Խոսք հաղթանակի․ Ռոբերտ Պողոսյան (Մաս 2-րդ)

Խոսք հաղթանակի․ Ռոբերտ Պողոսյան (Մաս 2-րդ)

2 սերունդ՝ 1 կռիվ․ Հայր եւ որդի Պողոսյաններ

Ռոբերտ Պողոսյան՝ 21 տարեկան
Ապրիլյան պատերազմի մասնակից


Մարտակերտում մի տարվա ծառայող էի, երբ Ապրիլյան պատերազմն սկսվեց։ Ոչ ոք դրա լրջությունը չէր պատկերացնում, բայց երբ արկն ընկավ ուղիղ զորամասի տարածքում, դա եղավ ահազանգ։ Հետո տագնապ տվեցին ու մեզ տարան ճաշարան՝ սնվելու։ Իսկ եթե տագնապից առաջ ժամանակ են տալիս սնվելու, ուրեմն վիճակը լուրջ է։ Ամենազարմանալին էն էր, որ ոչ ոք չէր ուտում։

Կային մարդիկ, ովքեր վախենում էին, բայց դրանք էն մարդիկ էին, ովքեր շատ էին կինո նայել։ Ես գիտակցում էի, որ կռիվ է, իմ վրա կրակում են, ու ես էլ պիտի կրակեմ, բայց որ կարող ա ինչ-որ բեկոր ինձ կպնի, չէի պատկերացնում։ Եղել են դեպքեր, որ հրաման չեն տվել կրակելու, բայց կրակել ենք, եղել է, որ հրաման են տվել, բայց չենք կրակել։ Կանոնագրքային չէր ոչ մի բան, որովհետեւ կանոնագիրքը գրելուց ոչ ոք պատերազմի դաշտում այն չի գրել ու չի հաշվարկել, թե սնարյադը որտեղ կընկնի, դու էդ պահին ինչ անելուց կլինես, հրանոթն ինչից կփչանա։ Աստված չանի, որ ուրիշ սերունդ զգա էն, ինչ մենք ենք զգացել, դա հա՛մ վատ էր, հա՛մ՝ լավ, հա՛մ իմաստ ուներ, հա՛մ չուներ։ Չես կարա բացատրես, որովհետեւ առաջին անգամ ես զգում ու չես հասցնում հասկանալ, թե ինչ ես զգում։ Մտածելու ժամանակ չունես։

Քառօրյա պատերազմ է կոչվում, բայց կոնկրետ Մարտակերտում ապրիլի 26-29-ի գիշերը եղել է նույն ձեւ, ոնց ապրիլի 2-4-ը, նույնիսկ՝ ավելի ծանր։ Երբ ասեցին հրադադար է, մի քիչ հանգիստ էինք, բայց որ սկսվեց 2-րդ էտապը, վստահ էի, որ չեմ անցնելու։ Իսկ ո՞նց պիտի մարդ իրան զգա, երբ գիտի, որ վաղը չի լուսացնելու։ Ոչ թե ծանր էի տանում, այլ դրան նայում էի որպես իմ ճակատագիր։ Զարմանալին էն ա, որ 10 տարեկանից միշտ ասել եմ՝ հենց գնամ բանակ, կռիվ ա սկսվելու, չգիտեմ ինչի, ու հենց կռիվն սկսվեց, հիշեցի դա։ Զգում էի, որ 2-րդ փուլն իմ համար վերջն ա լինելու։ Համ «վստահություն» կար դրանում, բայց համ էլ՝ կասկած։ Մտածում էի՝ կարա՞մ, թե՞ չէ։ Հետո ամեն օրը նոր ծնունդ էր ու ամեն օրը՝ նույն տրամադրվածությամբ, որ էսօր վատ բան կարա լինի։

90-ականների Արցախյան պատերազմն ավելի դաժան է եղել, քան մերը, որովհետեւ էն ժամանակ եղել են ինքնաշեն զենքեր, ու նաեւ տեսել են, թե ում հետ են կռվում։ Այս պատերազմի ժամանակ «ունեինք» ամեն ինչ, բայց մի քիչ անորոշ էր։ Դու տեսնում ես, թե ոնց են նրանք հասնում Մարտակերտին, բայց ոչ թե մարդ ես տեսնում, այլ՝ տեխնիկա։ Ու եթե էն ժամանակ կոնկրետ գոյության պայքար էր, ու կռվի ժամանակ արել են ամեն ինչ, էս պատերազմում կոնկրետ մեր սերնդից ես մարդ չեմ ճանաչում, որ կարար թուրքի վիզ կտրեր։

Ամենաառաջին եւ ամենացավոտ լուրն էն էր, որ բեկորը 2 ամսվա ծառայողի գլխի մեջ էր մտել, բախտը բերել՝ չէր մահացել, բայց պարալիզացվել էր, 18 տարեկան տղա, որ մինչեւ հիմա չի քայլում։ Դրանից հետո զոհեր եղան ու պետք է լինեին, որովհետեւ պատերազմ է, դա բոլորն են գիտակցում, բայց ամբողջ կյանքը մարդ տանջվի՞ դրա հետեւանքով։

Հակառակորդից մենակ մի հրետանավոր կար, որ ճիշտ էր կրակում։ Մի օր 40 րոպե անդադար կրակեցին մեր վրա, անձրեւի նման սնարյադ էր գալիս, բայց մենք այդ ժամանակ գիտե՞ք ինչ էինք անում՝ հաց էինք ուտում, որովհետեւ նշանակետը 100 մետր սխալ էին հաշվարկել։ Կողքը ցորենի արտ էր, դրա տեղը անցած պատերազմին դիրքեր են եղել, ու իրենք մինչեւ հիմա գիտեն, թե մենք էդ դիրքերում ենք, այսինքն՝ կռվում էին անցած պատերազմի քարտեզով։ Ու հարցն էն չի, որ հակառակորդն ուժեղ ա կամ թույլ, իրանք ուղղակի կարճ են մտածում։ Էն ազգը, որ իր հողը վստահում է նայոմնիկներին, էդ ազգից չի կարելի վախենալ։

Ամենալուրջ եւ ամենախորը ապրումներն այդ ընթացքում կռվի հետ կապված չեն եղել, այլ, օրինակ, որ պապան կողքս կանգնած է․ դա հա՛մ ուժ ա տալիս, հա՛մ վստահություն, հա՛մ էլ ճնշում ա, որովհետեւ, բացի էն, որ պետք ա անես քո խնդիրը, կա ուրիշ ճակատ մտածելու՝ ոնց անես, որ հանկարծ ինքը չտուժի։

Ինձ մեկ-մեկ էն մտքի վրա էի բռնում, որ քարից եմ, անգամ կարոտ չեմ զգացել էդ ժամանակ։ Մարդիկ ասում են՝ էդ ամեն ինչից հետո սկսել եմ քիչ ժպտալ, բայց ինձ թվում ա՝ տարիքային ա, այ, լսողությունս էս ընթացքում վատացավ։

Հրադադարն ընկալվեց՝ ոնց հիմա հեղափոխությունը․ ամեն ինչ սպասելի ա, բայց ամեն ինչ լավ ա։ Ուրախ էինք, որ հրադադար էր, բայց ոչ ոք վստահ չէր՝ էդ կրակոցները, որ ուղղակի սկսել էին- ուղղակի պրծել, նորից էլի չէի՞ն սկսի։ Ամենավատ բանը ֆուտբոլիստի համար, երբ ինքը վերջին հարձակումն անում ա, պետք ա հիմա գոլ խփի, ու մրցավարը կանգնեցնում ա, որովհետեւ խաղը վերջացել է։ Մեր մոտ նույն զգացողությունն էր, երբ հրադադար հաստատվեց, որովհետեւ մենք կոնկրետ գիտեինք ինչ ենք անում, դեռ մի բան էլ՝ ավել, ու իրանք արդեն փախնում էին։

Ես վստահ եմ՝ էն մարդիկ, որ էդ ժամանակ զոհվել են, գիտակցելով են զոհվել։ Կինոներում ո՞նց ա՝ մարդիկ թրով, վահանով գնում էին պատերազմ՝ մեռնելու համար եւ ոչ թե հաղթանակի հետեւից, որովհետեւ պատերազմի ժամանակ մեռնելը պատիվ էր։ Այդ նույն հոգեբանությունն էր զորքի մեջ էս կռվում, ոնց որ բոլորը հերոսանալու ձգտում ունեին։ Կինոներում պատերազմն ավելի վառ ա ու հասկանալի, բայց իրական պատերազմում դու չես հասկանում ինչ ա կատարվում, չգիտես՝ քո հաջորդ քայլը որն ա լինելու։ Կինոներում դու հասնում ես ընկերոջդ ու փրկում, իսկ իրական կյանքում 10-ից մեկը կարա հասնի ընկերոջը, որովհետեւ վտանգը 4 կողմից չի, այլ՝ 6։ Պատերազմը կրակել ու սպանել չի, հոգիդ պիտի ուժեղ լինի, եթե էդպես չեղավ, ուրեմն միս ես։

Կռվի պահին չես կարա չգիտակցես, որ քո թիկունքում մի գյուղ կա, մի երկիր, մի տուն, անգամ էն կենդանիները, որ վազում են դաշտով, նույնիսկ իրանց մասին ես էդ պահին մտածում։ Այ, էդքան կարաս խորանաս, որովհետեւ ամեն մանրուքը կարեւոր ա դառնում։ Քո դիմացն էլի զինվորներ կան, դու իրանց ես պահում, իրանք՝ քեզ։

Ամեն ինչ հարաբերական ա, մենք տարածք ենք տվել, բայց մեզ հաղթած էինք զգում։ Հաղթանակը հոմանիշ չունի, կան ուրիշ բառեր՝ նվաճում, հաջողություն, բայց դրանք այլ իմաստ ունեն։ Եթե չլինեին քաղաքականությունն ու մի շարք «եթե-ներ», ամեն զինվոր իր զինակից ընկերոջ, ստորաբաժանման հետ մինչեւ վերջ կգնար։ Ես գիտեմ, ու ինձ նման շատերը, որ մենք լիքը շանս ունեինք հարձակվելու, եթե մեզ չխանգարեին։ Միլ Բաշիր քաղաքը, որ 2 Երեւանի չափ է, մի օրում մերը կլիներ։ Եթե ինչ-որ մեկը պարտվել ա, դա քաղաքականությունն է, ոչ թե մենք։ Մեզ ոչ մեկ չի հաղթել, չի վախեցրել, մեզնից ոչ մի բան չի վերցրել, ու ոչ մեկ չի կարա իրան թույլ տա ասի, որ մենք էս կռիվը պարտվել ենք։

Այդ ժամանակ առանց հավատի, աղոթելու հնարավոր չէր։ Մեր դիրքերում մկրտության արարողություն եղավ․ սպայի քավորը դարձավ զինվոր, զինվորի քավորը՝ սպա։

Հոգեւորականներն էդ ժամանակ մեր կողքին էին ու, բացի հոգեւորական լինելուց, իրենց կոնկրետ զինվորի նման էին պահում, մեր հետ հավասար լապատկա էին վերցնում, խրամատ քանդում։

Պատերազմը հայրենասիրություն չավելացրեց, հակառակը՝ կարա նույնիսկ քչացնի, երբ մարդ իր մաշկի վրա զգա, թե ինչ վնաս կարա իրան տա հայրենասիրությունը։ Էդ առումով իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, մենակ կյանքի մի դաս է ավելացել․ խաղաղ ժամանակ երբեք չես հասկանա, թե ում վրա կարաս հույսդ դնես։ Ամենալուրջ ձեռքբերումը բանակից էն մարդիկ են, որ ես իրանց իմ թիկունքը կվստահեմ, որովհետեւ երբ սնարյադներն ընկնում են, մի քանի վայրկյան ծուխ ա, ու դու չգիտես ում ա կպել, ինչ ա եղել, հանկարծ ծխի միջից լսում ես, որ քո անունը գոռացող կա։

Հայրենիքն սկսվում ա քեզնից, քո շրջապատից, հարազատներից, ընտանիքից, ու հողը չի խնդիրը, մի բուռ հողի համար ոչ մեկ կռիվ չէր տա։ Հայրենիք ունենալը շատ լավ բան է։ Հայրենիքն իմ համար դեղինն ա, երբ ասում եմ հայրենիք՝ դեղին գույնն եմ պատկերացնում, ինքն ավելի շատ հույս ա։ Էդ գույնի տակ դեմքեր պատկերացնել չի ստացվում, ուղղակի դեղին վարագույր ա, որից էն կողմ բան չես տեսնում։ Տրամաբանական կլիներ, որ պատերազմը սեւ լիներ, քանի որ կրակոցներ, լարված դեպքեր միշտ գիշերն են լինում, բայց ինձ համար մուգ կանաչ է, որովհետեւ պատերազմը նկար չի, որ մի գույն ընտրես էդ ամեն ինչից, պատերազմը նա է, ինչ դու տեսնում ես գլուխդ արագ թեքելուց, իսկ երբ կանաչ դաշտի մեջ լիքը զինվորներ են ու ծուխ, ամեն ինչ մուգ կանաչ է երեւում։

Մի երգ էի շատ լսում․ «Ու լսվեց հրաման, մի որոտ դղրդաց, ծանր արկերի տակ հողը թնդաց»։ Ռուբեն Հախվերդյանն է երգում՝ մի զինվորի մասին է, ով 100 մետր պետք ա վազի, որ կենդանի մնա, ու ինչքան կարճ են քայլերը խաղաղ, այնքան երկար է դաշտը կռվի։ Պատերազմն իմ համար էդ 100 մետրն էր, որ ուզում էի շուտ պրծներ։ Ես լսում էի էդ երգն ու ուզում էի բացառել էն տարբերակը, որ կարար բոլորիս հետ լիներ։

Եթե հակառակորդի մեջ մարդ ման գաս՝ պարտված ես, դա ամենասխալ բանն է։ Էն մարդիկ, ովքեր գալիս են մեզ սպանելու, իրանց մարդ համարել պետք չի։ Հենց մտածեցիր, որ ինքը քո նման մարդ ա, տուժելու ես։ Ամենասխալ բաներից մեկն է նաեւ պատերազմի ժամանակ տան մասին մտածելը։ Երբ մտածում ես, որ հենց հիմա մայրդ լացում ա, հայրդ օրը 5 տուփ ծխում ա, ախպերդ էլ տեղը չի գտնում, սկսում ես շտապել։ Ուզում ես շուտ հասնես իրանց, որ քիչ տխրեն, ու սխալներ ես թույլ տալիս, իսկ բոլոր սխալները շտապելուց են լինում։

Վատ բան ա պատերազմը, բայց լավ հիշողություններ մնացել են։ Հիմա ոնց են մարդիկ համախմբված, ծանոթ-անծանոթ՝ իրար փաթաթվում են, երգում-պարում, էն ժամանակ նույն բանն էինք զգում, ինչ հիմա մարդիկ՝ հեղափոխությունից հետո։

Պատերազմ էլի լինելու է, առանց դրա հնարավոր չի․ ո՛չ մենք կտանք խաղաղ ճանապարհով, ո՛չ նրանք։ Եթե անկեղծ՝ ինչքան շուտ, էնքան լավ։ Ու Ապրիլյան պատերազմից մինչեւ մյուսը քիչ ժամանակ կա։

Մաս 1-ն՝ այստեղ։https://www.hraparak.am/posts/5b06f8b34a13db06ca05e7f5/խոսք-հաղթանակի-անդրանիկ-պողոսյան-մաս-1ին)

Հրապարակ մշակութային հավելված