Մենք աշխատել ենք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, աշխատելու ենք նաեւ Նիկոլի ժամանակներում

Մենք աշխատել ենք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, աշխատելու ենք նաեւ Նիկոլի ժամանակներում
**Նախկիններն ու մենք**



Երբ իշխանությունը փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին մամուլի աշխատողներիս մոտ հույսեր արթնացան, որ նախկին կոշտ մեթոդներն իրենց տեղը կզիջեն ավելի փափուկ մարտավարությանը։ Անշուշտ, հայտնի է, որ ոչ մի իշխանություն չի սիրում ԶԼՄ-ներին, մանավանդ դրանց ազատ ու անկառավարելի հատվածին։ Բայց վստահ էինք, որ քոչարյանական ծանր էպոխան իր տեղը կզիջի ավելի մեղմ ճնշումների դարաշրջանին։ Եւ իսկապես, ցանկությունները մնացին նույնը, բայց՝ մեթոդները փոխվեցին։ Եթե առաջ ուղղակի փակում էին, կամ՝ ծեծում, Սերժ Սարգսյանի օրոք սկսեցին վախեցնել, սպառնալ, «առնել» ու համոզել։ Ով ծախվելու էր՝ ծախվեց, ով վախեցող էր՝ վախեցավ, ով համոզվող էր՝ համոզվեց, իսկ մի խումբ լրագրողներ ու լրատվամիջոցներ շարունակեցին իրենց գործն անել՝ գիտակցելով, որ ազատ մամուլն իր առաքելությունն ունի եւ այդ առաքելությունը նախեւառաջ սանիտարի, բժշկի, քննիչի, սթափեցնողի ու զգուշացնողի առաքելություն է։ Իսկ երբ մյուս ինստիտուտները լավ չեն աշխատում, մամուլը ստիպված է իր վրա վերցնել նաեւ հետաքննական ու վերահսկողական ֆունկցիաներ, քաղաքական ընդդիմությանը բնորոշ գործառույթ ստանձնել։ Ասենք, Սյունիքի մարզպետի որդին հանցանք է կատարում եւ թվում է՝ պետք է իրավապահները դա քննեն, բայց սկսում են քննել ու բացահայտել ԶԼՄ-ները։ Կամ՝ ընտրությունների փուլում ընտրական խախտումներ՝ կաշառք, կեղծիքներ են կատարվում եւ մարդիկ դիմում են ոչ թե իրավապահներին, այլ խմբագրություններ, լրագրողներն էլ ստանձնում են դիտորդական ու հսկողական գործառույթ։ Բանակում յուրացումներ են՝ մամուլն է զբաղվում, պետական պաշտոնյան չարաշահումներ է արել՝ լրագրողներին են խնդրում գրել-զբաղվել։



Մարդու իրավունքները ոտնահարվել են, նրա հույսը մամուլի հրապարակումն է։ Հաճախ մեզ ահազանգողները խուսափել են ներկայանալուց, անվանական բողոքելուց եւ մեզ դրել են ծանր կացության մեջ, ինչպես պատահեց Գյումրիի ոստիկանապետի կողմից հայտնի սպորտսմենի հետ միջադեպի պարագայում, ինչի մասին մենք գրեցինք ու հայտնվեցին Հատուկ քննչական ծառայությունում եւ մեր աղբյուրը չբացահայտելու համար հասանք մինչեւ Սահմանադրական դատարան։ Բայց մենք չենք խուսափել, չենք վախեցել եւ հասկացել ենք, որ քաղաքացին իրավունք ունի վախենալ, լրագրողը՝ ոչ։ Քաղաքացին իրավունք ունի անանուն հանդես գալ, բայց եթե նրա բարձրացրած հարցը կարեւոր է, մենք պարտավոր ենք այն բարձրաձայնել, անգամ անանուն նամակներ տպելու մեջ մեղադրվելու գնով։ Եւ այդ ամենը արել ենք առանց հերոսական կեցվածքի, առանց երախտագիտության ակնկալիքի կամ, որ հատկապես կարեւոր է՝ վարձատրվելու կամ ֆինանսական շահի համար։ «Հրապարակի» ընթերցողները, հուսով եմ, կվկայեն մեր անշահախնդիր վերաբերմունքի ու լրագրողական բարեխղճության մասին։ Մեզ փորձել են ճնշել ու սպառնալ, վախեցնել ու զսպել։ Հարյուրավոր նման դեպքեր կան, որոնց մասին անգամ չենք բարձրաձայնել, որովհետեւ փիառի կարիք չունենք եւ մեզ հերոս չենք համարում։ Մենք մեր համեստ գործն ենք արել ու անում, հուսալով, որ ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի։ Բայց արդարության համար պետք է նաեւ նշենք, որ նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ գիտակցել են մամուլի կարեւորությունը եւ հանգիստ են վերաբերվել մեր քննադատությանը։ Դրանց մեջ, օրինակ, ձեր «չսիրած» Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը, շատ ուրիշներ, որոնք երբեւէ չեն անհանգստացրել իրենց հասցեին բացասական բան գրած լրագրողին կամ խմբագրին։ Ճիշտ է՝ որոշ քաղաքական ուժեր, կամ կազմակերպությունների ֆեյսբուքյան ֆեյքերի բանակներ են պահել եւ պարբերաբար «քսի» տվել մեզ վրա, բայց ժամանակի ընթացքում դրանք էլ են հանդարտվել եւ մենք գրել ենք այն ամենը, ինչ ճիշտ ենք համարել եւ այնպես, ինչպես ճիշտ ենք համարել։



**Ներկաներն ու մենք**



Նոր իշխանությունը ընդդիմությունից, փողոցից կառավարություն եկած մարդիկ են, որոնց հետ մենք տարիներ շարունակ սերտորեն աշխատել ենք, իրենց համարել ենք մեր գործընկերը, ներկայացրել ենք նրանց յուրաքանչյուր քայլն ու խոսքը, քանզի պետական քարոզչամեքենան նրանց, որպես կանոն, անտեսում էր եւ նրանք լսված լինելու, հանրության հետ շփվելու խնդիր ունեին։ Մենք, ինչու չէ, նաեւ խոսափողի եւ խողովակի դեր ենք խաղացել՝ իրենց գաղափարներն ու տեսակետը ժողովրդին հասցնելու եւ այս հեղափոխությունն իրականացնելու համար։ Իսկ վերջին փուլում առհասարակ՝ Նիկոլ Փաշինյանին «ուղեկցել» ենք սկսած Գյումրիից, հետեւել ու լուսաբանել յուրաքանչյուր շարժումն ու քայլը։ Ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ նաեւ մամուլի շնորհիվ կայացավ այս իշխանափոխությունը։ Եւ եկանք հասանք մայիսի 8, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ ու սկսեց ձեւավորել իր կառավարությունը։ Եթե հեղափոխություն արած շարքային մարդկանց համար դրանից հետո ոչինչ չի փոխվել եւ Նիկոլը շարունակում է մնալ մարզերով քայլող իր հերոսը, որը հեռացրել է «վիշապին», ապա մամուլի եւ լրագրողների համար շատ բան է փոխվել։ Մենք այլեւս գործ ունենք իշխանության հետ։ Այո, երիտասարդ, այո՝ նորելուկ ու անփորձ, բայց իշխանության։ Եւ կոչերը՝ «թողեք աշխատեն», 100 օր ժամանակ տվեք, եթե անգամ զգացմունքային են ու ականջ շոյող, ապա մամուլի աշխատանքի համար թելադրող նշանակություն չեն կարող ունենալ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ՝ նախ, մենք չենք կարող դավաճանել մեր մասնագիտությանն ու աշխարհին նայել շարքային սպառողի աչքերով։ Մենք պետք է գրենք ու լուսաբանենք՝ աշխատելով մի կողմ դնել մեր հակակրանք-համակրանքները։ Մեզնից հասարակությունը նոր իշխանությունների քայլերի ու գործողությունների վերլուծություն եւ իրական լրատվություն է պահանջում, այլ ոչ թե էմոցիոնալ՝ «Նիկոլ ջան, քո ցավը տանենք» տիպի հայտարարություններ։ Էլի խնայող լինենք ու սպասենք կոնկրետ քայլերի։ Բայց եթե նորելուկ նախարարը չի գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի կարեւորությունը եւ առաջին 5 օրում 15 հայտարարություն է անում՝ իրարամերժ ու սխալ, հետո՝ սկսում սրբագրել դրանք, մենք չենք կարող գոնե չարձանագրել այդ ամենը, իրար կողքի չդնել, չասել՝ դանդաղ շտապեք։



Ի վերջո, մեր աջակցությունը նորերին հենց իրենց սխալներն ու վրիպումները ցույց տալու մեջ է նաեւ։ Հասկանալի է, որ կյանքում թերթ չկարդացած եւ «Հրապարակն» առաջին անգամ «բացած» որոշ մարդկանց համար անսպասելի է, որ քննադատում են իր սիրելի երիտասարդներին, բայց դա պատճառ չէ, որ գրեն՝ «բա ինչի առաջ չէիք գրում», կամ՝ «լավ ա անում մեր նախարարը, ինքը ձեզանից լավ գիտի»։ Սրանք ամենամեղմ արձագանքներն են, չենք խոսում հայհոյանքների, վիրավորանքի, տգիտության, մամուլի դերը չհասկանալու մյուս դրսեւորումների մասին։ Գրում էինք՝ առաջ, գրելու ենք հիմա ու գրելու ենք հետայսու։ Եթե ՀՀԿ-ականներին էինք ժամանակին ասում՝ մի արեք, սխալ եք, նույնն ասելու ենք նաեւ ՔՊ-ականներին։ Շատ լավ կլիներ, որ հանդուրժողականության եւ սիրո մասին խոսող երիտասարդ իշխանավորներն՝ իրեն «լայվերն» ու ֆեյսբուքյան էջերն օգտագործեին առաջին հերթին իրենց համակիրներին կոչ անելու համար՝ թողեք մամուլն աշխատի, մենք էլ ենք քննադատության ենթակա, մեզ պետք է այդ քննադատությունը, այն օգնում է մեզ եւ նմանատիպ բովանդակությամբ։



Վերջին 30 տարվա մեր պետականության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն ազատ խոսքն է, մամուլի ազատությունը, եւ շատ տխուր կլինի եթե Սերժ Սարգսյանի ռեժիմից երկիրն ազատած երիտասարդները մեզ տանեն դեպի խորհրդային անազատ մամուլ ու մամուլի ազատության հարցերում մենք նահանջ ապրենք։ Շատ ցավալի կլինի տեսնել, թե ինչպես են մամուլի օգնությամբ իշխանության եկած երիտասարդները ճզմում մամուլն ու թաքուն խրախուսում մեր բերանը փակող, ազատ խոսքը հետապնդող կիսագրագետ զանգվածին։ Նման «հարձակումներ» ոչ քոչարյանական ժամանակներում են եղել, ոչ սարգսյանական։ Հուսով ենք, որ նիկոլի ժամանակ ասվածը ցարական ժամանակներին վերադարձ չի նշանակելու մեզ համար։



**Արմինե Օհանյան**