Բանասիրականն արեց իր քայլը, վերընտրեց 18 տարվա դեկանին

Բանասիրականն արեց իր քայլը, վերընտրեց 18 տարվա դեկանին
Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցան բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտրությունները, որին դարձյալ հավակնում էր 2000-ից ֆակուլտետը ղեկավարող 76-ամյա Արծրուն Ավագյանը։ Ինչպես նախօրեին գրել էինք, մի շարք դասախոսներ իրենց մտահոգությունն էին արտահայտել նրա առաջադրման հետ կապված, մասնավորապես՝ որ Ավագյանին դեկանի պաշտոնում ֆակուլտետից չեն ուզում տեսնել շատերը, նաեւ՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով Ավագյանին հորդորել էր հանել թեկնածությունը, բայց ստացել էր նրա կտրուկ մերժումը։ Սիմոնյանը դեռ մեկ շաբաթ առաջ մեզ հետ զրույցում նշել էր․ «Ես գտնում եմ, որ այդ տարիքում կարելի էր եւ չառաջադրվել», եւ իր դժգոհությունը հայտնել, թե որոշակի տարիքային շեմ սահմանված չէ օրենքով։



Բայց խնդիրը, ըստ ընդդիմախոսների, ոչ միայն Ավագյանի տարիքն է, այլեւ այն, որ, լինելով Սերժ Սարգսյանի հովանավորյալը, տարիներ շարունակ նա իր հայեցողությամբ լուծել է բազմաթիվ հարցեր, արել մի շարք նշանակումներ եւ, ի վերջո, ձեւավորել մի այնպիսի գիտխորհուրդ, որը գերակշիռ մեծամասնությամբ կողմ է քվեարկում իր բոլոր որոշումներին։ Անգամ օրեր առաջ նոր կազմավորված գիտխորհրդի կազմը ոչ մի փոփոխություն չմտցրեց այդ հարաբերակցության մեջ, ինչն էլ ուղղակիորեն անդրադարձավ ընտրության արդյունքի վրա։



Նշենք, որ ֆակուլտետի ամբիոններից 2-ն առաջադրել էին նաեւ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի թեկնածությունը, ով, սակայն, ինքնաբացարկի դիմում էր գրել։



Հանձնաժողովը նախագահող գրականագետ **Սամվել Մուրադյանն** ինքնաբացարկի այդ որոշումը որակեց իբրեւ ողջամիտ քայլ, որը, ըստ նրա, ցույց է տալիս ֆակուլտետի միասնականությունը, քանի որ իրենք համերաշխ են եւ գիտակցում են ֆակուլտետի շահերը։



Ապա ձայնի իրավունք տրվեց միակ թեկնածուին՝ **Արծրուն Ավագյանին**, ով իր ծրագրային ելույթում մի քանի հարցերի մասին խոսեց՝ դասախոսների պատրաստվածության եւ մասնագիտական որակի, ուսումնական պրակտիկայի ոչ արդյունավետության, ժամանակակից մեթոդների եւ տեխնոլոգիաների կարեւորության, մագիստրոսական թեզերի արտագրության դեպքերի եւ այլ հարցերի մասին։ Ավագյանի զեկույցն ընդհատեց միայն առաստաղից գետնին ծեփված ջահի մի կտոր։ Ներկաներից մեկի մտքի թռիչքը կամ էլ հումորի զգացումն անմիջապես գտավ կատարվածի պատասխանը․ «Սա մտածվա՞ծ էր…»։ Ուսանողներից մեկն էլ իր զարմանքը հայտնեց, որ առաջին անգամ է բաց տեսնում պատի գրատախտակն ու պրոյեկտորը միացված վիճակում։



Ավագյանի ելույթի վերջում հնչեցին հարցեր, օրինակ՝ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ **Սեյրան Գրիգորյանը** բարձրաձայնեց աշխատավարձերի եւ ժամաքանակների հարցը, որից հետո նկատեց՝ եթե Ավագյանը խոստանում է լուծել այդ հարցերը, թեւ ու թիկունք կլինեն նրան, եթե ոչ՝ կանեն մեկօրյա նախազգուշական դասադուլ, «կամ էլ ճանապարհ կփակենք»՝ հնչեց տեղից ռեպլիկի կարգով։ Գրիգորյանը նշեց, որ իրեն չեն համոզում փող չունենալու մասին համալսարանի փաստարկները, քանի որ «փողը կա, էլ չենք տալու Փուչիկ Կարենին»։



Դոցենտ **Աշոտ Հայրապետյանն** էլ նեղսրտել էր, որ պիտակներ են տրվել մամուլում իրենց ֆակուլտետի եւ դեկանի հասցեին։ «Վաղը մենք էլ ենք Ավագյանի տարիքին լինելու։ Հիմա ի՞նչ, մեզ հանեն, դուրս շպրտեն, ասեն՝ գնացե՞ք։ Բա համալսարանը տեր չլինի՞ իր վաստակաշատ մանկավարժներին, մի 5 հազար դրամ էլ թոշակին գումարեն, ասեն՝ գնա, 10 հատ հաց ավել կառնես, կապրես։ Խելքը գցած լինի՝ հասկացանք, բայց, տարիքի հետ կապված, չի կարելի մարդուն դուրս թողնել»,- ի պաշտպանություն Ավագյանի՝ հանդես եկավ դոցենտ Հայրապետյանը, ով իր խոսքում նկատեց, որ թավշյա հեղափոխությունն ապրելու ցանկություն է առաջացրել, այն աստիճան, որ աշխատողներն էլ ուզում են երկար աշխատել եւ պաշտոնավարել։



Պրոռեկտոր **Ալեքսանդր Գրիգորյանը**, իր ելույթում անդրադառնալով դասախոսների կողմից բարձրաձայնված հարցերին, նշեց, որ սերնդափոխություն համալսարանում պետք է․ «Եթե դա չլինի, ուրեմն կունենանք բավականին լուրջ խնդիրներ»։ Ապա հարցադրում արեց լսարանին՝ դուք համաձա՞յն եք այդ չափանիշի հետ, որ եթե դեռ խելքը չի գցել, մտնի լսարան։ Ես էլ համաձայն չեմ։ Ի պաստախան մեր հարցին, թե ինչու Արամ Սիմոնյանը չի եկել, ասաց, որ նա զբաղված էր, եւ, ըստ կարգի, ինքն է լիազորված ներկա լինելու։ Ապա նկատեց՝ ֆակուլտետի դեկանին ընտրում է ֆակուլտետը, եւ դա միայն նրանց խնդիրն է։



Ելույթներից, հարցուպատասխաններից հետո դարձյալ խոսք տրամադրվեց Արծրուն Ավագյանին, ով ընտրությունից առաջ ասաց․ «Երբ ես համաձայնեցի ամբիոնների կողմից իմ թեկնածության առաջադրմանը, ինչ-ինչ բաներ կան, որ չեմ կարող ասել, թե ինչու էի հատկապես ստիպված, բայց ուզում եմ հավաստիացնել, որ այն օրը, երբ կզգամ՝ ֆիզիկապես եւ հատկապես մտավոր առումով նախադասություն, միտք, հոդված չեմ կարող, ունակ չեմ ասել, ես այդ նույն օրը հրաժարական կտամ»։



Ի վերջո, ընտրության արդյունքում 32 կողմ, 3 անվավեր եւ 0 դեմ ձայներով դեկանի պաշտոնում վերընտրվեց Արծրուն Ավագյանը։ Պարզ մի թվաբանություն, որ վեր հանեց իրերի ներկա դրությունը․ բանասիրականն իր քայլն արեց, միայն թե՝ առանց մերժելու։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**