Պայքարում են ազգականները

Պայքարում են ազգականները
Արարատի մարզի Այգեզարդ համայնքում հունիսի 10-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում 5 թեկնածու է գրանցվել, որոնցից մեկին՝ 38-ամյա Վահագն Սարգսյանին, առաջադրել է ԲՀԿ-ն: Գործող 18 տարվա համայնքապետը՝ Արթուր Մանուկյանը, ինքնառաջադրվել է: Նա նախկինում ՀՀԿ-ական էր, այժմ անկուսակցական է: Ինքնառաջադրված մյուս թեկնածուն Արամ Մանուկյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Նա «Երասխի գինու գործարանում» գլխավոր գինեգործ է աշխատում: 27-ամյա Արամ Մանուկյանը, պարզվում է՝ գործող գյուղապետի ազգականն է՝ նրա հորեղբոր թոռը, եւ ազգականներով, փաստորեն, դուրս են եկել ընտրապայքարի: Հաշվի առնելով այն, որ Արամ Մանուկյանը «Նիկոլի կուսակցությունից» է՝ «ՔՊ»-ից, գյուղացիներից շատերը հակված են նրան ընտրել:



Մենք մի քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել գյուղապետ Մանուկյանի հետ, սակայն նա կարծեք ընդհատակ է անցել՝ չի արձագանքում մեր զանգերին: Գյուղապետարանից մեզ հայտնեցին, որ Մանուկյանը վերջին օրերին կարճ ժամանակով է լինում համայնքապետարանում եւ դուրս է գալիս ընթացիկ հարցերով: