Թշնամու գյուլլեն չէր կըրնա Մարտինին դիպչեր.զինծառայողի մահվան հանգամանքները դեռևս անհայտ են

Թշնամու գյուլլեն չէր կըրնա Մարտինին դիպչեր.զինծառայողի մահվան հանգամանքները դեռևս անհայտ են
Այսօր գյումրեցիները հողին հանձնեցին 20-ամյա Մարտին Խաչատրյանին: Մայիսի 22-ին նրան սպանված էին գտել մարտական դիրքում: Մարտինի մահվան հանգամանքները կասկածելի են եւ դեռևս չբացահայտված: Լուրերի համաձայն՝ զինծառայողին հայտնաբերել են գետնին ընկած, պաշտպանիչ ժիլետը հագից հանած: Քանի որ ինքնասպանության վարկածը ապացուցված չէ, հոգևորականների հետ խորհրդակցելուց հետո, որոշում կայացվեց նրա դին տեղափոխել եկեղեցի:



Ընդամենը 6 ամիս էր մնում, որ Մարտինը տուն վերադառնար: Հարազատները մեզ հետ զրույցում կասկածանքով ասացին. «Ախր, էդ երեխեն ընպես տեղ էր, որ թշնամու գյուլեն չէր կըրնա դիպչեր, ինքն էդպես տղա էլ չէր, որ իրա գլուխն ուտեր»: Ընկերներից մեկն էլ, սակայն, ասաց. «Ես մեծ կասկած ունեմ, որ հենց թշնամու դիպուկահարն է նրան խփել, մարտական դիրքերում է դեպքը եղել, ցերեկը: Ես էլ եմ ծառայել ու գիտեմ, որ էդ ժամերին տեսանելիությունը լավ է, դիպուկահարներն հենց էդ ժամանակ են ակտիվանում, ուղղակի զգոնությունդ վայրկյան անգամ չպիտի թուլացնես: Մարտինը զորամասում հարգված տղա էր, մենք հաճախ էինք հեռախոսով խոսում, որևէ մեկի հետ խնդիր չուներ, համենայն դեպս ինձ, երևի կասեր»:



Հարևաններն արցունքն աչքերին միայն դրական են բնութագրում նրան: «Էդ տեսակ զուսպ, շնորհքով ու համեստ, էս ինչ զուլում էր: Իր ուժերով Երևան ինստիտուտ ընդունվեց, ուսումը կիսատ թողեց, բանակ գնաց»,-պատմեց հարևան կանանցից մեկը՝ հիշելով, որ դեռ փոքր տարիքից թոքերի հետ կապված խնդիր ուներ: «Բանակից ազատվելու հազար պատճառ ուներ, քյոռփուց բրոնխիալ ասթմա ուներ: Կըրնային հետ գցեին, առաջին անգամ բանակ չտարան, սրտի հետ կապված խնդիր ուներ, առիթմիա էին ըսել: Ըսեցինք՝ Գրիգորի տեղն ուրիշն էղներ, տղին կազատեր: Գրիգորն էդպիսի բան չէր անի, ինքն էլ հաշմանդամ է դառել, պատերազմին է մասնակցել»: Հարազատների ասելով, այսուհետ ծնողների համար շատ դժվար է լինելու: Մարտինի կրտսեր եղբայրը՝ Աշոտը, նույնպես շուտով ծառայության է մեկնելու: Ասում են՝ մորը հույս են տվել. «Մի որդուդ կճանապարհես, մի քանի ամսից մյուսին կդիմավորես»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային` Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, Զինվորական ՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածները ստուգելու ուղղությամբ:



**Արևիկ Հակոբյան**