Ո՞վ է Շիրակի մարզպետի իրական թեկնածուն

Ո՞վ է Շիրակի մարզպետի իրական թեկնածուն
Շիրակի մարզի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականից եւ գյուղնախարար նշանակվելուց հետո մարզում այս օրերին ակտիվորեն քննարկվում է մարզպետի ընտրության հարցը: Թեև մեր տեղեկություններով ամենահավանական թեկնածուն Գյումրիից ԵԼՔ դաշինքի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ 32-ամյա Կարեն Սարուխանյանն է,այնումանենայնիվ շրջանառվում էին նաև Ղարիբ Հարությունյանի եւ Կարեն Պետրոսյանի անունները, ովքեր Հանրապետության երկրորդ քաղաքում համարվում են հեղափոխության առաջամարտիկները:



Տեղեկացանք նաև, որ «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» տնօրեն Ղարիբ Հարությունյանը պատրաստվում է լքել հիմնադրամը՝ հրաժեշտ տալով տնօրենի պաշտոնին: Ինչո՞ւ եւ ինչ պատճառներով է թողնում Ղարիբ Հարությունյանը հիմնադրամը, պարզելու համար զրուցեցինք նրա հետ:



«Ինձ առաջարկներ կան ուրիշ տեղից, զբաղվածության խնդիր կա, առանձնապես լուրջ պատճառներ չկան: Մենք տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարություն ենք տարածել, բայց մինչև հիմա դիմողներ չկան, ավելի ճիշտ հայտեր կան, չափանիշներին չեն համապատասխանում»,-ասաց մեր զրուցակիցը՝ չմանրամասնելով, թե ինչ նոր աշխատանքի առաջարկի մասին է խոսքը:



Նրանից փորձեցինք հետաքրքրվել մարզպետի նշանակման մասին: «Ինձ որևէ նման առաջարկ որևէ մեկի կողմից չի արվել, մարդիկ են հիմնականում ցանկություն հայտնել: Հեղափոխության առաջամարտիկ լինելը դեռևս չի նշանակում, որ իշխանության մաս դառնալու ցանկություն կար: Առաջարկ լինելու դեպքում էլ, իհարկե, պետք է ծանրութեթև անել: Իսկ այդ օրերին մենք առաջին շարքերում էինք, որովհետև մեր քաղաքացիական պարտքը կատարեցինք, եւ ինչ-որ բանի հավակնություն չունեինք: Մենք մեր պարտքն ենք կատարել եւ քաղաքացիական հասարակության դաշտում ենք»,-ասաց Ղարիբ Հարությունյանը:



Անդրադառնալով ՔՊ անդամ Կարեն Սարուխանյանի թեկնածությանը, թե ինչ է մտածում, նշեց. «Դե, գյումրեցի տղա է, ճանաչում եմ»:



Նշենք, որ օրեր առաջ Կարեն Սարուխանյանն էլ մեզ հետ [զրույցում](https://www.hraparak.am/posts/5b02b8d0b3838a5582071a13/%D5%B7%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6-%D6%84%D5%BA-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A7) ասել էր, որ կուսակցության ներսում իր թեկնածությունն առաջադրելու որոշ քննարկումներ եղել են, պաշտոնական առաջարկ՝ դեռևս ոչ:



Հ. Գ. Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Ղարիբ Հարությունյանը «Գյումրին առանց տնակների հիմնադրամի » տնօրենի պաշտոնը թողնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Սրբազանի համար, քանի որ վերջինս ամիսներ առաջ հրաժարվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Տեղեկությունների համաձայն՝ Ղարիբ Հարությունյանին տնօրենի պաշտոնում առաջադրել էր հենց Սրբազանը:



**Արևիկ Հակոբյան**