ԱՆդարդ հեղափոխություն

ԱՆդարդ հեղափոխություն
Երբ շարժումն սկսվեց Ռոդեննոցում, ես Գյումրիում էի՝ իմ ֆիլմի նկարահանումներով։ Ընկերներս ասում էին՝ թույն ա, դեղին վրան ենք դրել, մնում ենք գիշերները։ Էդ պահին ավելի շատ ուզում էի մասնակիցը լինել էդ ամեն ինչի ու չէի պատկերացնում, որ նման մեծ բան կդառնա։ Շատ անհամբեր էի, Գյումրիից եկա, ու հաջորդ օրվանից սկսեցին քաղաքացիական անհնազանդությունները։ Դզել էր էս վիճակը, փողոցները փակ էին, ու ես փողոցի մեջտեղով գնում էի հրապարակ։ Ընկերներով հավաքվել ու մտածում էինք, թե մենք ինչ կարանք անենք։ Այդ պահից մտա պրոցեսի մեջ։



Սկզբում առանձնապես չէի լսում, թե ինչ էր ասվում հարթակից, հետո, երբ սկսեցի ուշադիր լսել, թե որն ա նպատակը, գտա իմ դերն այդ ամենի մեջ, որովհետեւ այդ նպատակները ոնց որ թե համապատասխանում էին բոլորիս ուզածին։ Մարդիկ իրանք իրանց էին ինքնակազմակերպվում, ոչ ոք չէր ասում՝ դու եւ դու պետք ա էս փողոցը փակեք կամ սա անեք, ու դա շատ թույն էր։ Մեծ հաշվով՝ Նիկոլի ուզածն էլ հենց դա էր, որովհետեւ ինքն իրեն չէր ներկայացնում որպես միակ եւ անկրկնելի լիդեր, մարդիկ պատասխանատվությունն իրանց վրա վերցրին։ Ինձ թվում ա՝ նենց բան ենք արել, որ ոչ մեկն էլ չէր հավատում սկզբից։ Բրյուսովի մոտի փողոցն էինք փակել, մի հնդիկ մոտեցել ու զարմացած հարցնում էր, թե մեր մոտ ամե՞ն օր ա սենց։ Իրան թվացել էր, թե մեր առօրյան սա է՝ դու փողոցը փակում ես, ոստիկանն էլ գալիս ա, ու սկսում եք բռնոցի խաղալ։



Իրականում ոչ մի վախ չունեի, որ կընկնեմ քաղմաս, բայց շատ կոպիտ մեզ բռնեցին, որովհետեւ դրանից առաջ ֆիքսել էին, որ շատ ենք փողոցն անցնում ու փակում։ Չեմ ուզում էդ կոպտությունն ընդհանրացնեմ բոլոր ոստիկանների վրա, բայց մեջները կային մարդիկ, որ մի տեսակ ուզում էին մուռ հանեին։ Զգում ես անբացատրելի, չպատճառաբանված ագրեսիա քո նկատմամբ ու չես հասկանում ինչի։ Քաղմասում արդեն ինձ ու ընկերներիս պահեցին ոչ թե 3, այլ՝ 10 ժամ։ Պետի տեղակալն էր գալիս ու մատ թափ տալիս մեր վրա՝ առանց օրենքին հղում տալու, բայց էն ոստիկանները, որ մեզ հետեւում էին, բարի տպեր էին, ասում էին՝ ույ, էրեխեք ջան, հասկանում ենք ձեզ․․․, բայց իրանք էլ՝ մեզ պես, չէին հասկանում, թե ինչի ենք քաղմասում էդքան լռված։ Հետո երկար հարցաքննեցին, ու իմ բոլոր պատկերացումները քաղմասի մասին փոխվեցին, որովհետեւ առաջին անգամ էի քաղմաս ընկնում ու հեչ չէի ուզում, որ իմ առաջին անգամը տարբերվեր մյուսներից, ու մնայի ոչ թե 3, այլ 10 ժամ։



**Ես գիտեմ, որ ոստիկանը մեզ պետք է պաշտպանի, բայց ինձ երբեք պաշտպանված չեմ զգացել ոստիկանի ներկայությամբ, ճիշտ հակառակը։ Ոստիկանի հանդեպ կոնկրետ ոչ մի ագրեսիա չունեմ, ուղղակի ինձ տխրեցնում ա, որ կա մի մասնագիտություն՝ ում որ պահին ինչ ասեն, տենց պիտի անի, որովհետեւ սեւ դիմակով էդ նույն մարդը, որ պատրաստ էր քեզ 2 րոպե առաջ լուրջ մորթեր, հանկարծ հրամանից հետո կարա գա քեզ գրկի։** Ես չէի ուզում ձեւի համար ոստիկաններից ոչ մեկի հետ գրկվել, որովհետեւ իրենց ձեռքին զենք կար, որը ցանկացած պահի կարող էր մեր դեմ օգտագործվել, ու այնպես չէր, որ ապրիլի 23-ից հետո բոլոր ոստիկանները բարի էին ու ոչինչ չէին անում, երբ փողոց էիր փակում։



Հիշում եմ՝ իմ վուվուզելը նոր էի առել, մեկ էլ տեսնեմ՝ մի տղա ահագին հեռվից կտրեց երթը, հասավ ինձ ու ասեց՝ սխալ ես փչում, ու սկսեց սովորացնել, թե ոնց ճիշտ փչեմ։ Էդ պահը չեմ մոռանա, որովհետեւ էդ օրերին բոլորն էին շատ սիրառատ։ Ես ամենաշատը «հու»-ն էի սիրում, դա մի տեսակ դուխ էր տալիս, էդ ժամանակ ինձ հին հռոմեացի էի զգում։



Ապրիլի 23-ին ես ու Արտակը քայլում էինք, մտանք շամպայն առանք, բայց դեռ չգիտեինք, որ Սերժը հրաժարական է տվել, ուղղակի այդ օրը քաղաքում բոլորը մի տեսակ սկսել էին նախօրոք տոնել։ Ասեցինք՝ պետք ա առնենք, հաստատ էսօր մի թույն լուր ա լինելու։ Արդեն 4-ի կողմերն էր, քայլում էինք դեպի հրապարակ մեր մշտական տեղը՝ խոտերի վրա, ու էդ պահին մի անցորդ ասեց՝ գիտե՞ք, որ հրաժարական է տվել։ Սկզբում չհավատացինք, հետո տեսանք, որ բոլորը տոնում են։ Մենք էլ գժվեցինք, սկսեցինք շամպայնները բացել, գրկում էինք անծանոթ մարդկանց ու ոչ մի կերպ չէինք ուզում ներս մտնել, որովհետեւ դա էն օրն էր, որ ուզում էիր մարդկանց մեջ լինել, անգամ էդ վատ մյուզիքն էր թույն, որ լսում էիր փողոցում, բոլորի մեջ, ու ուրիշ ձեւ չէր էլ կարա լիներ։ Էն զգացողությունը, որ ապրիլի 23-ին ունեի, իսկապես ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Էդ օրը մտածում էի, որ, այ, սա է հեղափոխությունը։ Շատ քաոտիկ, բայց թույն վիճակ էր քաղաքում։ Իմ զգացողությունն էլ տենց էր։ Լիքը խմելուց ու թուլանալուց հետո մի քիչ բարդ էր նորից ինքնակազմակերպվել ու շարունակել պայքարը, չնայած շարունակությունը նույնչափ կարեւոր էր։



**Մազերս խուզեցի հաջորդ առավոտ, երբ տեսա ընկերներիցս մի քանիսը մազները կարճ կտրել են։ Ասեցի՝ ճիշտ ա, ես խոսք չեմ տվել, բայց կարո՞ղ ա կտրեմ։ Կողքից ընկերներս սկսեցին ոգեւորել, թե հեղափոխության ժամանակ մի բան պիտի անես, որ երբեք չես արել։ Ես էլ մտածեցի՝ մազն ի՞նչ ա, որ հանուն հեղափոխության չզոհաբերես, մի քանի ամիս էլ թող գեշ մնաս։**



Ինձ թվում ա՝ սա քո ուսերից մի մեծ դարդ գցելու հեղափոխություն էր, չնայած ինձ դուր ա գալիս «թավշյա հեղափոխություն» անվանումը։ Հիշում եմ՝ Բաղրամյանում, երբ նռնակները գցեցին ժողովրդի վրա, շատ էի վախեցել, դրանից հետո միանգամից գնացի տուն ու քնեցի։ Մտածում էի՝ այսքանից հետո էլ ի՞նչ թավշյա, երբ իրանք քո հետ միայն մի լեզվով են խոսում, ու դու անզոր ես։ Հետո սկսեցի հիանալ, թե մարդիկ ինչպես էին միավորվում այն գաղափարի շուրջ, որ ամեն ինչ պետք է լինի ոչ բռնի։ Այդ ընթացքում հասկացա, որ անձամբ ես պատրաստ չեմ իմ կյանքը տալ, որպեսզի ինչ-որ բան փոխվի։ Նացիոնալիստական մտքեր չունեմ, ինչի՞ նահատակվեմ, եթե կարամ ապրեմ։ Բոլորն են ուզում ապրել, ուրեմն ինչի՞ պիտի բռնի անես մի բան, եթե ապացուցեցիր, որ կարող ես անել ոչ բռնի։ Ու դա շատ թույն ա, որովհետեւ լիքը գիտակցություն փոխեց մարդկանց մեջ։ Հետո մեզ համար ամենամեծ միֆն այն էր, որ Սերժը երբեւիցե կգնա։ Ու քանի որ այդ միֆը կոտրվեց, մարդիկ արդեն գիտեն, որ եթե շատ վիզ դնեն, կհասնեն իրանց ուզածին, իսկ դա շատ հավես ա, որովհետեւ ընդհանուր դրական մթնոլորտ է բերում Հայաստանում, ու էդ գաղջը, որ բոլորն են ասում, վերանում ա։



Ամենաշատը մամաս էր զանգում Գյումրիից, ասում էի՝ մամ, չեմ կարա շուտ-շուտ զանգեմ, փողոց եմ փակում, վազում եմ, միլիցեքն էլ հետեւիցս են վազում, էդ նեղ մաջալին քեզ ո՞նց զանգեմ։ Հետո որ քաղմասից զանգեցի, ասեց՝ վերջը հասա՞ր «մուրազիդ», բայց էս ընթացքում ինքն էլ փոխվեց ու վերջին օրերին զանգեց ասեց՝ ես հպարտ եմ ձեզանով։ Զարմացել էինք։



Էս ամեն ինչից զատ, մարդիկ արդեն գիտեն, որ ով էլ լինի վարչապետ, էլ էսքան տարի կուլ չեն տա ոչ մի բան ու էլ չեն համակերպվելու, որովհետեւ վերջին շաբաթներին ուրիշ բան տեսան, ու դա ինձ շատ ա ուրախացնում։ Հիմա բոլորս գիտենք, որ լիքը բան ա փոխվելու, կարող ա ճգնաժամ էլ լինի, բայց ժողովուրդը պատրաստ ա մի 4-5 տարի էլ սպասի, որ իր երկիրը ոտքի կանգնի, ու դրա համար արժի սպասել։



**Սոնա Սիմոնյան․ «Բոհեմնոցի» համահիմնադիր**



**Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի**



**Հրապարակ մշակութային հավելված**