Զսպվածության հրամայականը

Զսպվածության հրամայականը
Վերջին քսան տարվա պատասխանատուները Լեռնային Ղարաբաղի մասին իրենց հրապարակային ելույթները կառուցել են մի սկզբունքով՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ներկայանալ: Նրանք երեւի տպավորություն ունեին, որ բավական է այդ հարցում հաղթական եւ անզիջում կեցվածք որդեգրել, եւ հասարակությանը հուզող բազմաթիվ այլ խնդիրները կկորցնեն հրատապությունը:



Ըստ էության, դա պետականորեն ուղղորդված քաղաքանություն էր եւ տվել է իր դառը պտուղները: Մարդիկ հիասթափվել են, հուսախաբվել, բախվել անտարբերության եւ ապօրինության ու կամ արտագաղթել, կամ ամփոփվել են իրենց պատյաններում: Եւ ձեւավորվել է ստերեոտիպ, որ հանուն ԼՂ-ի մարդիկ պատրաստ են անվերջ զրկանքներ կրել, միայն թե մի օր տեսնեն բաղձալի հաղթանակը:



Ինչի՞ բերեց այդ իրավիճակը՝ երեւաց ապրիլյան բազմահազարանոց ցույցերի եւ երթերի ժամանակ: Եւ իշխանությունը հարկադրաբար տեղի տվեց, որովհետեւ հակազդեցության ոչ մի լծակ չուներ, բացի, իհարկե, ուժի կոպիտ կիրառումից, բայց այդ դեպքում բանը կհասներ պարզ հաշվեհարդարի: Փառք աստծո, ամեն ինչ եղավ անարյուն:



Ներքին բախումներից խուսափել հաջողվեց: Այսօր հրամայական է, թե որքան ժամանակ ունի Հայաստանը, որպեսզի բարեփոխումների ընթացքը բերի որակական նոր հանգրվանի:



Այս իմաստով շատ բան կախված է արտաքին սպառնալիքները չեզոքացնելու ռազմադիվանագիտական քայլերի մշակումներից եւ գործնական  արդյունավետությունից:



Լեռնային Ղարաբաղի խնդիրը ծանրանում է նոր իշխանությունների վրա, նրանք կարող են հայտնվել քննադատության թիրախում: Միանգամայն տրամաբանական է, երբ հեռացածները նորերի խոսքը տարրալուծում են՝ ինչպես ձվի մեջ մազ փնտրեն: Որքան կարելի է հասկանալ, նորերը հակադարձում են ավելի արմատական հռետորաբանությամբ: Իսկ դա խստացնում է բանակցային գործընթացի շուրջ ֆոնը:



Ռուս վերլուծաբան Տարասովը կարծում է, որ  Սոչիում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ռուսական կողմի հավասարակշռված վերաբերմունքի մասին վարչապետ Փաշինյանի խոսքում կարող էր գոնե թեթեւակի դիվանագիտական ակնարկ լինել այդ ընթացքում Ադրբեջանի կեցվածքի մասով: Ի՞նչ ենթատեքստ ունի այս դիտարկումը՝ թող մնա հեղինակի խղճին, բայց անուրանալի է, որ ԼՂ կարգավորման շուրջ վերջին օրերի հայ-ադրբեջանական դիվանագիտական փոխհրաձգությունը ոչ մի դրական հեռանկարի տեղ չի թողնում:



Արժե, թերեւս, արձանագրել, որ այն, ինչ արվել, արվում եւ արվելու է՝ մի բան է, բոլորովին այլ է, թե միջնորդներին եւ միջազգային հանրությանն ի՞նչ ազդակներ են հղվում: Ընդ որում, դրանք կարող են նաեւ բազմաշերտ լինել:



Խնդիրը հրապարակային հայտարարություններում որոշակի զսպվածություն պահելն է: Ոչ ոք նոր իշխանության անկեղծությանը չի կասկածում: Եւ նախորդների ճանապարհը երկրորդելու կարիք չկա: