Բաղրամյան 26-ը ցանկալի է, որ դառնա թանգարան. Ավետիք Իշխանյան

Բաղրամյան 26-ը ցանկալի է, որ դառնա թանգարան. Ավետիք Իշխանյան
«Հանրային իրազեկման խթան՝ խտրականության և բռնության կանխարգելման համար» ծրագրի շրջանակում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը լրագրողների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով  հեղափոփությանն ու իրավական պետություն ստեղծելու գաղափարին, ասաց. «Հեղափոխությունով ես էլ եմ ոգևորված, բայց իմ ոգևորությունն ավելի բարձր էր ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ, հիմա պարզապես զգոնությունս է ավելացել:



Հիմա ճիշտ ժամանակն է, եւ պատուհան է բացվել մեր իրավունքների պաշտպանության համար: Հայաստանի հզորացման միակ ճանապարհը նույն  եվրոպական մոդելի ճանապարհով գնալն է, այն է՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, դատարանների անկախություն եւ իրավական պետություն: 1995թ-ի ՀՀ  Սահմանադրությամբ դատարանները մահացան:



ՀՀ նախագահն էր  ԱԺ ցրում, վարչապետ ու նախարարներ նշանակում, արդարադատության խորհուրդը նա էր գլխավորում: Սահմանադրությունը միապետական էր: Ես միշտ կողմ եմ եղել պառլամենտականին եւ միշտ պայքարել եմ, բայց իմ պայքարի արդյունքում չէր, որ փոխվեց սահմանադրությունը, այն  Սերժ Սարգսյանի համար փոխվեց:



Հիմա կարծես 95-ից ոչինչ  չի փոխվել, միակ բանը՝ նախագահը դարձավ վարչապետ՝ միևնույն լիազորություններով, մինչդեռ իշխանության տարանջատում պետք է լինի»,-նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ,  ըստ իրեն, Ժողովրդավարությունը բացարձակ արժեք չէ, սակայն կառավարման մոդելների մեջ մյուսների համեմատ ամենաընդունելին է, իսկ բացարձակ արժեքը դա իրավական պետություն ունենալն է:



«Ես շատ անհանգստացած եմ, որ հեղափոխությունից հետո  ժողովրդավարության արդյունքում Գագիկ Ծառուկյանը կարող է իշխանության գա: Ժողովրդական ճանապարհով նախագահ կարող է ընտրվել, սակայն իրավական պետության պարագայում ընտրված նախագահը չի կարող անել այն, ինչ ուզում է: Այսօր մենք եկել-հասել ենք այն հանգրվանին, որ պետք է իրականացնենք սա, ստեղծենք միայն իրավական պետություն, այլապես հիասթափվելու ենք հեղափոխությունից էլ, ամեն ինչից էլ: Իշխանությանն աջակցել պետք է, բայց միայն քննադատելով»:  



Իրավապաշտպանը  մի առաջարկ ունի. «Բաղրամյան 26-ը ցանկալի է, որ դառնա թանգարան, որտեղ կներկայացվեն քաղաքական իրադարձություններն ըստ ժամանակի, օրինակ  առաջարկում եմ մի հատվածը առանձնացնել 2018թ-ի ապրիլյան դեպքերից՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր ընկած ժամանակ, իսկ որոշ հատված նախկին եւ ներկա իրադարձությունների համար»,-ասաց նա:



**Արևիկ Հակոբյան**