Նոր Հայաստան

Նոր Հայաստան
Իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ մենք չենք հասցնում դրանց հետեւել եւ ժամանակին արձագանքել։ Այսօրվա մեր համարից բազում լուրեր են դուրս մնացել։ Օրինակ՝ այն, որ 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Սասնա ծռերի» գործով կալանավորված Կարո Եղնուկյանը եւ մոտ մեկ ամիս հացադուլ անող Գարեգին Չուգասզյանը, որը պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, Նիկոլ Փաշինյանի այցից հետո դադարեցրեց հացադուլը։



Բայց օրը ոմանց համար այնքան էլ հաճելի լուրերով չէր հագեցած՝ ձերբակալվեց ոստիկանապետ Գասպարյանի թիկնապահ Արշակ Հակոբյանի եղբայրը, որն աչքի էր ընկել Էրեբունի թաղամասի դեպքերի ժամանակ։ Ինչպես նաեւ՝ Ազգային անվտանգության ծառայությունը գործողություն իրականացրեց «Նորֆոլք քընսալթինգ» ընկերությունում եւ որոշ տերմինալներում՝ ձերբակալելով մի շարք աշխատակիցների։



Սա թերեւս խոստացված բացահայտումների շրջանակներում է, որի մասին ԱԱԾ-ն խոստացավ առաջիկայում մանրամասներ հաղորդել։ Լուր ստացվեց, որ մարզպետներից մի քանիսը հրաժարական են ներկայացրել, մասնավորապես՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի։ Թեեւ առանց հրաժարականների դիմումների էլ պարզ էր, որ նոր իշխանությունները հին մարզպետների հետ չեն աշխատելու։



Երեկ հրաժարական տվեց նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ Մովսես Հակոբյանը։ Վճռաբեկ դատարանի մոտ կրկին բողոքի ակցիա արեցին Սամվել Բաբայանի կողմնակիցները՝ պահանջելով նրան ազատ արձակել։



Այս շարքում ես երկու փաստ էլ կավելացնեի՝ մեկը նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայտարարությունն է՝ Ամենայն հայոց կաթողիկոսին դատի տալու մասին, որը հրաժարվում է վճարել շինաշխատանքների դիմաց, եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հայտարարությունը՝ իր օգնականին քաղաքական հետապնդումների ենթարկելու մասին։