Հեղափոխության նշաձողը

Հեղափոխության նշաձողը
Ապրիլյան հեղափոխությունը մի նպատակ էր հռչակել՝ իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին եւ նրա գլխավորած ՀՀԿ-ին: Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց հանրապետականը մնաց եւ խորհրդարանական մեծամասնություն է: Հեղափոխության հիմնական խնդիրն, այսպիսով, մնում է չլուծված: Եւ միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններով կորոշվի՝ ՀՀԿ-ն կորցնու՞մ է մեծամասնությունը, թե՞ պահպանում եւ հասնում ռեւանշի: Այս իմաստով հեղափոխության նշաձողը հաղթահարված չէ, եւ բոլորը պետք է հնարավորն անեն, որպեսզի արտահերթ ընտրություններ տեղի ունենան:



Իրականության մեջ, սակայն, հեղափոխության ուսերին ամեն օր նոր խնդիրներ են բարդվում: Սկսած ղարաբաղյան կարգավորումից եւ վերջացրած ինչ-որ գյուղական համայնքում դպրոցի տնօրենի պաշտոնանկությամբ: Կառավարությունն էլ, կարծես, ենթարկվում է գայթակղությանը եւ համապատասխանաբար արձագանքում: Մինչդեռ կա հասարակության հետ անկեղծության անհրաժեշտություն:



Օրինակ՝ ասել, որ այս անցումային կառավարությունը չի կարող լուծել քաղբանտարկյալների հարցը, չունի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայեցակարգ եւ այլն: Դրա համար նրան չեն մեղադրի, եթե ի սկզբանե ասվի, որ գործունեության նպատակը մեկն է՝ պահպանել երկրի կայունությունը, կատարել օրենսդրական փոփոխություններ, նախապատրաստել եւ անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:



Եթե անցումային կառավարությանը հաջողվի իրականացնել այս ամենը, ապա նա արդեն իսկ մեծագույն ծառայություն մատուցած կլինի երկրին եւ ժողովրդին: Իսկ հետագա անելիքները կհռչակագրի արդեն խորհրդարանական կայուն մեծամասնություն կամ կոալիցիա ունեցող կառավարությունը: Սպասելիքներն, ինչ խոսք, շատ են: Բայց իշխանության խնդիրը ոչ թե նոր հույսերի գեներացումը պիտի լինի, այլ՝ հեղափոխականության չափավորումը: Այլապես ոչ մի նշաձող հնարավոր չի լինի հաղթահարել:



**Վահրամ Աթանեսյան**