Գազպրոմից քաշվածները. բնակիչները դիմել են ՄԻՊ

Գազպրոմից քաշվածները. բնակիչները դիմել են ՄԻՊ
Տեւական ժամանակ է, ինչ Կոտայքի մարզի տարբեր գյուղերի եւ քաղաքների բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ գազի հաշվիչը հանում տանում են, եւ մի քանի օր հետո բնակիչների վրա տուգանքներ է գալիս: Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Մհեր Գեւորգյանը նույնպես խնդրի առաջ է կանգնել․ հաշվիչի համար տուգանքը կազմում է 30 հազար դրամ. «Տուն էի գալիս, մուտքում հանդիպեցի գազի հսկիչին եւ 2 տղաների: Ասացին, որ հաշվիչի ժամկետը լրացել է, եկել են հաշվիչը հանեն: Չանցած կես ժամ դուռը ծեծեցին, ասացին, որ նոր հաշվիչը տեղադրել ենք, ստորագրի դրա համար ու թողեցին-գնացին: Ես էլ ստորագրեցի: Անցնում է մի քանի օր, տեսնեմ տուգանք ա եկել՝ 30 հազար դրամի չափով: Ասում եմ, ինչ համար է այս տուգանքը, աշխատակիցներն էլ պատասախնեցին, որ խախտում են գտել: Հարցը այդ 30 հազար դրամ չի, հարցը այն է, որ փորձում են ապօրինաբար բնակիչներից գումար կորզել: Հաշվիչը արտաքին տեսքից, ոչ մի բան չի եղել, ես ոնց հավատամ, որ մեջից ինչ- որ խախտում կա, հո գրել, ուղարկելո՞վ չի: Նամակ գրեցի «Գազպրոմի» գլխավորին, ստացա պատասխան, որ մերժված է: Մի նամակ էլ գրել եմ մարդու իրավունքների պաշտպանին եւ սպասում եմ պատասխանի: Այսօր զանգել են ասում են, ասում են, եթե չմուծեցիր, գազը կանջատեն: Բայց ինչով համոզված լինեմ, որ իմ հաշվիչում խախտում են գտել, ապօրիանաբար փող են աշխատում, ամոթ էլ»,-ասաց Մհեր Գեւրգյանը եւ հավելեց, որ դիմել է դատարան իր իրավունքները պաշտպանելու համար:



Նույն իրավիճակում է հայտնվել նաեւ Լեռնանիստ գյուղի բնակիչ՝ Սերյոժա Վարդանյանը, ով արդեն 8 ամիս է՝ զրկված է բնական գազից: Սերյոժա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատական ակտերի հարկադիր կատարման բաժնից նամակ է ստացել տուգանքի վերաբերյալ. «Հաշվիչը տանում են փորձաքննության: Եզրակացություն է գալիս, որ հաշվիչի միջից մաս է ջարդվել: 80 հազար դրամի չափով իմ վրա ակտ է գալիս: Ես ակտը չեմ մուծել, քանի որ համոզված չեմ, որ էդ մասը կոտրվել է: Դրանից հետո գազպրոմը դատարան է դիմում: Դատարանը գործը քննում է, ես ոչ մի բանից խաբար չեմ լինում, եւ մի օր էլ հարկադիրից նամակ եմ ստանում, որ տուգանքը վճարեմ: 8 ամիսն է գազը անջատված է: Ես տուգանքը չեմ վճարելու, իմ համար մութն է մնացել, ոնց կարող է հաշվիչը հանելուց արձանագրեցին, որ նորմալ է, կնիքը տեղում է, որեւէ խախտում չկա: Հետո լաբորատորիան խախտում է գտնում եւ տուգանում»:



Թե ինչպե՞ս է լինում, որ բազմաթիվ բնակիչներից նույն բողոքն ենք ստանում գազի հաշվիչների եւ տուգանքի մասին, Կոտայքի ԳԳՄ-ից մեզ ասացին, որ ակտը գալիս է այն բնակիչների վրա, որոնք հաշվիչին ձեռք են տալիս: Կոտայքի ԳԳՄ-ից խնդրեցինք, որ մեզ տրամադրեն տեղեկություն հունվար-մայիս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում գազի քանի՞ հաշվիչ են տարել փորձաքննության, քանիսի՞ն են տրվել դրական եզրակացություն, քանիսինը՝ բացասական. «Մենք չենք կարող Ձեզ նման տեղեկատվության տալ, դա գաղտնիք է: Մեր հիմնարկը ռուսական հիմնարկ է, որն ունի աշխատանքի գաղտնիքներ, ամեն ինչ մենք չենք կարող Ձեզ ներկայացնել: Համապատասխան ձեւով կամ դատարանով դիմեք՝ կտրամադրենք»:



Մենք տեղեկացանք, որ Կոտայքի ԳԳՄ-ի կողմից գազի հաշվիչ սարքերի վերանորոգում և ստուգաչափում իրականացնում են «ՀայԿազմգազ» ՓԲԸ-ն եւ «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ն, որի 100 % փայաբաժնի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի և կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N882-Ն հրամանի համաձայն՝ ՀՀ-ում չափագիտության ազգային մարմին է ճանաչվել «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Այսինքն, գործող կարգի համաձայն նշված ընկերությունները ստանձնում են հաշվիչ սարքերի նախաստուգաչափման և վերանորոգման աշխատանքների կատարումը, իսկ բուն ստուգաչափումը կատարում է բացառապես «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Վերանորոգում և նախաստուգաչափում իրականացնող ընկերություններն իրենց գործունեությունը իրականացնում են Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից տրված լիցենզիայի հիման վրա, իսկ աշխատանքները կատարվում են պատվիրատուի և կատարողների միջև կնքված պայմանագրերի հիման վրա: Պարզից էլ պարզ է, որ պատվիրատուն եւ կատարողները իրար հետ փոխկապակված են:



**Նելլի Կարապետյան**