Սովորելու ժամանակը

Սովորելու ժամանակը
Ամեն ինչ միանգամայն հասկանալի է՝ երեկ չէ, առաջին օրը ընդամենը դասախոս, մենեջեր, բանկի կառավարիչ կամ պատգամավոր աշխատած անձինք, հայտնվելով գործադիր իշխանության մեջ, չէին կարող մի քանի օրում տիրապետել իրենց վստահված համակարգերի բոլոր նրբություններին, խորանալ խնդիրների էության մեջ եւ պրոֆեսիոնալ որոշումներ կայացնել։ Ոչ ոք, բնականաբար, նրանցից նման բան չի էլ պահանջում։ Նրանք երիտասարդ են, եւ, ըստ այդմ, միանգամայն հասկանալի է նաեւ այն շտապողականությունը, որ նրանք ցուցաբերում են ե՛ւ հայտարարություններ անելիս, ե՛ւ հանրության հետ շփումներում։



Բայց երբ անտեղյակ մարդը շատ է խոսում ու գործում, խոսում է իր չիմացած բաներից եւ գործում իրեն անծանոթ միջավայրում, սխալվելու հավանականությունն էլ է մեծանում։ Ընդ որում՝ հասարակական այս դրական ու ներողամիտ մթնոլորտում, երբ նրանց սիրում են, հավատում եւ նրանց ասած լիքը հիմարություններին ու արած անմիտ քայլերին պարզապես ուշադրություն չեն դարձնում, իդեալական իրավիճակ է ստեղծվել գործելու, աշխատելու համար։ Ընդամենը մի քանի փոքրիկ նրբություն պետք է նկատի ունենան երիտասարդ կառավարիչները։



Նախ՝ լեզուն գործերից առաջ չգցեն եւ պահպանեն 100 օրվա լռության կանոնը՝ հասկանալով, որ անփորձ են, անտեղյակ, եւ այս պարագայում լռությունը ոսկի է։ Միայն նրանք չեն հասկանում լռելու գինը, ովքեր չգիտեն, որ չգիտեն։ Ի վերջո, չիմանալն ամոթ չէ, չսովորելն է ամոթ, իսկ չիմացած բաներից խոսում են միայն հիմարները։ Երկրորդը․ բոլոր համակարգերում կան լավատեղյակ մարդիկ, որոնցից պետք է սովորել, որոնց գիտելիքները պետք է օգտագործել։ Ճիշտ ու գրագետ մարդկանց գտնելը, նրանցից խորհուրդ հարցնելն էլ խելք ու գիտելիք են պահանջում։ Հուսանք՝ այս երիտասարդները դա ունեն։