․․․ Ի տարբերություն

․․․ Ի տարբերություն
Մինչ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահաբար պնդում էր, թե Ազգային անվտանգության ծառայությունը «շտապել» է հայտարարություններ անել կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ, ավելին՝ ակնարկել էր, թե ծառայությունը դեռ զղջալու է շտապողականության համար և «առաջիկայում նոր հայտարարություններ» կանի՝ «ետողորմյայի սկզբունքով», ՀՀ վարչապետին կից Ազգային անվտանգության ծառայությունը, այնուամենայնիվ, ականջալուր չեղավ ՀՀԿ խմբակցության ղեկավարի բարեկամական նախազգուշացումներին և դարձյալ «շտապեց»՝ այս անգամ, սակայն, հանրությանը մատուցելով ոչ թե սոսկ հայտարարություն կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ, այլ բուն իսկ կոռուպցիայի «բույնը», դրա ձևավորման նախապատմությունն ու մեխանիզմները, ինչպես նաև՝ մեկ-երկու դերակատարներին։



Ի դեպ, Վ․ Բաղդասարյանը, մթին ակնարկներ անելով, թե այդ իբրև թե կոռուպցիոն բացահայտումները «պետականամիտական» ինչ-ինչ մղումներով կապված են «նախորդ կառավարության հետ» պայմանավորվածությունների հետ, ենթադրաբար նկատի ուներ այն իրողությունը, որ ժամանակին ՊԵԿ-ի կողմից ստեղծված և տևական ժամանակ արտոնյալ-մենաշնորհային «գործունեությամբ» զբաղված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն փաստորեն պետության հետ փայատեր է եղել տվյալ գործունեության մեջ, հետևաբար և՝ «մաքուր-անխոցելի» է դարձել իրավական առումով։  Ասել է թե՝ գործ ունենք ոչ թե կոռուպցիոն խոշոր դրսևորումների, այլ «հանուն» պետության և պետական բյուջեի գործող ինչ-որ կառույցի հետ, որի հասցեին պետք է ոչ թե կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնել, այլ մի բան էլ շնորհակալ լինել՝ անշուշտ, շնորհակալ լինելով նաև  «նախորդ կառավարությանը»։  Ահա թե ինչու, Վ․ Բաղդասարյանի համոզմամբ, ԱԱծ-ն դեռ «նոր հայտարարություններ» կանի։



Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Այնքան շուտ, որ  ՀՀԿ-ական վերնախավը, նրա առաջնորդը, «նախորդ կառավարությունը» որքան էլ փորձեն նշված ՍՊԸ-ի  գործունեությունը հիմնավորել ու մեկնաբանել զուտ պետականասիրության «նվիրական» դիրքերից, նրանց համար շատ դժվար կլինի բացատրել, թե վերոնշյալ ՍՊԸ-ի ղեկավարին պատկանող շինություններում ի՛նչ-գործ ունեին աննախադեպ խոշոր չափի  գումարները։ Ի դեպ, այնքա՛ն խոշոր, որ հատուկ գործողություն իրականացնող՝ դիմակավորված ԱԱԾ աշխատակցի զարմացական հայացքն էր ակամա ֆիքսվել տեսանյութում․․․



Հ․Գ․։ _Անկասկած է․ «նախորդ կառավարությունն» ու նախկին իշխանությունները դեռ շատ կզարմացնեն հանրությանը, իսկ վերջինս կսպասի ԱԱԾ-ի նոր հայտարարություններին, մանավանդ որ, առաջին անգամը լինելով, լիովին վստահում է դրանց՝ ի տարբերություն ՀՀԿ վերնախավականների։_



**Լևոն Սարգսյան**