Դաշնակցության անցյալը

Դաշնակցության անցյալը
Հանրապետության հարյուրամյակի տոնակատարություններին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի հրավիրվել: Կոտրվել է կարծրատիպը, որ առաջին հանրապետությունը դաշնակցությունն է ստեղծել: Փաստը, մինչդեռ, այն է, որ մինչեւ վերջին պահ ՀՅԴ-ն դեմ է եղել Հայաստանի անկախության հռչակմանը: Նույնիսկ վրացիներին մեղադրել է Անդրկովկասյան ֆեդերացիան լուծարելու եւ սեպարատ անկախություն հռչակելու մեջ:



Իրողություն է, որ Հայոց ազգային խորհուրդը պարզապես պարտադրված է իրեն հռչակել Անդրկովկասի հայաբնակ գավառների իշխանություն, եւ այդ հայտարարության մեջ գործածված չեն Հայաստան, հանրապետություն, անկախություն բառերը, ոչ մի խոսք չկա այն սահմանների մասին, որ ընդգրկում են Անդրկովկասի հայաբնակ գավառները: Եւ եթե անկեղծ լինենք, ապա պիտի ընդունենք, որ Հայաստանը որպես պետություն ոչ թե հռչակվել, այլ՝ Օսմանյան Թուրքիայի կողմից ճանաչվել է Բաթումի պայմանագրով:



Մինչ այդ, իհարկե, հայ ժողովուրդը հերոսական ճակատամարտեր էր մղել Սարդարապատում, Բաշ Ապարանում: Բայց դա չի նշանակում, թե պատմական ընթացքն ուղղորդողը ՀՅԴ-ն էր, նրա գործիչներն են կերտել անկախ Հայաստանը: Ժամանակն է հաշտվել պատմական փաստերի հետ, մոռանալ վերջին երկու տասնամյակների ամպագոռգոռ ճամարտակությունները եւ ընդունել, որ ՀՅԴ-ն Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերից մեկն է, որ այսօր Ազգային ժողովում՝ յոթ պատգամավոր, կառավարությունում երկու նախարար ունի, բայց վաղը կարող է դառնալ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասեր, շարքային ընդդիմություն:



Դաշնակցության անցյալն առասպելաստեղծ է, ներկան՝ խորհրդավորության աուրայով, ապագան՝ խիստ անորոշ: Եւ որքան հեռանում են հեղափոխականությունը եւ էյֆորիան, որքան ծագում է գալիքը նախանշելու անհրաժեշտություն, այնքան պարզ է դառնում, որ դաշնակցությունը քաղաքական բավարար ռեսուրս չունի: Այդ է, թերեւս, պատճառը, որ նրա առաջատար գործիչները սկսել են սպառնալի ոճ դրսեւորել՝ անթաքույց հասկանալ տալով, որ ապագա դասավորություններում ՀՅԴ-ի  անտեսումը կարող է բերել անցանկալի հետեւանքների:



Դաշնակցությունն, այսպիսով, նոր իրողություններին փորձում է հակադրել հարյուրերսունամյա անցյալի՝ գերազանցապես իր իսկ կողմից գունազարդած, գործոնը: Բայց անցյալը, մանավանդ որ այն մեծապես առասպելաստեղծ է, պատկանում է անցյալին: Նոր ժամանակները բերում են պրագմատիկ առաջնահերթություններ:



**Վահրամ Աթանեսյան**