«Բրյուսովում» փոթորիկներ են

«Բրյուսովում» փոթորիկներ են
Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բարդ ժամանակներ են, ալեկոծում, փոթորիկ։ Հին, երիտհհկ-ականներից բաղկացած ուսխորհուրդը դուրս է եկել «Քայլ արա» շարժման ակտիվիստների դեմ, որոնք նոր ուսխորհուրդ են փորձում ձեւավորել, համալսարանում որպես զանգ՝ հեղափոխական «Իմ քայլը» երգն է հնչում։



Այս ֆոնին «մի խումբ աշխատակիցներ» անստորագիր բողոք են ուղարկել ռեկտոր, ԿԳ նախկին փոխնախարար Կարինե Հարությունյանի հասցեին։ Ահազանգում են, որ Բրյուսովի անվան համալսարանը նմանվել է բիզնես-հարթակի, որ ռեկտոր Կարինե Հարությունյանի որդին՝ Կարենը, բուֆետն է աշխատեցնում, որ ռեկտորի ընկերուհին՝ Հասմիկ Ղազարյանը, ֆինանսական բլոկն է ղեկավարում, զարմիկը՝ Գրիշա Թամրազյանը, որը «ֆիզկուլտն է ավարտել», աշխատակազմի եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր է նշանակվել եւ այժմ գիտությունների թեկնածուների, դոկտորների, մեծավաստակ պրոֆեսորների է ղեկավարում։ «Մի՞թե կարող է ֆիզկուլտ ավարտած, չպաշտպանած, կիսագրագետ երիտասարդը, ով առաջին իսկ օրվանից առանձնանում է փողոցին հարիր պահվածքով թե՛ ուսանողների, թե՛ պատկառելի դասախոսների հետ առնչվելիս, ունենա նման լիազորություններ: Հենց այսպիսի պահվածքի համար է նա հեռացվել նախկին աշխատավայրից՝ Կոնսերվատորիայից»,- հայտնում են «մի խումբ աշխատակիցները»՝ չմոռանալով «նախշել» նաեւ ռեկտորի հարսին, «որն առանց դասերին հաճախելու ստանում է գերազանց գնահատականներ` հարուցելով համակուրսեցիների զայրույթը»:



Ռեկտորի մեկնաբանությունը խնդրեցինք նամակի վերաբերյալ։ Նա օլիմպիական հանդարտությամբ մեզ պատասխանեց, որ իր մասին շատ են վերջերս տարատեսակ սուտ տեղեկություններ տարածվում․ «Բոլոր այդ փաստերը ստուգման ենթակա են, չէ՞։ Ես չեմ կարծում, որ դա դասախոսներն են գրել։ Ոչ մի ազգակցական, հարեւանական կապ պրոռեկտոր Գրիշա Թամրազյանի հետ ես չունեմ։ Այստեղ իմ բարեկամներից ոչ մեկը չի աշխատում։ Իմ մեծ որդին, որի անունը Կարեն է, արդեն 20 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում։ Բուֆետն աշխատեցնում է հանրային սննդի կազմակերպություն, որն ինձ հետ ոչ մի ընդհանրություն չունի։ Իմ հարսը, իրոք, սովորում է հեռակա համակարգով, ավարտել է թատերական համալսարանը, հեռակայի դասերին հաճախում է, դրա համար իրեն չեն տեսնում, բայց նա պարտաճանաչ հաճախում է դասերի։ Միակ ճիշտ ինֆորմացիան այն է, որ Հասմիկ Ղազարյանը ֆինանսական վարչության ղեկավարն է»։



Ի դեպ, ՀՀԿ անդամ Հասմիկ Ղազարյանը, որը ֆինանսական հարցերի պատասխանատուն է, «ծագումով», ինչպեսեւ Կարինե Հարությունյանը, կրթության նախարարությունից է։ Նա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն է աշխատել, այն նույն ԾԻԳ-ի, որը 1998-2010թթ. ղեկավարում էր Կարինե Հարությունյանը։ ԾԻԳ-երը, որոնց միջոցով նախարարությունները վարկեր են իրացնում, համարվում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող օղակներ։ Այս ԾԻԳ-ի վերաբերյալ Վերահսկիչ պալատը 2016 թվականին կասկածելի փաստեր ու բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի առաջին հրամաններից մեկով էլ Հասմիկ Ղազարյանն ազատվեց պաշտոնից եւ տաքուկ ֆինանսական անկյուն տեղափոխվեց՝ Բրյուսովի անվան համալսարանի ֆինանսական վարչությունը ղեկավարելու։



Ի պատիվ Կարինե Հարությունյանի, սակայն, պետք է նշել, որ նրա ղեկավարության ներքո Բրյուսովի անվան համալսարանում լիարժեք դեմոկրատիա է տիրում։ Ուսանողները ֆեյսբուքյան տիրույթում էջեր են բացում, որտեղ բացեիբաց դժգոհում են դասախոսներից։ Հին ուսխորհուրդը, որը հլու հնազանդ էր «աշոտյանական» համարվող ռեկտորին, այսօր դուրս է եկել նրա դեմ եւ ֆեյսբուքյան տիրույթում քննադատական ելույթներ է ունենում։ Անգամ «Իմ քայլը» երգի ձայնագրությունը որպես զանգ օգտագործելն է քննադատվում։ «Այո, մենք այս երգի տակ շատ ենք պարել, այս երգի տակ տոնել ենք նաեւ մեր հաղթանակը Հանրապետության հրապարակում, բայց քաղաքականություն բուհ թողնելն անթույլատրելի է»,- գրում են ուսանողներն իրենց ֆեյսբուքյան խմբերում։



Ըստ Կարինե Հարությունյանի՝ ուսանողները հաճախ բողոքել են, որ հին ուսխորհուրդը քաղաքականացված է, որ ուսխորհրդի անդամներն օգտվում են արտոնություններից, որոնք մյուսներին հասանելի չեն։ «Ես ինչ-որ ձեւով փորձել եմ ավելի արդարացի համակարգ ստեղծել թե՛ զեղչերի համակարգում, թե՛ այլ հարցերում, որոնք ուսխորհրդում որոշակի դժգոհություն են առաջացրել։ Հետո, երբ որ այս շարժումն սկսվեց, ուսանողության մեծամասնությունը՝ երթերին մասնակցող, նախաձեռնեց նաեւ ստորագրահավաք, որպեսզի փոխեն ուսխորհուրդը, որ այն չլինի քաղաքականացված եւ կուսակցականացված։ Մոտ 1700 ուսանող՝ 3 հազարից, ստորագրել են։ Դրանից հետո ինձ տվեցին նամակ եւ խնդրեցին, որ ձեւավորվի նոր ուսխորհուրդ։ Ես ասացի, որ նոր խորհուրդը կարող է ձեւավորվել միայն ընդհանուր համաժողովի եւ բաց ու թափանցիկ ընտրությունների միջոցով։ Անցյալ շաբաթ նրանք առաջադրել են թեկնածուներ իրենց համաժողովներում, միաձայն որոշել, թե ով է նոր ուսխորհուրդը, բայց հին ուսխորհուրդը չի ցանկանում դիրքերը զիջել։ Նրանց մեծամասնությունը եղել են երիտթեւի ներկայացուցիչներ, պայքարում են բոլոր ազնիվ եւ անազնիվ ձեւերով, նաեւ սխալ տեղեկություններ տարածելով»,- ասում է ռեկտոր Հարությունյանը։



Մեզ հայտնում են, որ նա ազատություն է տվել բոլորին, այն աստիճանի, որ դասախոսներից շատերը Կարինե Հարությունյանին դեմքով էլ չեն ճանաչում։ Հետաքրքիր դեպք են պատմում համալսարանում՝ գրեթե անեկդոտ։ Ավարտական քննության ժամանակ ռեկտորը դուրս է եկել միջանցք, դասախոսներին նկատողություն է արել, բայց մարդիկ չեն հասկացել, քանի որ չեն իմացել, թե ով է իրենց նկատողություն անող այդ տիկինը։ Կարինե Հարությունյանը չի ժխտում, որ ոմանց չի ճանաչում։ «Ես մի տարի է, ինչ աշխատում եմ, կարող է ինչ-որ մարդկանց չեմ ճանաչում դեմքով։ Մի տեղ էլ գրել էին, որ ես դասախոսներ եմ կրճատում, բայց իմ գալուց հետո ոչ մի դասախոս չի կրճատվել, ոչ մի նոր դասախոս չի բերվել, ոչ մի նոր ամբիոնի վարիչ կամ նոր դեկան չի եկել, ամբողջ աշխատակազմը շարունակում է իր ծրագրերով, նույն կազմով աշխատել»,- մեկնաբանում է ռեկտորը։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**