Առցանց անդամագրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Առցանց անդամագրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Թավշյա հեղափոխության արդյունքները դե յուրե արձանագրելուց հետո ընդդիմությունը, ի դեմս, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այժմ իր շարքերը համալրելու ակտիվ աշխատանքների փուլում է: Հեղափոխական գործընթացներից հետո հանրային հետաքրքրությունը, բնականաբար, մեծացել է «Սերժի մերժումը» գլուխ բերած Փաշինյանի հարազատ կուսակցության հանդեպ, եւ դա դրսեւորվում է անդամագրումների տեսքով: Այս մասին են վկայում կուսակցության երեւանյան գրասենյակների պատասխանատուները: «ՔՊ»-ն, ի դեպ, անդամագրումների համար օգտագործում է նաեւ վիրտուալ հարթակը. մասնավորապես՝ կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում իրականացվում է էլեկտրոնային անդամագրում: «Անդամագրվել ցանկացողները կարող են լրացնել էլեկտրոնային դիմումը, որից հետո դրանք կքննարկվեն կուսակցության վարչության կողմից։ Ուրախ կլինենք մեր շարքերը համալրելու նոր գաղափարակիցներով, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ նոր Հայաստանի զարգացման գործում»,- ասված է ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացված է նաեւ անդամագրման էլեկտրոնային դիմումի ձեւը: Նշենք, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (Անդրանիկի 79, 56 շենք, 1-ին հարկ) առաջիկա օրերին բացվելու է կուսակցության գրասենյակը: Գրասենյակի համակարգող **Գեւորգ Աճեմյանը** մեզ հայտնեց, որ վերջին միայն 5-6 օրերի ընթացքում շուրջ 800 մարդ է զանգահարել կուսակցության ֆեյսբուքյան էջում զետեղված իր հեռախոսահամարին եւ անդամագրվելու ցանկություն հայտնել: Անդամագրման հայտերը, սակայն, կընդունվեն գրասենյակի բացումից հետո: Աճեմյանի հավաստմամբ՝ անհատ քաղաքացիների կողմից նույնիսկ նվեր է փոխանցվել գրասենյակին՝ երկու համակարգիչ եւ երկու տպիչ: Կուսակցության Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների պատասխանատու **Աննա Փարվանյանը** նույնպես հայտնեց, որ այս շրջաններում հանրության հետաքրքրությունը մեծ է «ՔՊ»-ի նկատմամբ: Մասնավորապես, վերջին մի քանի օրերին շուրջ 85-90 քաղաքացի է զանգահարել եւ հայտնել իր աջակցությունը կուսակցությանը, առաջարկել իր ծառայությունները, մեծ թիվ են կազմում նաեւ անդամագրվել ցանկացողները: Կուսակցության Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն, Նորք-Մարաշ վարչական շրջանների գծով համակարգող Քրիստինե Պողոսյանը, ով, ի դեպ, մեկ շաբաթ է՝ նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական, հայտնեց, որ անդամագրման հայտերը բազմաթիվ են, եւ առաջիկայում կուսակցության վարչությունը կքննարկի հայտերի բավարարման հարցը:



«Երեկվա դրությամբ, որքան ինձ հայտնի է, միայն էլեկտրոնային անդամագրման մոտ 370 հայտ է ներկայացվել, զանգերի միջոցով շուրջ 500 հայտ ենք ստացել»: «ՔՊ» մարդկային ռեսուրսների կառավարման խմբի ղեկավար **Մեսրոպ Պապիկյանն** էլ մեզ հայտնեց, որ կուսակցությանն անդամագրվել ցանկացողների դիմումներն ընդունելուց հետո նրանք կհրավիրվեն հարցազրույցի՝ ծանոթանալու, այնուհետ վարչության նիստում որոշվելու է նրանց կուսակցական դառնալ-չդառնալու հարցը: «Այս պահի դրությամբ որեւէ ստույգ թիվ ասել չեմ կարող, սակայն հազարավոր մարդիկ ցանկություն են հայտնել դառնալ «ՔՊ» անդամ: Առաջիկայում անպայման հրապարակելու ենք անդամագրված անձանց թիվը»,- ասաց Պապիկյանը: Նկատեցինք, որ ՀՀԿ-ն շուրջ 156 հազար անդամ ունի, իսկ քանի՞ անդամ ունի «ՔՊ»-ն՝ վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ կատարված հաշվառման տվյալներով: Պապիկյանը դժվարացավ ասել։ «Մեզ մոտ ուռճացված թվեր չեն, ինչպես ՀՀԿ-ի դեպքում: Մեր կուսակցության անդամները, մինչեւ վերջին շրջանի ակտիվ անդամագրումները, մեծ թիվ չեն կազմել: Սակայն նրանք եղել են հստակ քաղաքական դիրքորոշում ունեցող անձինք, իմացել են, թե ինչի համար են ընդունվում կուսակցության շարքերը, ու իրենց մասով պատասխանատու են եղել կուսակցության դիրքորոշումների հարցում: Մենք երբեք չենք դիմել պարտադրաբար անդամագրելու մեթոդին, ինչպես ՀՀԿ-ն է անում՝ մարդկանց հիմնարկներով լցնելով կուսակցության շարքերը, մեր կուսակիցներն իրենց կամքով են անդամագրվել եւ անդամագրվում»,- հավաստիացրեց Պապիկյանը՝ հավելելով, որ ունեն չափանիշներ, որոնց բավարարման դեպքում էլ հայտատուները կդառնան «ՔՊ» անդամ: «Նրանք պետք է աջակցեն մեր բոլոր գաղափարներին, որոնց մասին մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները հնչեցնում են իրենց հանրային ելույթների ժամանակ: Մասնավորապես, որ ազատ, արդար, անկաշառ ընտրությունները գլխավոր նախապայմանն են դեմոկրատական երկիր կառուցելու հարցում»,- նկատեց Պապիկյանը:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**