«Ընտրության» մեխանիկա

«Ընտրության» մեխանիկա

Նախ Արցախի ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակը, ապա անձամք ինքը հայտարարեց , որ եթե առաջարկվող սահմանադրական փոփոխությունները չընդունվեն, եւ Սամվել Բաբայանը նախագահական ընտրություններին չմասնակցի, ապա իրենք որեւէ թեկնածուի չեն աջակցի, ամեն ինչ կանեն, որպեսզի ,,25 000,, ընտրող ներկայանա, բոլորին դեմ քվեարկի: «Մենք իրենց կկանգնեցնենք կատարված փաստի առջեւ»- վերոնշյալ հարցազրույցի ժամանակ ասաց Սամվել Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ Արցախում նախագահական ընտրությունները չկայացած ճանաչվե՞ն: Որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը չի դրվի հանրաքվեի՝ հավանականությունը չափազանց մեծ է: Այդ հարցում խորհրդարանը պետք է ունենա Գերագույն դատարանի պաշտոնական եզրակացությունը, իսկ մինչ օրս այդ առթիվ հնչած տեսակետները հիմնականում բացասական են, եւ Գերագույն դատարանը հազիվ թե փոփոխությունների սահմանադրականության հիմնավորումներ գտնի: Ինտրիգայինը ՊԲ հրամանատարի որդեգրած նոր կեցվածքն է՝ հասնել նրան, որ նախագահական ընտրությունները ճանաչվեն չկայացած: Որքանո՞վ է հավանական այս տարբերակը:

ՏԻՄ վերջին ընտրություններին մասնակցել է ավելի քան 67 000 ընտրող: Նկատի ունենալով, որ նախագահի ընտրությունները լինելու են ոչ պակաս մրցակցային, կարելի է վստահաբար ենթադրել, որ ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է լինելու: Ենթադրենք, որ Սամվել Բաբայանն իրականում վերահսկում է 25 000 ընտրողի(իրականում ԿԸՀ-ն հաստատել է 19 937 ստորագրության վավերականությունը), եւ նախագահի ընտրությանը նրանք միահամուռ «ոչ» են ասում բոլոր թեկնածուներին: Դա կնշանակի, որ այդ քանակի քվեներ կհամարվեն անվավեր: Եթե ելակետային վերցնենք ՏԻՄ ընտրություններին 67 000 մասնակցությունը եւ դրանից հանենք Սամվել Բաբայանի 25 000 աջակիցներին, ապա կստացվի, որ 42 000 ընտրող, այնուամենայնիվ, նախագահի ընտրությանը քվեարկելու է այս կամ այն թեկնածուի օգտին: Եւ, բնականաբար, ընտրությունները ճանաչվելուեն  կայացած, եւ հաղթելու է նա, ով կստանա բոլոր թեկնածուներին «կողմ» քվեների մեծամասնությունը:

Ընտրական օրենսգիրքը չունի նորմ, ըստ որի եթե քվեների X քանակություն անվավեր է, ապա ընտրությունները համարվում են չկայացած: Այնպես որ, սպառնալիքը, թե «մենք նրանց կկանգնեցնենք փաստի առջեւ» միայն տեսական է: Գործնականում նախագահի ընտրությունների վրա դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ՝ օրենքի տեսակետից: Ինչ վերաբերում է քաղաքական ազդեցությանը, ապա որեւէ երաշխիք չկա, թե մի քանի ամիս հետո «25 000»-ը մնալու է անփոփոխ կամ լռելյայն ենթարկվելու է ինչ-որ հրահանգի: Գործ ունենք բանական մարդկանց հետ, որոնց հայացքները, համոզմունքները չեն կարող պայմանավորված լինել մեկ մարդու, որքան էլ նա հեղինակություն ունենա, ցանկությամբ: Ավելի հավանական է, որ ժամանակի հետ այդ ռեսուրսները կմաշվեն: