Պե՞տք են, արդյոք, նոր իշխանությանն արտահերթ ընտրություններ

Պե՞տք են, արդյոք, նոր իշխանությանն արտահերթ ընտրություններ
Թավշյա հեղափոխության կարեւոր դեկրետներից մեկը, այն է` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, վտանգված է: Վտանգված է այն առումով, որ առանց ԸՕ փոփոխության դրանց անցկացումն անիմաստ է, իսկ փոփոխություններ անելը լուրջ խնդիրների հետ է կապված, որովհետեւ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների հարց իրենց օրակարգում չկա՝ իրենք պատրաստվում են 2022-ի հերթական ընտրություններին: Սա նշանակում է, որ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու գործընթացն այնքան կձգեն, այնքան կքննարկեն, մինչեւ գա 2022 թվականը:



Հետաքրքիր է, որ արտահերթ ընտրությունների ծարավ չի դրսեւորում նաեւ խորհրդարանական փոքրամասնությունը, որն ունի վարչապետի աթոռ եւ ձեւավորել է, այսպես կոչված, ժամանակավոր կառավարություն: Այդ փոքրամասնությունից ԲՀԿ-ն, օրինակ, հայտարարել է, որ երբ էլ լինեն ընտրությունները, ինչ կարգով էլ անցկացվեն, իրենք քվեի խնդիր չունեն եւ հավակնելու են խորհրդարանում մեծամասնություն նվաճել: ԲՀԿ-ի համար, ինչպես ասում են, ծովը ծնկներից է: Գագիկ Ծառուկյանին առաջ են տալու եւ գնան ընտրությունների: ՀՅԴ-ն էլ առաջարկում է դանդաղ շտապել՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել ողջամիտ ժամկետում, որն իր հերթին բավականին առաձգական է, որովհետեւ գործող ԸՕ-ով ընտրությունների գնալը հավասարազոր է լինելու 2017թ. ընտրությունների կրկնությանը, իսկ ԸՕ փոփոխման գործընթացը կարող է ամիսներ եւ նույնիսկ տարիներ ձգվել, եթե մեծամասնությունը համառի: Մնում է ենթադրել, որ շուտափույթ ընտրություններ անցկացնելու հարցով ամենամտահոգը «Ելք»-ն է, որն այսօր չունի այդ ընտրությունների ժամկետների վրա ազդելու ամենափոքր հնարավորությունն անգամ:



Ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ իրավիճակը վտանգավոր է, որովհետեւ ժողովրդական աջակցության ռեսուրսը կարող է սպառվել, իսկ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը չի կարող ամեն անգամ մարդկանց փողոց հանել եւ հարց լուծել` ճնշում գործադրելով մյուս քաղաքական ուժերի, այդ թվում եւ՝ ՀՀԿ-ի վրա: Քաղաքագիտորեն կիսելով ՀՀ առաջին նախագահի մտահոգությունը՝ կցանկանայի, սակայն, մի վերապահում անել: Հայաստանում վիճակն այնքան էլ վտանգավոր չէ, որ բոլոր լույսերն անջատենք եւ տնից դուրս չգանք: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի բուն ընդդիմությունը` ՀՀԿ-ն, հետաքրքիր մարտավարություն է կիրառում` չխանգարել Նիկոլ Փաշինյանին, ռեւանշիզմի տուրք չտալ, սաբոտաժ չանել, լինել կառուցողական, ընդհուպ` աջակցել: Նման ընդդիմության մասին նույնիսկ ՀՀԿ-ն կերազեր, որ տոտալ ձեւով տիրապետում էր ամեն ինչ: Եվ հարց է առաջանում` այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններ պե՞տք են, թե՞ կարելի է յոլա գնալ նաեւ առանց դրանց:



«ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռեւանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա»,- Աշոտյանի խոսքն է՝ հավելումով․ «Բայց մեր օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա»:



Այն էլ ասենք, որ արդեն նկատելի է, թե ինչպես է նոր թիմը հարմարվում նոր կարգավիճակին․ պաշտոնից բխող հաճույքներ, շնորհավորանքներ գերտերությունների ղեկավարներից, կառավարական բնակարան, համհարզներ, քծնողների ահռելի բանակ: Այսքանից հետո մնում է միայն գուշակել` ի՞նչ կա շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ստեպ-ստեպ արվող բարձրաձայնումների տակ` ազնիվ նպատակ եւ ժողովրդի կամքի կատարման ձգտո՞ւմ, թե՞ առնվազն ՀՀԿ-ի հետ այդ հարցում հակադրվելու սովորույթ:



Նաեւ կցանկանայի Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, որ հասարակության մի խավին էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք են ոչ թե ՀՀԿ-ի նման ընդդիմությանը «սպիտակ արջերի մոտ ուղարկելու», այլ նորահայտ ֆեյսբուքիստ նախարարներից ազատվելու համար: Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է անել գործող կառավարությունը, եթե Հայաստանում Ֆեյսբուքը կես ժամով անջատվի: Շատ նախարարություններում, որոնցում հայտնվել են «կրեածիվ» ջահելները, մարդիկ զարմացած հետեւում են, թե ում են նրանք պաշտոնների նշանակում (օգնականներ, խորհրդականներ, խոսնակներ): Ֆեյսբուքյան ակտիվիստների երամներով, գիտելիքների եւ փորձի այս ներդաշնակ բացակայությամբ ո՞ւր են հասնելու նրանք: Այսպես, ախր, «աշխատում» են միայն ժամանակավորները, որոնք փորձում են ընձեռված հնարավորությունը վերածել սեփական PR կապիտալի: Վստահեցնում եմ` անխուսափելիորեն գալու է պահը, երբ ժողովուրդն արդեն դժգոհելու է ոչ թե նախկիններից, այլ նորերից, որոնք իրենց ապաշնորհությամբ հրաժարականի պարտադրանքի առջեւ կկանգնեցնեն անգամ ամենասիրված վարչապետին: Ահա այս ուղղությամբ լուրջ եւ անհետաձգելի անելիք ունի Նիկոլ Փաշինյանը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա այդ ուղղությամբ նա կարող է նաեւ չշտապել: Սովորաբար, «հեղափոխությունների» խոստումներն ավելի շատ են ու մեծ, քան «հետհեղափոխական» գործերը: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է առայժմ:



 



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**