Քաղաքագրություն. Երեւանի պատկերը՝ անցյալում

Քաղաքագրություն. Երեւանի պատկերը՝ անցյալում
Երեւանի արտաքին ընդհանուր տեսքը ձմեռվա եւ ամառվա կեսերին տարբեր տպավորություններ է թողել այցելուների վրա: Ձմեռվա կեսին Երեւանն իր արտաքին տեսքով անհրապույր է եղել եւ աննպաստ տպավորություն է թողել անծանոթի վրա: Նա «մի հետ ընկած սովորական ասիական քաղաք» էր՝ «նեղ, ծուռումուռ փողոցներով», որոնք անցնում էին «հում աղյուսից եւ մանր կլոր քարերից շինված, հաճախ ուղղակի կավակերտ» մանր տների միջով: Դրանք բոլորը վկայում են, որ այդ ժամանակվա Երեւանը, բառիս իսկական իմաստով, քաղաքային տիպի ոչ մի փողոց չի ունեցել: Նրա փողոցները ոչնչով չեն տարբերվել Արարատյան դաշտի գյուղերի փողոցներից: Գլխավոր փողոցների միջով անցնող առուները, որոնք ճյուղավորվելով ջուր են մատակարարել տների բակերին կից եղած այգիներին ու պարտեզներին, մերթ առաջացրել են գարշահոտ լճացումներ, մերթ՝ անանցանելի խղճուկ տների հիմքեր: Փողոցներն ու հրապարակները կեղտոտ են եղել, ամենուրեք թափառել են հավերը, խոզերը եւ այլ ընտանի կենդանիներ:



Քաղաքն ընդարձակ է եղել, բայց՝ սակավամարդ, ամայի: Ոչ ոք հոգ չի տարել 1804 եւ 1808թթ. պաշարումների ժամանակ առաջացած ավերումների հետքերը վերացնելու համար: Նրա՝ երկար ցանկապատներով ուղեկցվող դատարկ փողոցները եւ ավերված շինությունները շատ տխուր տպավորություն են թողել այցելուի վրա: Գրիբոյեդովը գրում է. «Որքան ես կարողացա նկատել ժամանելուս եւ մեկնելուս միջոցին, քաղաքն ընդարձակ է, բայց գեղեցիկ չէ, ե՛ւ երկայնաձիգ ցանկապատները, ե՛ւ ավերակները, ե՛ւ ռուսների վերջին պաշարման հետքերը հաղորդում են նրան մի թախծալի ամայության տեսք»:



Քաղաքը պլանավորված չի եղել, նոր կառուցումները կատարել են կամայական կերպով՝ ով որտեղ եւ ինչպես ցանկացել է: Քաղաքի մասշտաբով ոչ ոք չի եղել՝ ո՛չ ինժեներ, ո՛չ տեխնիկ եւ ո՛չ նույնիսկ հասարակ վերակացու, որպեսզի հսկեր շենքերը գեթ որոշ կանոնավորությամբ կառուցելու եւ փողոցների զիգզագները մեղմացնելու համար: Քաղաքը կատարյալ քաոսի պատկեր ներկայացնելուց փրկվել է միայն նրանով, որ, գրեթե առանց բացառության, բոլոր տները բակերի կողմերից ունեցել են փոքրիկ այգիներ ու բանջարանոցներ, որոնց շնորհիվ տներն իրարից գտնվել են հավասար հեռավորությունների վրա: Երկար տարածությունների վրա, իսկ շատ հաճախ՝ մինչեւ իսկ մեկ ծայրից մինչեւ մյուսը, փողոցների երկու կողմերում ձգվել են տները փողոցից մեկուսացնող բարձր պատեր, որոնք իրենց արտաքին գորշ տեսքով ավելի մռայլություն են հաղորդել քաղաքին: Քաղաքի «փողոցները կամ, ավելի ճիշտ՝ նրբանցքները նեղ են, ծուռումուռ,- գրում է Ե. Լաչինովը,- տեղ-տեղ կան մայթեր, սակայն հսկայական քարերն ընկած են մեջտեղում, եւ չեն նկատվում կառուցվածքի հետքեր, բարձր պատերն արգելում են հայացքները… գրեթե բոլոր տները կառուցված են բակերում…»:



Քաղաքի ընդհանուր տխուր պատկերը փոխվել է ամռան կեսերին: Այդ ժամանակ նա իր այգեստաններով, առվույտի եւ հացահատիկների դաշտերով, բանջարանոցներով մի կանաչ կղզու է վերածվել՝ շրջակայքի չոր տարածությունների գրկում: Տարվա այդ ամիսներին, մանավանդ Քանաքեռի բարձրությունից, քաղաքը հաճելի տպավորություն է թողել դիտողի վրա: Լինչը բանաստեղծական տրամադրությամբ է նկարագրում Երեւանի եւ նրանից հարավ բարձրացող Մեծ ու Փոքր Մասիսների ամառային տեսքը՝ հայացքը սահեցնելով Մեծ Մասիսի հավերժական ձյան թագից մինչեւ կանաչի ծովում թաղված Երեւանը: Երեւանը տարվա այդ եղանակին գեղեցկացել է նաեւ ներքնապես: Փողոցների երկու կողմերում բարձրացող պատերը, բնակելի տները եւ մյուս օժանդակ շենքերը ծածկվել են մրգատու ծառերի եւ խաղողի որթերի տակ՝ իրենց անհրապույր տեսքը ժամանակավորապես թաքցնելով դիտողներից:



Թ. Խ. Հակոբյան՝ «Երեւանի պատմությունը» (1801-1879)



**Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ**