Խոսք հաղթանակի․ Անդրանիկ Պողոսյան (Մաս 1-ին)

Խոսք հաղթանակի․ Անդրանիկ Պողոսյան (Մաս 1-ին)

2 սերունդ՝ 1 կռիվ․ Հայր եւ որդի Պողոսյաններ

Անդրանիկ Պողոսյան՝ 55 տարեկան
Արցախյան պատերազմի մասնակից

Մինչեւ պատերազմը նույնիսկ չգիտեի, որ Ղարաբաղ գոյություն ունի։ 88-ին «Զվարթնոց» օդանավակայանում էի աշխատում։ Այնպես ստացվեց, որ առաջինը գնացի Գետաշեն, ՕՄՕՆ-ը ոտքի էր կանգնել, կռիվներն սկսվել էին, արդեն զգացվում էր, որ վիճակն այն չէ։ Ավելի ուշ եկավ նաեւ Թաթուլ Կրպեյանը։ Էդ պահից մեջս մի բան մտավ, ու էդպես մինչեւ վերջ գնացի։

Մասիսի Ազատաշեն գյուղում, որտեղ ապրում էինք, մեզնից ներքեւ ադրբեջանցիներն էին։ Ծնված օրվանից իրար հետ չենք ունեցել, անընդհատ տուրուդմփոցի մեջ էինք։

Վատն էն էր, որ իրանք Ղարաբաղի լեզուն մաքուր գիտեին, անգամ նույն համազգեստն էր հագներս։ Սրխավենդ-Կիչան կռվի ժամանակ այնպես ստացվեց, որ ով ում դեմ դուրս էր գալիս, խփում էր։ Չէինք ջոգում ով ով ա։ Խառը վիճակ էր, քանի որ երկու գյուղ իրար կպած էր։ Հետո, որպեսզի տարբերվենք իրանցից, լեյկոպլաստներով մեր վրա խաչ արեցինք, բայց նույնը նաեւ նրանք արեցին։ Ամբողջ Արցախ գնդից միայն ինձ էին ճանաչում, քանի որ մազերս կյաժ էր, մեկ էլ աբովյանցի մի տղու, նա էլ քաչալ էր։

Ես հիմնականում զենք-զինամթերք էի մատակարարում, հետո գնում միանում էի իրանց, բայց ամեն անգամ ինձ հետ էին ուղարկում, ասում էին՝ քեզ մի բան կլինի, մենք կմնանք առանց զենքի։ Ինչ զենք տանում էի, առաջինը ես էի փորձարկում, տենց տեխնիկա չկար, որ չիմանայի։ Առաջինը ես եմ իմ տղերքին կրակել սովորացրել, անգամ կինս կրակել գիտի։

Իմ հարսանիքի օրը Քելբաջարի հարձակումն էր, ու հենց հարսանիքի ժամանակ խաբար բերեցին, որ մոտիկ 3 ընկերներս զոհվել են։

Նեղություն կար, բայց համ էլ ուրախ էր անցնում, հեչ մտքովդ չէր անցնում, որ կարող է զոհվես։ Երկու եղբայրով գնացինք կռիվ, ու, որպեսզի մերս տանը մենակ չմնա, էնպես էինք անում, որ մեկս գար, մյուսը գնար։ Կռվի ժամանակ ինչ ասես, որ չեմ արել, բայց ավելի լավ ա չպատմեմ։

Տեր Գրիգորը, Տեր Հարությունը մեզ այնպես էին դաստիարակում, որ, Աստված չանի՝ հանկարծ իմ եղբայրն էլ վիրավորվեր, ես պետք է գնայի առաջ, որովետեւ իմ հետեւից եկողներ կային։ Պարգեւ սրբազանն էլ, ինչ ջոկատ դուրս էր գալիս մարտի, կնքում էր, նոր ճանապարհում։

94-ից մինչեւ հիմա կոմայի մեջ եմ, որովհետեւ ինչքան ընկեր տղերք ունեինք, կա՛մ զոհվեցին, կա՛մ հետո խփեցին։ Մնացած ընկերներս էլ, ում հետ ամբողջ պատերազմն անցանք, այսօր հիմնականում դրսում են։ Ապրիլի 24-ին գնացի Եռաբլուր, ընկերներիս մեծամասնության գերեզմանին ծաղիկ չկար, իսկ հրամանատարիս գերեզմանին մի չորացած ծաղիկ էր։ Շատ վատ տարա էդ փաստը, մտածեցի՝ երեւի էն վիճակին են հարազատները, որ ի վիճակի չեն իրենց երեխու գերեզմանին գալ։ Այլապես հնարավոր չէր, որ որեւէ մեկը չգար։

Առաջին զոհը մեր գնդից, ինչքան հիշում եմ, աբովյանցի Կոլիկն էր, հետո՝ բյուրեղավանցի Սամոն, Ապրեսյան Միշան, Մորուք Ռաֆոն ու էդպես մինչեւ այսօր։

Երբ գնացինք Կոլիկի դիակը բերելու, իմ վրա շատ ազդեց։ Էդ ժամանակ նաեւ երկրաշարժը եղավ։ Ինչքան զոհ ու դիակ ասես՝ տեսա, վիրավորներին սրսկում էինք ու ուղղաթիռով տեղափոխում։ Այ, էդ ժամանակ իմ միջից վախը դուրս եկավ, դագաղներով սեղան-աթոռ էինք սարքում, նստում դրանց վրա՝ հաց էինք ուտում, երկրաշարժն իմ միջից ամեն ինչ հանեց, մահը սովորական բան դարձավ։

Ղարաբաղցիք ասում էին՝ ախպեր, մենք սովոր ենք, ստեղ խմում, ընդեղ թաղում ենք, դուք մահը ծանր եք տանում, մնացեք թիկունքում։ Ինչ դիրք որ գրավում էինք, գիշերն իրանք էին մնում, որովհետեւ տարածքին ծանոթ էին, բայց առավոտները գնում փոխարինում էինք իրանց։

Վստահ էի, որ Շուշին գրավելու ենք, բայց Շուշիի հարձակման մասին շատ քչերը գիտեին, որովհետեւ մի քանի հարձակում Վազգեն Սարգսյանը ծրագրել էր, ու ձախողվել էր։ Շուշիի ազատագրումը պետք է լիներ մայիսի 5-ին, դրա մասին բոլորը գիտեին, բայց հանկարծ ամսի 8-ին հարձակվեցին։ Այդ ժամանակ Հորաթաղ էի, հենց իմացա, եկա Շուշի։ Ամսի 9-ի իրիկունը ես, Բոյաջյան Գուրգենը, Լոլոն նստած ենք Պարգեւ սրբազանի տանը՝ առաջին հարկում: Լույս չկա, ամբողջ քաղաքը վառվում ա, ավտոմատները մի կողմի վրա գցած։ Փայտի տաշտի մեջ խաշած ցորեն է, որը երեւի թուրքից էր մնացել, սարքել էին ուտելու, բայց թողել փախել էին։ Մեկ էլ Լոլոն մի հատ կրակահերթ տվեց, ու մենք վազեցինք առանց ավտոմատ, 5 հոգի ենք, 5-ս էլ ուզում ենք էդ դռնով անցնենք ու մնացել ենք դռան արանքում, մեկս մեկին խանգարում ա։ Գիտենք՝ Շուշին արդեն ազատագրված է, ու երեւի մեկն ուրախությունից ա կրակում, բայց, մեկ է՝ վազում ենք։

Հետո իրիկունն արդեն սկսեցինք եկեղեցին մաքրել, որովհետեւ դարձրել էին իրենց պահեստը, իսկ եկեղեցու վերեւի հատվածում անշնորհք բաներ էին գրել, բարձրացանք՝ դրանք էլ ջնջեցինք։

Պատերազմում հաղթում ա դուխը, հավատը։ Հավատի շնորհիվ հաղթեցինք, դրանում կասկած չկա։ Էն ժամանակ մեկս մի բան էր ասում, մնացածն ընդունում էին, կողքից ավել-պակաս խոսացող չկար։ Միասնական էինք, դա շատ կարեւոր էր։ Մեր ուշքնումիտքը հաղթանակն էր։ Հաղթանակից բացի պատերազմն ինձ ոչինչ չի տվել։

94-ին էր, վերջին մարտը, եղբայրս վիրավորվեց Թալիշի ուղղությամբ ու հենց էն դիրքում, որ էսօր հանձնել են թուրքերին։ Այդ ժամանակ օդանավակայանը փակ էր, ոչ մի թռիչք չկար, գնացի Գորիս։ Էնտեղ ուղղաթիռներ կային, մեկը վերցրեցի ու հասա Հորաթաղ։ Իջա ու անտառներով սկսեցի առաջանալ դեպի ջրամբարի կողմ, հանդիպեցի մեր ջոկատին, տղերքն ասեցին՝ լուրջ բան չկա։ Անտառի մեջ ծղոտից քոլիկ էր սարքած, մոտոցիկլի մատոռից էլ հոսանք էին քաշել ու եղբորս ձեռքը վիրահատում էին։ Տանկի բեկորը ձեռքի ոսկորից 8 սմ տարել էր։ Ասեցին՝ եթե կտորը գտնես բերես, ձեռքը կաշխատի։ Եկանք էդ հատված, բայց արդեն թուրքի ձեռքն էր, հնարավոր չէր այլեւս վերցնել։ Ուղղաթիռով եղբորս տեղափոխեցինք տուն, կոնքի հատվածից ճղեցին ոսկոր հանեցին ու դրանով ձեռքը հավաքեցին։ Իսկ վիրահատության դիմաց իմ ու իր ընկերությունը եկան արյուն տվեցին։

Մեր գյուղից ես ու եղբայրս ենք պատերազմի մասնակցել, մի մասը փախած էր, շատերին ես չթողեցի գնան, որովհետեւ դա էնպիսի բան է, որ մի անգամ գնացիր՝ գնացիր։ Հետո չէի ուզում պատճառ լինել, որ, Աստված չանի, իրանց հետ մի բան լիներ, ծնողներին ի՞նչ պատասխան պիտի տայի։

Քառօրյայի ժամանակ մեկը եկավ մտավ մեքենայիս մեջ, զենքը վերցրեց, սկսեց նկարվել, ասեցի՝ նկարվում ես, որ գնաս Երեւան՝ մարտական ուղի՞ հանես։ Էդ ձեւի մարդիկ շատ կային։ Իսկ էն հիմնական կռված տղերքն էսօր իրանց տները պարապ նստած են, որովհետեւ գործ չունեն, իսկ նրանք, ովքեր Ղարաբաղի տեղը չգիտեին, դեպուտատ են, ամբողջ ազգուտակով Արցախյան պատերազմի վետերան։ Չի կարա նեղվածություն, վիրավորանք չլինի, բայց եթե նորից կռիվ լինի, ոչ միայն ես, այլեւ իմ նման շատերն են գնալու։

Որ հավաքվում ենք մարտական ընկերներով, մեկս մյուսի վրա մի խնդալու բան կանի։ Քառօրյա պատերազմի ժամանակ Գորիսում էինք, իրիկվա ժամ էր, հաց կերանք, մի երկու բաժակ խմեցինք, ու տղերքը սկսեցին, թե՝ հեսա գնում ենք մորթենք դրանց, մեկ էլ ես սեղանների տակով պառկած եկա ու տղերքից մեկի ոտքից բռնեցի ու շան պես ձայն հանեցի, էնքան վախեցավ, որ զույգ ոտով փախավ ու բարձրացավ ավտոյի վրա։

Ապրիլի 2-ին կռիվը որ սկսվեց, զորամասում էի, զենք-զինամթերք էի մատակարարում առաջին գիծ։ Սկզբում գնացի Թալիշ, Մատաղիսի ջրամբարի մոտ տեսա երկու ոստիկան են կանգնած, ասեցին՝ թող մութն ընկնի, նոր լույսերդ հանգցրած մտի, ասեցի՝ չէ, տղես էնտեղ ա, գնում եմ։ Եկա՝ մարդ չկա, էրեխեքն առաջին գիծ են, լուր չունեմ Ռոբից։ Նայեցի, թե հրետանին որ թեւից ա աշխատում, եկա հենց էդտեղ կանգնեցի, ու մեկ էլ Ռոբը դուրս եկավ դեմս, զրուցեցինք, ասեցի՝ Ռոբ ջան, հո չե՞ս նեղվում, ասեց՝ պապ, սրա տարբերությունը նա է, որ դու կամավոր ես եկել, ինձ բերել են, բայց, մեկ է՝ սրանց հախից գալու եմ։ Ամեն անգամ նայում էի Ռոբի աչքերի մեջ ու ասում էի՝ Աստված իմ, մյուս անգամ էլ գամ ու սենց տեսնեմ։

Մեր պատերազմը հիմա կիսատ է ու ամեն պահի կարող է նորից սկսվել։ Մեկ է՝ դա լինելու է, սա լուծվող հարց չի։ Մինչեւ հիմա եթե մերոնք չեն կարողացել աշխարհին ապացուցել, որ Ղարաբաղը մերն է, ո՞նց կարա պատերազմ չլինի։ Բայց ասեմ՝ եթե սկսվեց, երկար չի տեւելու, որովհետեւ այսօր էն կարգի տեխնիկայով են կողմերը զինված, որ գուցե մի շաբաթ տեւի, ո՛չ ավել։

Մաս 2-րդն՝ այստեղ https://www.hraparak.am/posts/5b06f9f94a13db06ca05e7f6/խոսք-հաղթանակի-ռոբերտ-պողոսյան-մաս-2րդ

Հրապարակ մշակութային հավելված