Ինչպե՞ս է պատահում, որ իրար չհանդուրժող գրականագետները չեն հայտնվում նույն հանձնաժողովում

Ինչպե՞ս է պատահում, որ  իրար չհանդուրժող գրականագետները չեն հայտնվում նույն հանձնաժողովում
Մայիսի 4-ին Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանն ու բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Վարդանյանը նամակ էին ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով չեղարկել 2017-ի՝ ՀՀ նախագահի մրցանակաբաշխության արդյունքները, որոնք շնորհվելու են 2018 թ. մայիսի 28-ին՝ միևնույն ժամանակ անվստահություն հայտնելով հայտերն ընդունող հանձնաժողովներին․



«Ներքին շրջանակներում հայտնի է, որ առանձին հանձնաժողովների նախագահներ գործարքների մեջ են մտնում հեղինակների հետ, նախնական պայմանավորվածությամբ հրավիրում մրցույթի և նրանց օգտին որոշում կայացնում. սա մեր իրականության մեջ տեղ գտած արատավոր բարքերի հետևանք է։ Հանձնաժողովները, շատ դեպքերում, համալրված են հանձնաժողովների նախագահների կամակատարներով, որոնք վաղուց հեռացել են ժամանակակից արվեստի ու գիտության զարգացման կենդանի ընթացքներից և դժվար են կողմնորոշվում իրական արժեքների ընտրության հարցում. վաղուց հասունացել է ինչպես հանձնաժողովների նախագահներին, այնպես և անդամներին փոխելու ժամանակը, քանի որ նրանց հովանավորած միջակացված արժեքները փակում են իրական արժեքների ճանապարհը»,-գրված է նախագահին ուղղված նամակում։



Օրերս էլ մի այդպիսի նամակ ուղարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին, որտեղ նամակի հեղինակները ներողություն են խնդրում եթե նախորդ նամակում վիրավորել են հիմնադրամին, որը և կազմակերպում ու անցկացնում է «Նախագահի մրցանակաբաշխությունը», և հանձնաժողով անդամներին։ Միևնույն ժամանակ այս նամակում նույնպես արծարծվում է հայտերն ընդունող հանձնաժողովներին հայտնած անվստահությունը։



Մեզ հետ զրույցում Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը մանրամասնեց, թե ինչու է ներողություն խնդրում, և թե որոնք են անվստահության պատճառները․



-Ամբողջ խնդիրը սա է՝ 17 տարի է, ինչ ես, գոնե գրականության մասով, հետևում եմ մրցանակաբշխություններին։ Դրանցից յուրաքանչյուրին հետևում է դժգոհությունների և կասկածների հրապարակումներ՝ կլինի բաց նամակի տեսքով, կլինի հարցազրույցի, հոդվածի և այլնի տեսքով։ Հիմա մեր խնդիրը, ըստ իս, և ըստ Դավիթ Գասպարյանի, հանձնաժողովների ընտրության մեխանիզմներն են, չնայած ես խիստ կասկածում եմ, որ կան նման մեխանիզմներ։ Սկզբունքը այսպես է․ ցանկալի է՝ լինի գրականագետ՝ ինչ որ վաստակով, գիտական աստիճանով, հեղինակած աշխատություններով, բայց մի՞թե դա բավարար է։ Իմ կածիքով և խորին համոզմամբ՝ ինչպես, ասենք, գրքերն են ընտրում, ենթադրում եմ, որ բծախնդրությամբ, չգիտեմ՝ փակ քվերակությամբ, իրենց խղճի մտոք, այ այդպես, մինչև գրքերը կամ այլ աշխատանքները, պետք է նույնքան բծախնդրությամբ ընտրեն հանձնաժողովի նախագահին և անդամներին, իսկ մենք՝ և՛ շահագրգիռ շրջանակները, և՛ հանրությունը, տեղյակ չենք, թե ինչ սկզբունքով են անդամները ընտրվում։ Դրա համար էլ իրավունք ունենք, չէ՞, մտածելու՝ ինչո՞ւ է հանկարծ այս կամ այն հանձնաժողովի ներսում մի մեծամասնություն ձևավորվում՝ միմյանց համակիրների, խոհակիցների, արդեն դա կասկած է հարուցում



**- Ո՞րն է պատճառը, որ բաց նամակով դիմել եք Արա Վարդանյանին և ներողություն խնդրել։ Չէ՞ որ առաջին նամակում շատ խորը անվստահություն էիք հայտնել նրանց։**



Երկրորդ նամակում էլ ենք խորը կասկածանք արտահայտում, պարզապես 2-րդ նամակը գրեցինք, քանի որ 2 օր առաջ ինձ հրավիրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամ, հանձնաժողովներից 2-ը՝ գրեթե իրենց ամբողջական կազմերով։ Մարդիկ մեր այդ նկատառումներն ու մտահոգությունները ընդունել էին որպես անձնական վիրավորանք։Դա էր խնդիրը, դրա համար հարկ համարեցինք 2-րդ նամակով ասել, որ մենք նպատակ չենք ունեցել որևէ անձին վիրավորելու։ Այդ երևույթը իսկապես մեզ մտահոգում է, և ոչ միայն հիմա՝ 17 տարի շարունակ՝ սկսած 2000 թվականից, ինչ այդ բարձր մրցանակաբաշխությունը կա։ Այս պետական մրցանակաբաշխության արդյունքներին, հազար ներողություն, բայց ես ոչ միշտ է, որ վստահում եմ։ Ես, լինելով գրականագետ, հնարավորինս հետևում եմ գրական դաշտին, զարգացումներին և ինձ խիստ մտահոգում է այդ արդյունքները։



**- Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է կազմվեն հանձնաժողովները։**



Մինչև նոր հայտերը պետք է հանձնաժողովների կազմերը թարմացնել, ոչ թե ինչ-որ մեկի կամայականությունների համաձայն, ասենք, զանգեն արվեստ հանձնաժողովներ, զանգեն այսինչ թատերագետի, երաժշտագետի։ Ասենք՝ թող լինի այսպես․ գրություններ գնան համապատասխան ստեղծագործական միություններին, որ խնդրում ենք՝ ներկայացրեք ահա այսպիսի մեկ թեկանածու, որը համապատասխանում է այ էս չափանիշներին՝ գիտական աստիճան և այլն։ Մի այդպիսի գրություն էլ թող գնա Արվեստի ինստիտուտին, մեկ գրություն գնա գրականության ինստիտուտ, համալսարնաի գրականության ամբիոն, մանկավարժականի գրականության ամբիոն, որպեսզի ամբիոնի վարիչը, դեկանը կամ ռեկտորը իրեն նույնչափ պատասխանատու համարի և այդպիսի թեկանածու առաջարկի։ Իսկ հիմա էնպես է, որ հիմնադրամից ինչ-որ մեկը զանգում է ինչ-որ մեկին և առաջարկում է՝ արի, դարձիր հանձնաժողովի անդամ կամ նախագահ, սրա մեջ է մեր անվստահությունն ու բողոքը։



**-Անվստահություն եք հայտնել հանձնաժողովների նախագահներին ու անդամներին։ Ի՞նչ եք կարծում, բնական չէ՞, որ նրանցից յուրաքանչյուրը դա պետք է որպես անձնական վիրավորանք ընդուներ։**



Վիրավորվել են, մենք էլ ստիպված շարադրել ենք, որ մենք կոնկրետ որևէ անձի, առավել ևս հիմնադրամին նպատակ չենք ունեցել վիրավորելու։ Գրականությունը մեր դաշտն է, հնրավոր է, որ ամենաանհաշտ դաշտերից է, ես կդժվարանամ 3-4 գրականագետ նշել, որ հաշտ են, առավել ևս մտերիմ են։ Ամեն մեկը իր տեսակետն ունի, և հաճախ այդ տեսակետների տարբերությունը բերում է անձնական թշնամության, սկզբունքների բախումների և այլն, ինչպե՞ս է պատահում, որ սկզբունքորեն իրար չհանդուրժող գրականագետները չեն հայտնվում նույն հանձնաժողովում, այ դա կասկածելի չէ՞։ Այլ հայտնվում են իրար հոգեպես հարազատ, մերձավոր մարդիկ։ Այ դա է ինձ միշտ մտահոգում։ Ես կարո՞ղ եմ մտածել, որ նախքան քվեարկությունը նրանց միջև որոշ զրույցներ են լինում, ինչ-որ համաձայնություն է լինում։ Հազար ներողություն, բայց կարո՞ղ եմ, չէ՞, մտածել։ Եվ վերջապես համացանցում հուշող վառեր գրեք, կտեսնեք, որ այս տարիների ընթացքում տասնյակ հրապարակումները կգան ձեր աչքի առջև՝ ամեն մրցանակաբաշխությունից հետո սուր քննադատությունների, բողոքների ու անհամաձայնությունների մասին։ Իհարկե, ոչինչ չես կարող ապացուցել, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ասում է՝ ես կարդում եմ, խղճի մտոք այսինչը հավանել եմ, քվերակել եմ, բայց միևնույն է՝ ախր այդ հայտերին մենք ծանոթ ենք, և մենք էլ ենք հասկանում, թե դրանց արժեքը որտեղ է, կամ որտեղ պետք է փնտրենք ճշմարիտ արժեքը։



**Կորյուն Սիմոնյան**