44 հազար դոլար՝ 9-րդ տեղի, 262 հազար դոլար՝ եզրափակիչ չանցնելու համար․ Որքան գումար է Հանրայինը ծախսել «Եվրատեսիլի» վրա

44 հազար դոլար՝ 9-րդ տեղի, 262 հազար դոլար՝ եզրափակիչ չանցնելու համար․ Որքան գումար է Հանրայինը ծախսել «Եվրատեսիլի» վրա

Մոտ 800 աշխատակից ունեցող ու հարկատուների գրպանից ֆինանսավորվող հանրային միակ հեռուստաընկերությունը տարիուկես է՝ անցել է «խնայողությունների ռեժիմի»․ նոր Հայաստանի դրվածքն է, հակառակ դեպքում «վերեւները» չեն ների։ Բայց խնայողությունների այս «վետոն» որոշ շրջանակների այդպես էլ չի հասնում։

Օրինակ՝ օրեր առաջ պետական բյուջեից հեռուստաընկերությունը ծախսեց 21 մլն դրամ կամ ավելի քան 44 հազար դոլար, որպեսզի Հայաստանը մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին ու գրավի 9-րդ հորիզոնականը։ Հանրային հեռուստաընկերությունից «Հրապարակի» հարցմանն ի պատասխան նշել են, որ, օրինակ, «Մանկական Եվրատեսիլ 2019-ին» մեր երկիրը ներկայացրած Կարինա Իգնատյանի երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակային իրավունքի ձեռքբերման, համարի բեմադրության, ելույթի տեխնիկական ապահովման, PR արշավների ծախսերի, ինչպես նաեւ պատվիրակության կեցության եւ ճանապարհածախսերի համար հատկացված 21 մլն դրամից 8 մլն-ն հատկացրել է նախագծի հովանավոր հանդիսացող «Արդշինբանկը»։ Ի դեպ, նկատենք, որ վերոնշյալ բանկի «գովազդը» հեռուստաընկերությունն անում է ոչ միայն այդ նախագծի շրջանակում, այլեւ Հանրայինի ամենառեյտինգային նախագծերից մեկի՝ «Լավ երեկոյի» ընթացքում․ նոյեմբերի 22-ի թողարկմանը «Լավ երեկո» էին հրավիրել «Արդշինբանկի» վարչության նախագահ Արտակ Անանյանին։ 

«Մանկական Եվրատեսիլը» «դորդուբեշ» արած թիմը շուտով ակտիվորեն լծվելու է մեծերի «Եվրատեսիլի» ներհայաստանյան փուլի աշխատանքներին․ առաջիկայում մեկնարկելու է «Դեպի Եվրատեսիլ 3» նախագիծը, որի հաղթողն էլ 2020 թվականին Հայաստանը կներկայացնի մեծերի «Եվրատեսիլում»։ «Հրապարակը» հեռուստաընկերությանն ուղարկած հարցման մեջ հետաքրքրվել է, թե նախորդ 2 տարիներին պետական բյուջեից որքան գումար է ծախսվել մեր պատվիրակների ելույթների վրա։ Հարցմանը պատասխանել են, որ Սրբուկի ելույթի վրա հեռուստաընկերությունն ընդհանուր ծախսել է 80 մլն ՀՀ դրամ կամ 168 հազար դոլար, որից միայն 15 մլն դրամը հատկացրել է հովանավոր «Էվոկա» բանկը։ Դրա նախորդ տարին՝ 2018 թվականին կայացած «Դեպի Եվրատեսիլ 2»-ի եւ մրցույթին հաղթած ու Հայաստանը ներկայացրած Սեւակ Խանաղյանի ելույթի վրա Հանրայինը ծախսել է 44․5 մլն դրամ կամ 94 հազար դոլար։ 2 պատվիրակներն էլ 2018 եւ 2019 թվականներին «ձախողել» են եւ չեն անցել եզրափակիչ փուլեր։ 

ՀԳ․ Ամեն դեպքում, ցանկացած մրցույթից հետո «գայլերը» «կուշտ» են մնում, բայց «ոչխարներին» չի հաջողվում փրկել։