Սարսափելի պայմաններում ապրող ընտանիքը օգնության կարիք ունի (տեսանյութ, ֆոտո)

Սարսափելի պայմաններում ապրող ընտանիքը օգնության կարիք ունի (տեսանյութ, ֆոտո)
50-ամյա Հերիքնազ Գրիգորյանի ընտանիքը բնակվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում: Ընտանիքը բնակվում է գետնափոր տնակում, որն անգամ պատուհան չունի: Տնակ կոչվածում բացակայում են ամենատարրական պայմանները: Մի սենյակի մեջ հաց են ուտում, լողանում, լվացվում, քնում: Հերիքնազը մեզ հետ զրույցում պատմում է՝ ամուսինը 20 տարի է, ինչ մահացել է: Ինքը մեծ դժվարությամբ մեծացրել է 2 տղաներին:



Մեծ տղան, ով արդեն 28 տարեկան է, չդիմանալով պայմաններին, հեռացել է հայրենի գյուղից. «Մեծ տղաս հաշմանդամ է: 5 տարեկան էր, տանիքից ընկավ լյարդը վնասվեց: Լյարդը վիրահատեցին, 5 օր հետո կրկին վիրահատեցին, այս անգամ աղիները: Մինչեւ 16 տարեկան հաշմանդամության թոշակ էր ստանում: 16 տարին լրացավ, թոշակը կտրեցին: Մարտունիի հիվանդանոցում բժիշկ Անտոնյան կար, գնացինք մոտը անձնագիրս տվեցի նայեց, տեսավ փող չկար մեջը, թոշակը կտրեց: Մեր մոտ այդ ժամանակ մարդիկ մտնում էին բժշկի մոտ՝ փողը դրած անձնագրի մեջ: Տանս պայմանները տեսնում եք, մի փոքր տան մեջ ենք ապրում, բլբլած, հողի վար ենք քնում: Սաղ ձմեռ ջուր ենք կրել: Գազ չունենք, ինչ անում ենք վառարանի վրա: Շատ ժամանակ վառելիք էլ չենք ունեցել զիբլանոցներից կոշիկ ու շշեր եմ հավաքել վառելու համար: Առնետները վխտում են տան մեջ: Երբ փոքր տղես ամուսնացավ, մեծ տղես էլ տեսավ, որ տան մեջ ապրելու տեղ չկա, գնաց Ռուսաստան: Հիվանդ ա, չի աշխատում, փոր հացի այնտեղ ապրում ա»,-պատմում է տիկին Հերիքնազը:



Ընտանիքը նպաստ չի ստանում: Ընտանիքի գոյության համար Հերիքնազի փոքր տղան՝ Սամսոնը, ով եւս առողջական խնդիրներ ունի, զբաղվում էր անասնապահությամբ. «Փոքր տղաս անասնուն էր պահում, օրը 5000 դրամով: Ես ու թոռնիկս հիվանդացանք, ինձ վիրահատեցին, երեխայի կյանքը էլ մի կերպ փրկեցին: Պարտքերի տակ ընկանք: 2 օր է, ինչ փոքր տղաս գնացել է Ռուսաստան, աշխատի գոնե պարտքերը փակենք: Գյուղապետարանից մեկ-երկու անգամ 30 հազար դրամ օգնություն եմ ստացել: Փարոս չենք ստանում, բայց եղել է, որ 3 ամիս օգնություն ենք ստացել: Մինչեւ վիրահատվելը ես ուրիշի դաշտերում աշխատում էի, գոնե օրվա հացի փող վաստակում, հիմա այդ էլ չեմ կարողանում անել: Այս պահին օգնության կարիք ունեմ, եթե կգտնվեն բարերար մարդիկ, որ օգնեմ սնունդով, հագուստով, ով ինչով կարող է, գոնե այս վիճակից դուրս գանք»,-արցունքն աչքերին խնդրում է 50-ամյա Հերքինազը:



Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098-66-24-83 հեռախոսհամարով՝ Հերիքնազ:



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/33087672_1706084856095447_2183998545122557952_n.jpg?_nc_cat=0&oh=18fff069790de8d39d4f1115440c9dcb&oe=5BC3D979)



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/33224558_1706084736095459_6328272854798303232_n.jpg?_nc_cat=0&oh=dfdcce3836623957fbd559fc87caea3c&oe=5B946C74)



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/33147956_1706084749428791_3875075255735156736_n.jpg?_nc_cat=0&oh=b2756153fac9eaaff48c1094343103ad&oe=5BC13581)



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/33122698_1706084752762124_4661169161278324736_n.jpg?_nc_cat=0&oh=c19034227302758fe54c9a060cf9b547&oe=5B8CFDD3)



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/33216313_1706084846095448_8217568181636562944_n.jpg?_nc_cat=0&oh=e2dde0299f274e328d6698dc1255dae1&oe=5B79B5FD)