45 միլիոնը քիչ է

45 միլիոնը քիչ է
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը գրել է, որ Անդին ամսագրին հատկացվել է 45 միլիոն դրամ: Այնքան էլ պարզ չէ, խոսքն ինչի մասին է, դա նվիրատվությու՞ն է, բաժանորդագի՞ն, թե՞ այլ կարգի ֆինանսական աջակցություն, բայց նախարարի խոսքից հասկացվում է, որ նա դա համարում է ոչ նպատակային ծախս:



Մինչդեռ խոսքը շատ բարձրակարգ ամսագրի մասին է, որին աջակցությունը պետական ցանկացած կառույցի միայն պատիվ է բերում: Որովհետեւ վերջին մի քանի տարվա գրական կյանքում Անդինը քաղաքակրթական թավշյա հեղափոխություն է կատարել՝ դեպի ստեղծագործական աշխարհ դուռ բացելով տասնյակ երիտասարդ հեղինակների առջեւ, ոգեւորել ավագներին, վերահաստատել տասնամյակներով մոռացված, արդեն կորսվող ավանդույթներ, նպաստել մարդկային կապերի վերականգնմանը, խթանել ստեղծագործական զարթոնք: Այդ ամենն արվել է ստեղծագործական փոքրիկ աշխատակազմի նվիրումով:



Եվ գործի կենտրոնում եղել է գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի անմնացորդ նվիրումը: Դա մեծ եւ հայրենաշեն գործ է, որովհետեւ ազգերը պատերազմում եւ տնտեսության մեջ եթե պարտվում են, ուրեմն կորցրած են լինում իրենց հոգեւոր-քաղաքակրթական ինքնությունը: Անդինը Հայաստանի, հայ իրականության քաղաքակրթական պատերազմի առաջամարտիկն է: Եւ արժանի է սիրո ու աջակցության: Նման ամսագիր ունենալու համար 45 միլիոն դրամը չնչին գումար է, երեւի՝ միայն տպարանային ծախսի մի մաս: Պետք է մտածել, թե որտեղի՞ց գտնել լրացուցիչ գումարներ, որպեսզի Անդինը մնա եւ կատարի քաղաքակրթություն կերտողի իր առաքելությունը: Հակառակ դեպքում ապրիլյան իշխանափոխությունը մեծ մասով կիմաստազրկվի: