Փաշինյանը «չունի» նախկին վարչապետի կադրերի հետ

Փաշինյանը «չունի» նախկին վարչապետի կադրերի հետ
Եթե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը «չուներ» այլ ուժերի կադրերի հետ, օրինակ՝ Դաշնակցության, ու պարբերաբար «բշտում» էր նրանց կառավարության նիստերի ժամանակ, ապա նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարծես «չունի» Կարեն Կարապետյանից «ժառանգություն» մնացած կադրերի հետ։ Այս կառավարությունում, հիշեցնենք, Կարապետյանի կադրերից երկու հոգի դեռ մնացել են, իհարկե՝ ոչ առաջին էշելոնում, այլ՝ երկրորդ։ Մեկը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն է, մյուսը՝ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։ Հենց նա էլ երեկ ընկավ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դռբի» տակ։



Նա երեկվա նիստի հենց սկզբում հարցրեց Կարապետյանին՝ ինչո՞ւ իրեն չի զեկուցել, երբ մայիսի 10-ին ՍԱՊԾ-ն ՌԴ իր գործընկեր «Россельхознадзор»-ից նամակ է ստացել։ «Ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այս նամակների մասին, պարոն Կարապետյան, ես ուզում եմ իմանալ Ձեր գործողությունները»,-ասաց նա ՍԱՊԾ պետին։ Հարցը, որի վերաբերյալ նամակներ էր ստացել ՍԱՊԾ-ն, թերեւս ավելի շատ տեխնիկական կամ ընթացակարգային բնույթի էր՝ կապված գյուղատնտեսական տարբեր ապրանքների արտահանման թույլտվությունների հետ։ Բայց Փաշինյանը մեծապես հետաքրքրված էր այս հարցով ու դրա համար էլ ՍԱՊԾ պետին փորձեց «պատին դեմ տալ», երբ վերջինս չկարողացավ հստակ բացատրություն տալ, թե ինչու չի զեկուցել իրեն այդ նամակների մասին։



Կարապետյանը փորձեց բացատրել, որ նամակները կրում են պարբերական բնույթ, տարվա ընթացքում ստանում են բազմաթիվ նամակներ եւ իրենք նույնպես ուղարկում են իրենց ռուս գործընկերներին։ Նա նշեց, որ տվյալ դեպքում այս նամակներն իրենք քննարկել ենք իրենց ռուս գործընկերների հետ։ «Կներեք, ես ուզում եմ իմանալ՝ Դուք ո՞ւմ եք զեկուցել, որ էսպիսի իրավիճակներ կան»,- հարցրեց վարչապետը։



«Ո՞ր իրավիճակի մասին է խոսքը, պարոն վարչապետ»,- ճշտեց Իշխան Կարապետյանը։ «Երբ կոնկրետ խնդրանքով են դիմում Ռուսաստանի մեր գործընկերները մեզ, կոնկրետ իրավիճակ են ներկայացնում, եւ հարցն ունի շատ կարեւոր նշանակություն, ես ուզում եմ իմանալ՝ ո՞ւմ եք զեկուցել։ Հարցն ունի շատ կարեւոր նշանակություն, ես, վարչապետի պաշտոնը ստանձնելով, զանգել եմ Ձեզ եւ հարցրել եմ, թե արդյոք մենք խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման ոլորտում, եւ Դուք ասել եք, որ, ըստ էության, խնդիր չկա։ Եվ մեր խոսակցությունից հետո Դուք ստացել եք երկու նամակ։ Իմանալով, որ ես էդ հարցով շատ հետաքրքրված եմ, բայց ինձ հետաքրքիր է՝ Ձեր գործողությունները նկարագրեք եւ ո՞ւմ եք զեկուցել տվյալ խնդրի մասին եւ ի՞նչ գործողություն եք ձեռնարկել խնդիրը լուծելու համար»,- իր հարցը շարունակեց պնդել վարչապետը։



Իշխան Կարապետյանը նորից նույնը կրկնեց, որ աշխատանքային կարգով քննարկում են ունեցել, Փաշինյանն էլ հակադարձեց․ «Դուք հարցը ճիշտ չհասկացաք, ո՞ւմ եք զեկուցել կառավարության անդամներից, գյուղնախարարին զեկուցե՞լ եք, փոխվարչապետին զեկուցե՞լ եք, վարչապետին զեկուցե՞լ եք»։ ՍԱՊԾ պետն էլ ասաց, որ քննարկում է եղել գյուղնախարարի հետ, բայց նաեւ փորձել է կապ հաստատել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ՝ չի հաջողվել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**