ՀԿԵ-ում զարմացած են՝ ինչ նոր էլեկտրագնացք է սպասարկելու Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությունը

ՀԿԵ-ում զարմացած են՝ ինչ նոր էլեկտրագնացք է սպասարկելու Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությունը
«Երեկ մենք էլ ծանոթացանք մամուլում տարածված լուրերին եւ զարմացած ենք, թե որտեղից այդ տեղեկությունը, որը Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղում սպասարկելու է նոր էլեկտրագնացքը, որը իրականությանը չի համապատասխանում: Լուրերը տարածել էին վրացական գնացքի նկարով, ինչը առավել անիրական է»,-**hraparak.am**-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վարդան Ալոյանը՝ ավելացնելով. «Հունիսի 14-ից Բաթումի սեզոնը բացվում է, եւ Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքը ըստ չվացուցակի դուրս կգա երթուղի, բայց կսպասարկի նախկին գնացքը: Իրենք ժամանակացույցը ճիշտ էին նշել, բայց կանգառ չի ավելացել, ինչպես նշված էր հոդվածում: Իսկ Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը շարունակելու է գործել Երևան-Գյումրի ուղղությամբ»:



Վարդան Ալոյանից հետաքրքրվեցինք՝ շաբաթական երկու անգամ Երևան-Գյումրի մեկնող նոր էլեկտրագնացքը սկզբի օրերի նման կիսադատարկ է մեկնո՞ւմ: «Այդպես շատ չեմ հետաքրքրվել, բայց որքան տեղյակ եմ, մոտ 50 տոկոս զբավածությունն ապահովված է»,-պատասխանեց նա:



Նշենք, որ Երևան-Գյումրի էլեկտրագնացքից, որ 2 ժամում տեղ է հասնում, օգտվողները շատ քիչ են, քանի որ հին գնացքների համեմատ բավականին թանկ է: Ուղևորները նախընտրում են մեկ ժամ ուշ տեղ հասնեն, միայն թե 2500-ի փոխարեն վճարեն 1000դրամ: Հավելենք, որ երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղում աշխատանքը կսկսի նոր էլեկտրագնացքը։ Գնացքը Երևանից դուրս կգա ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի 07:10 րոպեին: Գրեթե նույն ժամանակացույցն է գործելու նաև Բաթումիից։ Գնացքի երթուղում ավելացվել է ևս մեկ կանգառ՝ Սամտրեդիայիում: Ուղևորների թվի ավելացման դեպքում գնացքին կկցվեն նոր վագոններ»,-ասված է «Վրացական երկաթուղի» ընկերության տարածած հայտարարությունում։



**Արևիկ Հակոբյան**