Հաղթանակը մասնակցությունն է

Հաղթանակը մասնակցությունն է
Հայաստանում տասնամյակներ շարունակ ժողովուրդն ուղղակիորեն հեռացվել էր պետականաշինությանը մասնակից լինելու բնական, անառարկելի իրավունքից: Թավշյա հեղափոխությունը տվեց մասնակցության, հաղթանակների կերտման ու կազմակերպման հնարավորություն: Հնին հրաժեշտ տալու, մաշված ու ավտորիտար իշխանության մերժման, նոր իրականության, նոր շրջափուլերի կերտման գործընթացներին մասնակցեցին բոլորը՝ մեծից փոքր, եւ սա բացառիկ, վերագտնված արժեք է, որ պիտի պահպանել գրեթե ամենօրյա ռեժիմով:



Խորթացված եռագույնը, խորթացված օրհներգը, մյուս խորհրդանիշները վերջապես սիրելի, ըմբռնելի եւ հարազատ դարձան, եւ սա՝ առանց որեւէ կեղծ գաղափարական ստորոգությունների, որոնք հրամցվում էին նախկին իշխանությունների «թեթեւ ձեռքով»՝ էլ ավելի արժեզրկելով, անդունդը նետելով դրանց իրական ու մտացածին իսկությունները: Ամեն օր կեսգիշերին հեռուստաալիքներով ազգային հիմն հնչեցնել տալն ամենեւին որեւէ իմաստ, որեւէ ջերմ զգացում փոխանցել ի զորու չէր: Ազգ-բանակ հղացք մշակել-տարածելը բնավ հավաստիություն ու ակնածանք չէր ներշնչում:



Եվ ո՞ւմ կողմից էր դա արվում՝ լեգիտիմությունից զուրկ, վստահության վերջին կաթիլը սպառած, ամեն առումով անհնարին մի իշխանության, որ անդառնալիորեն հեռացել էր ժողովրդից, ատելության ու թշնամանքի եղանակ հաստատել, վերացական պղպջակի վերածել Հայաստանի անցյալը, պատմությունը, մաշեցրել բովանդակ ներկան, ջնջել վաղվա օրը: Ծուռ հայելիների թագավորություն էինք ապրում, կային իշխանավորներ, որոնք նմանվել էին Մարկեսի, առհասարակ՝ լատինաամերիկյան «դիկտատորական» վեպերում իրենց պալատների մեջ թափառող եւ ուրվականների հետ զրուցող լքյալ նախագահ-գնդապետներին, որոնք անգամ իրենց երազներում են ստեր ակնկալում՝ զգուշացնելով հպատակներին՝ «Ճշմարտությունն ինձ մի ասեք, կարող է կրակն ընկնեք»: Չէին ասում, փոխարենը՝ երկարուձիգ տարիներ քծնանք ու սուտ էին կաթեցնում: Վաղուց կրակն էր ընկել ժողովուրդը:



Սարդարապատում տարած փառահեղ հաղթանակը, Առաջին հանրապետության հարյուրամյակը հենց այս օրերին, հենց այս պահին ՀՀ քաղաքացիների կողմից լրիվ այլ հայացքով, այլ խանդավառությամբ, այլ լուսավոր զորավորությամբ է վերարժեւորվում. քաղաքացիներ, որոնք քաջաբար կերտեցին, տեր կանգնեցին իրենց պետության ամբողջական իրականությանը:



**Արամ ՊԱՉՅԱՆ**