվեն բանակցությունները

Նիկոլ Փաշինյանը պայման դրեց Բաքվի առջեւ. ի՞նչ ձեւաչափով կվերսկսվեն բանակցությունները
Ադրբեջանում եւ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից եւ քաղաքական գործընթացներից հետո բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առայժմ չեն վերսկսվել: Պարզ չէ, թե երբ եւ ինչ ձեւաչափով տեղի կունենան նոր հանդիպումները հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ:



**Արցախը պետք է վերադառնա**



Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց մեկ օր անց՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում հայտարարել է, որ Արցախի իշխանությունը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Նա նշել է, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահի հետ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի անունից բանակցություններին պետք է մասնակցի Արցախի իշխանությունը։ Փաշինյանի խոսքով՝ սա նորություն է բանակցային սեղանի համար, եւ սրանով բանակցային պրոցեսը ոչ թե շարունակելու է հին ավանդույթները, այլ նորովի է մոտենալու խնդրին։



**Պաշտոնական Բաքվի մեկնաբանությունը**



Պաշտոնական Բաքուն Հայաստանի վարչապետի այս հայտարարությանն արձագանքել է հետեւյալ կերպ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը խեղաթյուրում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Ավելի ուշ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովն ասել է, որ եթե Երեւանը պահանջում է Արցախի մասնակցություն բանակցությանը, ապա դա նշանակում է խաղաղ գործընթացի ավարտ: «Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի սեպարատիստական ռեժիմի մասնակցությունը բանակցային գործընթացին, նշանակում է՝ նա ուզում է վերջ դնել խաղաղության գործընթացին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ավելացնելով, որ այս հարցը քննարկվել է վերջերս Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում:



**Անհանգստացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը**



Հայաստանցի եւ ռուսաստանցի մի շարք փորձագետներ տարիներ շարունակ պնդում են, որ վաղուց ժամանակն է արցախյան կողմին ներգրավել բանակցություններին: Ամերիկացի փորձագետները փոքր-ինչ այլ կերպ են մոտենում հարցին:



Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը մեզ հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, հակամարտությունն ունի երկու կողմ՝ Հայաստան եւ Ադրբեջան:



«Երբ Բաքուն եւ Երեւանը հասնեն կարգավորման, միայն այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները պետք է մասնակից դառնան խաղաղության համաձայնագրի իրականացմանը: Քանի դեռ թե՛ Երեւանը եւ թե՛ Բաքուն պատրաստակամություն չեն հայտնում վարելու լուրջ բանակցություններ՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը, ինձ անհանգստացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը»,- նշեց Կոզլարիչը:



**Ղարաբաղի կարգավիճակի հարցն առանցքային է**



ԱՄՆ պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլի կարծիքով՝ Երեւանը եւ Բաքուն պետք է բանակցեն իրար հետ՝ առանց երրորդ կողմի ներգրավման:



«Խաղաղության գործընթացը հաճախ խոչընդոտում է խաղաղությանը: Կարծում եմ՝ Երեւանը եւ Բաքուն պետք է խոսեն իրար հետ՝ առանց որեւէ այլ կողմի մասնակցության: Եթե գործընթացին ներգրավվում է որեւէ այլ կողմ՝ լինի Ռուսաստանը կամ Ստեփանակերտը, դա կսահմանափակի ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց ամերիկացի վերլուծաբանը:



Բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմերից մեկն է, որը ստորագրել է 1994 թ. զինադադարի համաձայնագիրը: Ինչպե՞ս եք պատկերացնում երկարաժամկետ եւ համակողմանի խաղաղություն՝ առանց Ստեփանակերտի համաձայնության: Մեր այս հարցին Փոլ Գոբլը պատասխանեց. «Ես կասկածում եմ, որ այս հակամարտությունը երբեւէ կարող է կարգավորվել, բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այս վեճի առանցքային հարցն է, եւ այդ հարցը պետք է լուծեն միայն Բաքուն ու Երեւանը՝ ընդհանուր համաձայնությամբ հայացք գցելով Ստեփանակերտին»:



**Հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց Արցախի մասնակցության**



Ստեփանակերտում պաշտոնական Բաքվի հայտարարությունների հետ համաձայն չեն եւ Մամեդյարովի խոսքերը համարում են շանտաժ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց՝ Մամեդյարովի ասածը նշանակում է, որ Բաքուն շարունակելու է բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը: Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող կարգավորվել կամ հանգուցալուծվել առանց Արցախի իշխանությունների մասնակցության:



Իհարկե, Արցախն ամբողջովին դուրս մղված չէ բանակցային գործընթացից, բայց բանակցություններն ընթանում են ոչ լիարժեք ձեւաչափով, որովհետեւ, ըստ ԵԱՀԿ որոշումների եւ բոլոր կարեւորագույն փաստաթղթերի, թե՛ հակամարտությունը եւ թե՛ բանակցային գործընթացը ունեն երեք կողմ՝ Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան: Այս ձեւաչափը հաստատվել է 1994 թ. բուդապեշտյան գագաթնաժողովի ժամանակ:



«Սա հիմնարար որոշում է, եւ որպեսզի Արցախը չլինի բանակցությունների կամ հակամարտության կողմ, պետք է հրավիրել եւս մի գագաթնաժողով եւ կոնսենսուսի հիման վրա նոր որոշում ընդունել, որը չկա առայսօր: Հետեւաբար այն, ինչ կատարվում է, իրավական տեսանկյունից, իհարկե, խախտում է: Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ դա նաեւ քաղաքական գործընթաց է, եւ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս երկար ժամանակահատված թույլ չտա բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնում: Եվ սա կանխատեսելի է: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենից պետք է հրաժարվենք: Պարզապես պետք է շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ, պատրաստ լինենք երկարատեւ, քրտնաջան աշխատանքի, որովհետեւ հակամարտության կարգավորումն այլընտրանք չունի: Այս հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց Արցախի մասնակցության, առավել եւս՝ որ որոշվում է առաջին հերթին Արցախի ճակատագիրը»,- ասաց Դավիթ Բաբայանը:



Բանակցությունների լիարժեք ձեւաչափը վերականգնելը դժվար է լինելու, որովհետեւ ոչ միայն լիարժեք ձեւաչափի վերականգնման, այլեւ, առհասարակ, հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն ադրբեջանական կողմն է՝ Բաքուն:



Հայաստանում նոր կառավարության ձեւավորումից հետո բանակցությունները, ըստ երեւույթին, կշարունակվեն այն ձեւաչափով, որ գործել է վերջին տարիներին: Սակայն Արցախում հույս ունեն, որ ինչ-որ մի պահի բանակցությունների լիարժեք ձեւաչափը կվերականգնվի, եւ Արցախի իշխանության ներկայացուցիչները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**