Հեղափոխություն

Հեղափոխություն

Մոտեցող հեղափոխության ձայնը

Սկզբում, երբ ամեն ինչ լուռ էր,

մի ձայն կար գիշերվա մեջ՝

տագնապալի, ներսը տակնուվրա անող,

որ չէր թողնում քնել։

Ասես շատ հեռվում՝ պողոտայի ամենածայրին

մարդիկ ջարդում էին մեքենաներ,

ոստիկանները ջարդում էին մարդկանց,

ու փշրվող մետաղի, փշրվող ոսկորների ձայնին

խառնվում էին աղաղակներ՝

երբեմն հաղթական, երբեմն կաղկանձ։

Հետո թվում էր՝ մոտակա ծառերի

սոսափյունն է ընդամենը,

կամ էլ ինչ-որ թռչուն է տարաշխարհիկ,

կամ կլանչում է հեռվում վիրավոր մի մեքենա։

Եվ հանկարծ լսվում էր պարզ,

որ արյան գետ է հոսում փողոցով՝

պղտոր, վարար, փրփրած...

Իսկ երբեմն էլ թվում էր, թե այնտեղ՝ հեռվում,

համբուրվում են երկու հոգի,

որ իրավունք չունեն սիրելու իրար,

ու տարածվում է աշխարհի վրա

խուլ բաբախյունը նրանց սրտերի,

որ ասես լիներ մոտեցող գնացքի ձայն։

 

Գրողները փակում են գրողների անունները կրող փողոցները

Հեղափոխության ամենաթեժ պահին

իվենթ բացեցինք ֆեյսբուքում.

մի խումբ արդի հայ գրողներով

որոշել էինք վրեժ լուծել դասականներից

Եվ փակել նրանց անունները կրող փողոցները։

Մենք, իհարկե, սիրում ենք նրանց,

բայց դեմ ենք նրանց հեգեմոնիային,

մաֆիային, կլանին ու մոնոպոլիային,

եւ որ նրանց ամեն բլթոց

ընդունվի որպես գլուխգործոց քերթության։

Հատկապես, որ կանք մենք՝

տաղանդավոր, քաջարի ու հայրենասեր՝

ոչ պակաս ու գուցե նույնիսկ ավելի,

ու նրանցից ավելի լավ գիտենք,

թե հիմա, հենց այս պահին որն է որից հետո։

Եվ ընդհանրապես ի՞նչ հեղափոխություն

առանց նոր գրողների ապստամբության

ընդդեմ հին գրողների,

այս կռիվը վաղուց հեղափոխական

ավանդույթ է անժխտելի։

Թումանյանի թանգարանի մոտ

չորս գրող էինք, որոնց սպասում էր արդեն

ոստիկանական չորս մեքենա,

ամեն մեկի մեջ՝ տասը ոստիկան

եւ մի մատյան գունդ բաշիբոզուկների։

Հիմքում հաշվարկն էր երեւի,

որ Հայաստանի յուրաքանչյուր բնակչի

հասնում է 3.7 գրող

եւ 100-ից ավելի՝ իրենց մտքերը ֆեյսին հանձնող մարդիկ,

որ իրենց համարում են գրող եւ գուցե ոչ հանիրավի։

Նրանք սպասում էին՝ փողոց փակենք,

որ կարողանան մեզ բերման ենթարկել,

ինչու չէ՝ քոթակել գուցե,

բայց մենք չբռնվեցինք անհավասար մարտի,

սպասեցինք, որ սպասելուց հոգնեն։

Ու երբ վերջապես գնացին,

քայլեցինք դեպի խաչմերուկ,

որտեղ Թումանյանը Տերյանին ասում է՝ բարեւ,

սա էլ, թե՝ այդ դո՞ւ ես, Օհաննես,

էսօր կա՞ քեֆ ու հանդես։

Եվ մարդիկ, որոնց տանձին չէր բնավ,

թե ում անունը կրող փողոցով են քայլում,

Եկան ու կանգնեցին մեր կողքին՝

Վանկարկելով խրոխտ ու կատաղի.

«քայլ արա, մերժիր սերժին»։

Թողեցինք նրանց այդտեղ

ու ծլկեցինք նոր խաչմերուկներ գրավելու,

բարեւ, Խաչատուր, էլ չի օրհնվելու ոչ մի սհաթ՝

նշանավորված օտար զինվորի սֆաթով,

իսկ քեզ, Միքայել, ահա ազատության նոր շունչ։

Եվ արդեն ճանապարհ էինք ընկել դեպի Չարենց,

երբ խաչմերուկներում թողած ամբոխները խելագարված,

որ վերուվար էին հոսում գրողների փողոցներով,

մեզ քշեցին, տարան դեպի օվկիանը լայն՝

Հանրապետության Հրապարակ,

Որտեղ սպասվում էր հանրահավաք մի մեծ։

Բաց ձեռքերի հեղափոխություն

Ձեզ սխալ են զեկուցել, պարոն,

Դուք չեք տիրապետում իրավիճակին,

Դուք չունեք իշխանություն,

Երկրում հեղափոխություն է։

Հեղափոխությունը այրվող ավտոները չեն,

Հեղափոխությունը արյան լճակները չեն,

Հեղափոխությունը գազազած ոստիկանը չէ,

Հեղափոխությունը ծեծվող ցուցարարը չէ,

Ատելության ու նախանձի մեջ,

Քծնանքի, մաղձի մեջ ու գաղջի

Հեղափոխությունը

Սերն է ու համերաշխությունը։

Մենք բարձրացրել ենք մեր բաց ձեռքերը,

Մեր ձեռքում չկա քար, դանակ, նռնակ,

Մենք հանձնվում ենք սիրուն, որ հորդում է մեզնից,

Լավ նայեք, պարոն, տեսեք, ահա.

- Փակիր իմ ճանապարհը,- թախանձում են ավտոները,

Եվ ցուցարարները սրտանց փակում են փողոցները։

- Բերման ենթարկիր ինձ,- աղաչում է ցուցարարը,

Եվ ոստիկանը քնքշանքով բերման է ենթարկում նրան։

- Ասա ինձ, որ քոնն եմ,- խնդրում է ոստիկանը,

Եվ ցուցարարը գոռում է. «Մերն է ոստիկանը»։

Եվ ոստիկանը ցած է նետում վահանը,

Եվ ոստիկանը հանում է սաղավարտը,

Եվ քայլում են իրար գրկած,

Ցուցարարն ու ոստիկանը։

Սա է հեղափոխությունը՝ սերը այս ամենակուլ,

Որ սպանում է թշնամանք ու վրեժ,

Մենք նույնիսկ Ձեզ ենք, Սերժ, սիրում,

Սիրով ենք մերժում Ձեզ՝ վուվուզելով ու սիգնալով

Մեր խաղերով չխաղացած ու մեր սարի սմբուլ պարով,

Մի բեռնատար ձյունով՝ ամռան շեմին,

Եվ դա է հեղափոխությունը՝ մեր մանկական ժպիտը,

Որի մեջ թախիծը կա բաժանման՝ գնաք բարով...

Սա երազ է, ու հիմա դուք կարթնանաք

Դուք տեսնում եք ու չեք հավատում,

երանի նրանց, որ առանց տեսնելու էին հավատում՝

սիրելու պես հեռու, անծանոթ, երբեւէ չհանդիպած մեկին՝

այն սիրով, որի մեջ չկա հույս, սպասում, չարություն,

որ աննկատ ու անհիշատակ մարելու է՝

ինչպես երազները մեր մանկական,

որ կորցրել ենք ծանր աշխատանքի ու զվարճանքի մեջ

եւ կամ պահել ենք, ինչպես ծանր ու թանկարժեք զարդեր,

որ անհարմար է կրել ամեն օր,

եւ որ պահ ենք տվել ինչ-որ մարդկանց,

գրքերի ու մեղեդիների, տեղանքներին,

որոնք մեզ հիշեցնելու են,

թե ինչի համար ենք ծնվել։

Ու հատուկ շնորհակալություն նրանց,

որ գտել ու խնամել են մեր երազները՝

լուռ սպասելով , որ կգնանք նրանց հետեւից,

ինչպես ծնողները՝ զավակների, որոնց լքել են։

Երանի, երանի մեզ, որ միշտ սիրել ենք,

եւ գտել է մեզ մեր հաղթանակը,

ինչպես հրաշքը՝ հավատացյալին,

եւ մարդը այն հեռավոր ու հորինած,

որին սիրել ենք լուռ ու առանց ակնկալիք,

ահա ժպտում է մեզ, աչքերում՝ սիրո օվկիան,

նա եկել է, որ ասի՝ ոչ ես, դու ես իմ երազը։

Ու որ հողը պահենք մեր ոտքի տակ,

մենք պիտի ընդունենք, որ խելագար ենք,

որ մի բան այն չէ հենց մեզ հետ,

որ սա երազ է, ու հիմա մենք կարթնանանք...

Դա է գինը մեր առողջության,

դրա համար

մենք տեսնոմ ենք ու չենք հավատում,

առանց տեսնելու ավելի հեշտ է հավատալը։

Առաջնորդը եւ ժողովուրդը

Ժողովուրդը սիրում է առանջորդին,

Առանջորդը սիրում է ժողովրդին,

Եւ դեռ ոչինչ չի պղտորոմ նրանց երջանկությունը։

Օրվա ընթացքում ոչ մի պահ

Առաջնորդը չի մոռանում ժողովրդին,

Եւ ժողովրդի շուրթերին է հա առաջնորդի անունը։

Իսկ ամեն երեկո, քուն մտնելոց առաջ

Նրանք գրկում են իրար ու սեր անում,

Ու շշնջում են իրար քնքույշ-քնքույշ բառեր։

Առաջնորդը մրսած է ու հազում է,

Ժողովուրդը նրան տալիս է մոռի մուրաբա ու թեյ,

Ծածկում բրդյա ծածկոցով ու սիրով։

Խաղաղություն է առաջնորդի դեմքին,

Երջանկություն՝ ժողովրդի,

Նրանք վայելում են իրենց մեղրամիսը։

Ու թքած, թե տունը թափթփված է,

Ամանները կեղտոտ են,

Ու ճաշ չկա եփած։

Ու թքած, թե շուտով կենցաղը խժռելու է սերը.

Միշտ հիշելու են այս աննման օրերը

Առաջնորդը եւ ժողովուրդը։

Արփի Ոսկանյան-գրող, բանաստեղծ

Հրապարակ մշակութային հավելված