Էն մշակույթի գործիչները, որոնք դեռ Սովետում են ապրում, իրենց պրոբլեմներն առաջ քաշեցին

Էն մշակույթի գործիչները, որոնք դեռ Սովետում են ապրում, իրենց պրոբլեմներն  առաջ քաշեցին
Արվեստագետ Նորայր Այվազյանն այսօր  մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մշակույթի գործիչների հետ նախաձեռնած հանդիպմանը։



«Իմ կարծիքով՝ նորմալ հանդիպում էր։ Էն մշակույթի գործիչները, որոնք դեռ Սովետում են ապրում, իրենց պրոբլեմներն ու փող ուզելն առաջ քաշեցին, Նիկոլ Փաշինյանը հրաշալի պատասխանեց։ Այսօրվա պահանջներից ելնելով՝ մշակույթը միայն պետական պատվերով չէ, մշակույթը պետք է գնա մարդկանց մոտ, մարդկանց ներգրավվի, միայն փող ուզելով չէ»,- հանդիպման մասին ասաց  Նորայր Այվազյանը։



Արվեստագետի դիտարկմամբ՝ կան մարդիկ, որոնք զբաղված են մշակույթով, կան մարդիկ, որոնք մշակութային գործիչներ են։



«Ես որպես գործիչ չէի գնացել, այլ որպես մշակույթի մարդ։ Մարդիկ այնտեղ հիմնականում ասում էին՝ բա էս ո՞նց անենք, էն թանգարանն ի՞նչ անենք, էն թատրոնն ի՞նչ անենք։ Ինձ այդ բաները չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է մշակութային ընդհանուր կոնցեպտը, որ ստեղծվի մշակութային միջավայր։ Քանի չկա այդ միջավայրը, դա չի գովազդվում, եւ մշակույթն առանձնացած է կրթությունից, ոչինչ չի ստացվի։



Ընդհանրապես՝ մշակույթը եւ գեղարվեստը լեզու են, ինչպես անգլերենը, հայերենը։ Դա համամարդկային ամենաընկալելի լեզուն է։ Եվ այդ լեզվով մենք պետք է դաստիարակենք։ Իսկ կրթված եւ դաստիարակված մարդն արդեն մշակույթ է։ Իսկ գործիչներն ի՞նչ կապ ունեն մշակույթի հետ, լիքը գործիչներ նստած են Երեւանի ավագանիում՝ Իգիթյան, Վարդազարյան։ Իրենք գործիչներ են, ի՞նչ կապ ունեն մշակույթի հետ»,- նշեց Նորայր Այվազյանը։



Արվեստագետը տպավորված է, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է մշակութային նոր քաղաքականության, մշակութային մթնոլորտ ստեղծելու  մասին, ոչ թե անհատական խնդիրների մասին։



«Նա ասաց, որ այդ հեղափոխությունը մշակութային երեւույթ էր։ Իսկ դրանք մասնագիտական խնդիրներ չեն՝ էս կինոն ո՞նց անեմ կամ էս թատրոնը ո՞նց անեմ»,- ասաց Նորայր Այվազյանը։ Իսկ նման հարցեր արծարծողները, ըստ նրա, պետք է գնան, նստեն մշակույթի նախարարությունում եւ ծրագրեր մշակեն։