Տղաներն իրենց վերագրեցին հաղթանակը՝ կանանց մատնանշելով իրենց ծեծված ու հնազանդ տեղը՝ Նոր Հայաստանում

Տղաներն  իրենց վերագրեցին հաղթանակը՝ կանանց մատնանշելով իրենց ծեծված ու  հնազանդ տեղը՝ Նոր Հայաստանում
Նոր կառավարության 21 անդամներից միայն երկուսն են կին: Ինչո՞ւ սիրո եւ համերաշխության արդյունքում ձևավորված կառավարությունը նախորդների նման անտեսեց գենդերային խնդիրը: Hraparak.am-ի զրուցակիցը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն է:



Նա վստահեցնում է՝ պատճառը կարծրատիպային մտածելակերպն է: «Այս շարժումը սինթեզել էր քաղաքականն ու քաղաքացիականը: Սիրո համերաշխության եզրույթը ձևակերպեցին կանայք, երբ դուրս եկան Ամիրյան փողոց:



Թեև այս շարժումը լուծել էր հավասարության խնդիրը, քանի որ փողոցներում կանայք էին, տղամարդկանց հետ հավասար ճանապարհներ էին փակում եւ միշտ է այդպես եղել, կանայք սպասարկել են տղամարդկանց շահերը, կանայք խոսում էին, դուրս էին եկել, ընդդիմանում էին, բայց նրանք կուսակցական հավակնություն չունեին, իսկ նոր կառավարությունը ձևավորվեց կուսակցական մտածելակերպի կարծրատիպով, ինչը շատ հիասթափեցնող է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով. «Մինչդեռ ուղերձ հղելու պատուհան էր բացվել, որ այլևս սեռային հավասարություն է, բայց ցավոք սրտի պահը բաց թողեցինք, պատուհանը բացվեց եւ փակվեց»:



Անդրադառնալով կառավարության կազմում կնոջ ներգրավածությանը՝ իրավապաշտպանը նշեց. «Երբ ասում են կադրային սով էր, այնքան էլ այդպես չէր: Իրենք ունեին շատ լայն ընդգրկվածություն՝ հասարակական կազմակերպություններից, եւ հույս ունեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գոնե այդ բացը կլրացնեն: Հիմա ընդունում եմ, որ ժամանակ չունեին»:



Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով նոր կառավարություն ձևավորելիս հատկապես տգետ վերաբերմունք է դրսևորվել մշակույթի հանդեպ, այն այնքան էլ լուրջ պաշտոն չի դիտարկվել եւ գուցե հենց այդ պատճառով էլ վստահել են անփորձ կնոջ: «Ես դեռ իմ լրագրողական աշխատանքը սկսելու ժամանակ շատ լավ հիշում եմ, երբ մտա խմբագրություն, որպես սկսնակ լրագրող առաջարկեցին մշակույթ լուսաբանել, ինչին ես դեմ գնացի: Մշակույթը բազմաֆունկցիոնալ եւ չափազանց կարևոր ոլորտ է:



Նոր նշանակումներից հատկապես անընդունելի եմ համարում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնում Արծվիկ Մինասյանին նշանակելը: Նա 2012թ-ին հայտարարեց, որ հպարտանում է այն երիտասարդներով, ովքեր բռնություն էին կիրառել քաղաքացիների նկատմամբ, ստացվում է՝ կառավարություն ձևավորելիս մի քանի սկզբունք անտեսված էր, այդ թվում՝ մարդու իրավունքները»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:



Իրավապաշտպանը, սակայն ցավով նշեց, որ եթե պայքարի 3 շաբաթների ընթացքում լռել էին կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող իրավապաշտպան կազմակերպությունների թեժ գծերը, այժմ թեժ գծի զանգը չի լռում։ «Տղամարդիկ պայքարում էին փողոցում՝ կանանց հետ հավասար՝ հարգելով, արժևորելով և չխտրականացնելով միմյանց։ Բայց պայքարի ավարտից հետո այդ հաղթանակը տղաներն իրենց վերագրեցին՝ միաժամանակ կանանց մատնանշելով իրենց ծեծված, ու հնազանդ տեղը՝ Նոր Հայաստանում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։



**Արևիկ Հակոբյան**