«Հեսա քեզ կագեբեի ձեռն եմ տալու, տեսնեմ՝ ոնց ես էդպես ապրում»

«Հեսա քեզ կագեբեի ձեռն եմ տալու, տեսնեմ՝ ոնց ես էդպես ապրում»
Էն թեժ շրջանն էր՝ Լևոն Տեր Պետրոսյանի հանրահավաքային փոթորկի։ Ահել ու ջահել ոտքի էին ելել։



Հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ մարդկային ծովը հեղեղել էր փողոցները, մի նիհարիկ տատի՝ «պռոստինի մեջ փաթաթված» ուզում էր փողոցն անցնի։ Բայց ո՞նց անցնի։ Տեղյակ էլ չէր, թե այդքան մարդն ինչու էր հավաքվել և ուր էր գնում։ Այնպիսի շփոթված տեսք ուներ, որ իսկույն ուշադրությունս գրավեց։ Կախվեց հայացքիցս՝ բալա ջան էդ ու՞ր եք գնում ազգովի։ Կողքինս սրամտեց․



-Տատի ջան ինքնաթիռ է վթարվել, մեր բարձր պաշտոնավորները մեջն են եղել․․․ Գնում ենք հոգեհանգստի։



Տատին նախ հիասթափվեց՝ քա՜, ես էլ ասեմ մի մեծ գործի եք գնում։ Հետո էլ թե՝



-Էդ ինքնաթիռը քանի՞ տեղանոց է եղել․․․



«Բռնի- բռնիի» այս օրերին տատիին հիշեցի։ Ո՜նց էր ուզում, որ բոլորը վթարված ինքնաթիռում տեղավորված լինեին ու մեկը հանկարծ պրծած չլիներ։



Հիմա նույն վիճակում են «պաշտոնյաների ձեռքից վառված մեր ժողովուրդը»։ Ուզում են, ու բնական է, որ բոլոր կաշառակերներին, ապօրինի ճանապարհով հարստացածներին բռնեն ու բանտերը լցնեն։ Այնպես տա՜ք են արձագանքում ազգային անվտանգության ծառայության հայտարարություններին՝ բա սրա, սրա ետևից ինչու՞ չեք գնում․․․



Մի տեսակ վախ կա մեջս, որ թացն ու չորը իրար են խառնվելու, ախր տասնամյակների ատելությունը պարպելը այնքան էլ հեշտ չէ, ինչքան թվում է։ Մարդկանց մի մասը ծայրահեղ աղքատության մեջ է ապրել, ու նրանց հոգեբանությունը «հարստացածներին հայտնաբերելու, պատժելու առումով » այլ կերպ է արձագանքում։ Հարևաններով վիճում էին, մեկն ասում էր՝



«հեսա քեզ կագեբեի ձեռն եմ տալու, տեսնեմ՝ ոնց ես էդպես ապրում»։



Ազգային անվտանգության նորանշանակ տնօրենը, նոր իշխանությունը գուցե ձև գտնեն՝ ակամայից հասարակության տարբեր շերտերին իրար դեմ չհանելու համար։ Դա չի նշանակում, որ ես դեմ եմ ապօրինի ճանապարհով հարստացածներին օրինական դաշտ բերելուն ու իրավական մյուս գործընթացներին։ Ես խոսում եմ այն հետևանքների մասին, որ հասարակության տարբեր շերտերի մոտ առաջանում ու կարող է էլ ավելի խորանալ, առանց փակագծեր բացելու։



Այս վիճակի մասին մտերիմներիցս մեկը մի շատ դիպուկ բան պատմեց։ Գուցե միտքս չկարողացա արտահայտել, հուսով եմ՝ այս պատմությունը կամբողջացնի․



«Մի մեծահարուստ մարդ շքեղ տուն ուներ։



Նա ուրեմն իր տան մեծ սրահը ամբողջովին հայելապատ էր արել... բոլոր պատերը միայն հայելի էին, միայն․․․



Ստացվում է այնպես, որ տան պահակը անզգուշաբար գիշերը իր շանը մոռանում է ներսում, դուռը փակում, գնում է...



Էս խեղճ կենդանին հանկարծ տեսնում է, որ շրջապատված է տասնյակ շներով, որոնք վրա են տալիս....



Սկսում է աջուձախից իրեն գրոհող շների դեմ կռիվ տալ, կռվում է ու կռվում... ողջ գիշեր մարտնչում է ԹՇՆԱՄԻ շների դեմ...



Առավոտյան շանը գտան արնաքամ վիճակում ․.. իսկ հայելիները կոտրատված ու արյունոտ...



ՀԳ Հայելիները գուցե հանենք ու հասկանանք՝ ով է իրական թշնամին։ Հետևանքների ետևից ընկնելով, կմնանք նույն կետում։



Հասմիկ Բաբաջանյան