ՊԵԿ-ում Գագիկ Խաչատրյանի մերձավորները բարձր պաշտոններ են ստանում

ՊԵԿ-ում Գագիկ Խաչատրյանի մերձավորները բարձր պաշտոններ են ստանում
ՊԵԿ-ում Դավիթ Անանյանի գալուց հետո նրա տեղակալները «ճամպրուկային» վիճակում են։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանն արդեն դիմումը գրել դուրս է եկել՝ հրաժեշտ տալով իր գործընկերներին, իսկ մյուս երեք տեղակալներն էլ «իրերը հավաքել»՝ սպասում են վարչապետի հրամանագրերին։ Չնայած՝ ՊԵԿ կայքում դեռևս նրանք շարունակում են պաշտոնավարել, բայց կարծես թե միայն Վախթանգ Միրումյանն է, որ ռեգուլյար աշխատանքի է գալիս։



Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ (Կարեն Բրուտյանի փոխարեն) պատրաստվում են նշանակել փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ, նախկինում երկար տարիներ «խոշորի» պետ Ռաֆիկ Մաշադյանին, իսկ խոշոր հարկ վճարողների վարչության պետ՝ Ռաֆիկ Մաշադյանի նախկին տեղակալ, ազատամարտիկ Էդիկ Գսպոյանին, որին թերևս խոշոր հարկ վճարողների մեծ մասը ճանաչում է որպես իրենց «տանիք»՝ հովանավորյալ:



Նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից է, նրա սանիկը, և նրա «աստղը բացահայտեց» հենց Գագիկ Խաչատրյանը՝ նրան դարձնելով ՊԵԿ խոշոր հարկ վճարողների վարչության պետ։ Այս տարիներին Մաշադյանի անվան հետ են կապվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ և խոշոր բիզնեսներ, օրինակ՝ «Վեգա» խանութների ցանցի հետ կապված կոռուպցիոն գործարքը, նրա անվան հետ են կապվում նաև «Մաշ Ֆարմ» դեղատների ցանցը, «Վենդա ՍՊԸ»-ն, տարբեր ՀԷԿ-եր և Երևան քաղաքում գտնվող տարբեր անշարժ գույքեր, ինչպես նաև նրան է պատկանում Ծաղկաձորում Գագիկ Խաչատրյանի տան կողքը գտնվող շքեղ առանձնատունը:







Ուստի այս օրերին մի շարք խոշոր հարկատուներ տարակուսած են՝ ինչու են որոշել «նոր Հայաստանում», որտեղ որդեգրել են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն, ՊԵԿ-ում բարձր պաշտոնի նշանակել մի մարդու, ով ժամանակին սերտ առնչություն է ունեցել կոռուպցիոն սկանդալների հետ, հովանավորել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին և այլն։ Տեղեկություն կա, որ Մաշադյանը բարեկամական կապ ունի ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանի հետ, մասնավորապես՝ Մաշադյանի կինը Անանյանի բարեկամուհին է։







Մեկ այլ տեղեկությամբ՝ ՊԵԿ նախագահի մյուս տեղակալ Սամվել Ավետիքյանի փոխարեն էլ պատրաստվում են նշանակել մաքսային ոլորտի պաշտոնյաներից Սամվել Իսախանյանին։ Թերևս այսօր վարչապետը կստորագրի ազատվողների ու նշանակվողների հրամանագրերը։