Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպու՞մ

Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպու՞մ
Ռուս քաղաքագետ Մաքսիմ Մայորովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում երկար կմնա իշխանության ղեկին, եւ Հարավային Կովկասում քաղաքականության առումով Մոսկվան այդ հանգամանքն արդեն իսկ հաշվի է առնում: Այդ մասին նա ասել է haqqin.az-ի համար բացառիկ մեկնաբանություններում:



Մայորովի կարծիքով՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտում թույլ չտա լարվածության աճ: Նա գտնում է, որ այս տարի շատ հավանական է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների գագաթաժողով, որից, սակայն, ղարաբաղյան կարգավորման մեծ սպասելիքներ չպետք է ունենալ:



Ռուս քաղաքագետը համարում է, որ կողմերն ունեն նաեւ ավելի արմատական հարցերի քննարկման անհրաժեշտություն՝ ակնարկելով, որ Միացյալ Նահանգները փորձում են Հարավային Կովկասում մեծացնել իրենց ազդեցությունը: Նա հիմնականում դրանով է բացատրում ԱՄՆ նախագահի՝ Իլհամ Ալիեւին հասցեագրած ուղերձի այն շեշտադրումը, որ առաջիկա ամիսներին կարող է բացվել ղարաբաղյան կարգավորման նոր հնարավորություն:



Ռուս քաղաքագետն, այսպիսով, գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ Ռուսաստանը կփորձի նախաձեռնությունը պահել իր ձեռքում եւ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ջանքեր կգործադրի, որպեսզի ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ արեւմտյան միջամտության փորձերը կանխվեն:



Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգներ է մեկնել Ադրբեջանի արտգործնախարարը: Ադրբեջանցի մեկնաբան Էլխան Շահինօղլուն չի բացառում, որ Մամեդյարովին ԱՄՆ է տարել Լեռնային Ղարաբաղի հարցը: Մայիսի 27-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Բաքվում անոնսավորել է, որ հուլիսին Փարիզը կհյուրընկալի Իլհամ Ալիեւին, իսկ տարեվերջին Ադրբեջան կայցելի Ֆրանսիայի նախագահը: Ի՞նչ առաջարկություններով է Ռուսաստանը հակազդելու ԼՂ կարգավորման բանակցությունների երկու արեւմտյան միջնորդ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիվանագիտական նախաձեռնություններին:



Մոտ ժամանակներս նախատեսվու՞մ է Պուտին-Ալիեւ հանդիպում: Սոչիում Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի առաջին հանդիպմանը քննարկվե՞լ է ղարաբաղյան կարգավորման հարցը: Մոտակա մեկ-երկու ամիսների զարգացումները թույլ կտան կռահումներ անել այս եւ այլ հարցերի շուրջ:



**Վահրամ Աթանեսյան**