Չհստակեցված եվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող կետեր՝ Կինոկենտրոնի կանոնակարգում

Չհստակեցված եվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող կետեր՝ Կինոկենտրոնի կանոնակարգում
Նախօրեին մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը հանդիպել էր ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ, որին ներկա է եղել նաեւ «Ման Փիքչերս Ստուդիոյի» հիմնադիր տնօրեն Մանվել Սարիբեկյանը։ «Նախարարից իմ ստացած տպավորությունը դրական էր, եւ, հավատալով ներկայիս վարչապետին, լիահույս եմ, որ իր այս նշանակումն էլ արված է՝ հիմնականում հաշվի առնելով մարդու ազնվությունը, նրա անկաշառ եւ արդյունավետ աշխատանք իրականացնելու վճռականությունը:



Այստեղ խնդիրն այն է, թե որքանով նրան կհաջողվի կարճ ժամկետում իր շուրջը հավաքել նույն հատկություններով օժտված, ոլորտին ծանոթ մասնագետների, որոնք նախ իրազեկ կդարձնեն նրան առկա խնդիրների մասին եւ հետո կառաջարկեն նաեւ դրանց լուծման հնարավոր մեխանիզմները: Այդ հանդիպմանը ներկա էր մոտ 27 հոգի, եւ համարյա բոլորին տրվեց հնարավորություն՝ խոսելու խնդիրների մասին, իսկ նախարարն այդ օրը հիմնականում լսողի դերում էր, չնայած իր ամփոփիչ խոսքը, առաջարկությունը եւ որոշումը արդեն իսկ հուսադրող էին»,- ասում է Սարիբեկյանն ու հավելում, որ խոսվել է «Կինոյի մասին» օրենքի նախագծի եւ Ազգային կինոկենտրոնի ներկայիս հաստատված կանոնակարգի թերի լինելու մասին:



«Եղան նաեւ առաջարկներ՝ դադարեցնելու պետական աջակցությանը ներկայացված հայտերի քննարկումները: Ներկաներից Արայիկ Մանուկյանը, ես ու գուցե էլի մարդիկ, համամիտ լինելով, որ ինչպես օրենքի նախագիծը, այնպես էլ կանոնակարգը թերի են, առաջարկեցինք, որ ընդհանուր բյուջեի կատարման եւ աշխատանքները չդադարեցնելու համար, որն առանց այդ էլ 2 տարի է, ինչ պարալիզացված է, կարելի է սեղմ ժամկետներում շտկել այդ բացերը, իսկ արդեն կատարված անօրինակ ֆինանսական հատկացումները, որոնց մասին արդեն  հրապարակվել է, կարող են ուսումնասիրվել, եւ անհրաժեշտության դեպքում թող կասեցվեն՝  ետ պահանջելով հատկացված գումարները: Թացը չորի հետ չպետք է խառնել եւ փորձել ջուրը գցել այն հայտատուների աշխատանքները, որոնք արդեն երրորդ տարին է, ինչ սպասում են իրենց նախագծերի վերաբերյալ որոշումներին:



Դրանցից մեկը մեր՝ «Ման Փիքչերս Ստուդիոյի» կողմից ներկայացված նախագիծն է, որն արդեն երրորդ տարին է, ինչ սպասում է պատասխանի: Մեր կողմից արտադրված «Փրկության քարտեզ» ֆիլմի ձեռք բերված նման հաջողությունները կարծես մինչ հիմա շատերի կողմից չմարսվեցին, ու հիմա էլ փորձում են «ոչ ինձ, ոչ քեզ» մոտեցումով առաջնորդվել»,- ասում է նա ու ընդգծում, որ ներկայիս հաստատված կանոնակարգը թերի է: Կան չհստակեցված եւ կոռուպցիոն ռիսկեր պարոնակող կետեր, բայց ասել, թե օրինակ, անհեթեթ է պահանջել հայտատու արտադրող կառույցից ներկայացնել տեղեկանքներ, որ նա չունի հարկային եւ վարկային ֆինանսական չմարված պարտավորություններ, նման պատճառաբանությունը նույնքան անհեթեթ է:



«Ո՞րն է դրա տրամաբանությունը։ Նման սուբյեկտին պետք է գումար տան, որ նա ֆի՞լմ նկարի, թե՞ իր պարտքերը մարի։ Ըստ իս՝ կոռուպցիոն ռիսկերից մեկն առանց մրցույթի պետպատվերի սահմանված կարգն է, որը համարում եմ անընդունելի, քանզի այն չի կարող ունենալ ոչ մի հիմնավորում, ինչպես նաեւ այն, որ արդեն փորձաքննություն անցած հայտերի ֆինանսական աջակցության վերջնական որոշումը կայացվելու է միանձնյա: Նույնը նաեւ հանձնախմբերի ընտրության սահմանված կարգն է, որտեղ Կինոկենտրոնը կարծես իր վրայից գցում է միակ պատասխանատու լինելու դերակատարումը:



Ես գտնում եմ, որ Կինոկենտրոնն այստեղ եւս պետք է լինի անկախ եւ միակ պատասխանատուն իր որոշումների համար, ինչպես դա գործում է Ֆրանսիայում: Միայն նրան պիտի վերապահվի հանձնախմբերի ընտրությունը, որպեսզի ռոտացիոն կարգով, վճարովի հիմունքներով հավաքագրի այնպիսի փորձագետների, որոնք կկրեն պարտավորություն ու իրենց հեղինակությունը չեն դնի վտանգի առաջ, քանզի նրանց որոշումները ենթակա են լինելու հրապարակման»,- ասում է նա:



Հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը կինոոլորտի մասնագետներին առաջարկել է գրավոր ներկայացնել «Կինոյի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները։ Մանվել Սարիբեկյանը պատրաստվում է իր դիտարկումները՝ թե՛ կանոնակարգի եւ թե՛ օրենքի նախագծի վերաբերյալ, առանձին ներկայացնել նախարարությանը․ «Ամեն դեպքում գտնում եմ, որ առաջնայինը կանոնակարգի վերամշակումն է, որպեսզի չխաթարվի պրոցեսը, եւ հետո՝ նոր օրենքի նախագծի վերանայումը:



Երկու դեպքում էլ հուսամ, որ մինչ հաստատումը եւ հրապարակումը այն կդրվի լայն քննարկումների՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մի բան հաստատ է, որ եթե ունենանք լավ կանոնակարգ եւ օրենք, ապա նախ այդ ժամանակ դաշտը կմաքրվի այն մարդկանցից, որոնք մինչ այժմ բացառապես պետական փողերով են նկարել իրենց անարդյունք ֆիլմերը, եւ հետո հիմնական պատասխանատվությունը կընկնի միայն անկախ ֆիլմարտադրողների վրա, որոնք, լինելով շահագրգիռ կողմ, զուր գումարներ չեն վատնի եւ կունենան հնարավորություն՝ մրցունակ ֆիլմեր ստեղծելու համար»:



 



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**