Հեղափոխությունը ուշացրեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը

Հեղափոխությունը ուշացրեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը
Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում (Արամի եւ Նալբանդյան փողոցների հատույթում) պետք է տեղադրվեր նաեւ Առաջին հանրապետության հիմնադիր, հայ ազգային հասարակական-քաղաքական, ռազմական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Նման որոշում ամիսներ առաջ կայացրել էր Երեւանի քաղաքապետարանը եւ հայտարարել մրցույթ, համաձայն որի՝ հուշարձանը պետք է մարմնավորեր «հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը»:



Մրցույթն անցավ մի քանի փուլով, քանի որ արդյունքները գոհացուցիչ չէին։ Թեեւ մրցութային երկրորդ փուլն էլ չէր գոհացրել հանձնաժողովի անդամներին, բայց վերջիններս, այնուամենայնիվ, կանգ էին առել Դավիթ Մինասյանի առաջարկած նախագծի վրա, համաձայն որի՝ հեղինակն Արամ Մանուկյանին պատկերել էր եռագույնն ուսերին գցած՝ իբրեւ պատմուճան, որտեղ եռագույնի գույները պետք է արտացոլվեին քարերի միջոցով, իսկ գունավոր քարերը պետք է բերվեին արտերկրից՝ հեռավոր Հարավային Ամերիկայից։



Արձանի տեղադրմանն ընդառաջ մոտ մեկ ամիս առաջ սկսեցին նախապատրաստական աշխատանքները Արամի եւ Նալբանդյան փողոցների հատույթում, բայց մինչ օրս տեղադրվեց միայն արձանի պատվանդանը, իսկ արձանի բացումը, որը պետք է լիներ 100-ամյակի գլխավոր միջոցառումներից մեկը՝ տեղի չունեցավ։ 



Պաշտոնական բացման օրը դեռ նշանակված չէ, մեզ հետ զրույցում ասաց արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը, ինչ վերաբերում է արձանի տեղադրմանը, ապա այն հետաձգվել է տեխնիկական պատճառներից ելնելով՝ կապված երկրի իրավիճակի հետ։ Իսկ արձանը պատրա՞ստ է․ «Համարյա պատրաստ է, ընթացքում է»։



Մինասյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ֆինասական պատճառներով չի տեղադրվել, գումարը չի հատկացվել․«Ոչ, ոչ, ընդամենը տեխնիկական խնդիրներ են, այսինքն ճանապարհները փակվել են, հեղափոխություն է եղել եւ աշխատանքները ուշացել են, որեւէ ուրիշ խնդիր չկա»,-ասաց Մինասյանը։